Ինքը հիվանդացել է: Բայց թե ինչ խնդիր է, չեն ջոկում: Ընկերուհիների՝ Աննայի ու Ասպրամի հետ, ստիպված գնում է «Նաիրի Հունանյան» բժշկական կենտրոն: Զանգում է, դուռը բացում է ախրաննիկը:
«Կարելի՞ է»,- հարցնում է ինքն ու առանց պատասխանը լսելու, ներս մտնում:
«Մի րոպե, մի րոպե, ո՞ւր»,- զարմացած հարցնում է ախրաննիկը: «Շատ փոքր ես, որ ինձ ասես՝ ուր եմ գնում: Յան տու, գնում եմ էս բուժհիմնարկի շեֆի մոտ»:
«Հա, բայց ինքը ստեղ չի, տիկին»,- պարզաբանում է ախրաննիկը:
«Տիկինը բաբոդ է, ես օրիորդ եմ»,- զայրանում է ինքն ու չանգռում ախրաննիկի երեսը: - Ասացի, էն կողմ, ես պիտի ձեր շեֆի մոտ գնամ»:
«Շա՞ռ ես, ինքը ստեղ չի»:
«Սուտ ես ասում, չեմ հավատում»,- ասում է ինքը:
«Վայ, հորս արև, շեֆը Ամերիկա է գնացել՝ բուժհետազոտության»: Շեֆը ինը ամիսը մեկ պարտադիր գնում է այնտեղ՝ ստուգվելու»:
Այդ պահին Աննան այլևս չի դիմանում, քացով խփում է ախրաննիկին, հետո ձեռքերը ոլորում է, մի կողմ շպրտում, մոտենում, մազերը քաշքշում: «Հոպ, հոպ, ի՞նչ ես ուզում ինձանից, ի՞նչ ես ուզում ինձանից»,- խառնված հարցնում է ախրաննիկը:
Այդ ընթացքում Ասպրամը աթոռը վերցնում, հիվանդանոցի մուտքի առջև է դնում, նստում ու նայում է Արարատ լեռանը:
Մինչ Աննան զբաղվում է ախրաննիկով, ինքը պլստում է վերելակ, բարձրանում վերջին հարկ, դուրս գալիս «Աղբ Նիկոլյան» աղեստամոքսային հիվանդությունների բաժանմունք: Շրխկալով բացում է վարիչի դուռը, մտնում ներս, հեռախոսով լայվը միացնում ու վանկարկում. «Ո´չ թութքացմանը», «Հայաստանն առանց թութքի»: Որից հետո մոտենում է աթոռին նստած կնոջը և մի քանի ռենտգեն-լուսանկար է շպրտում երեսին: «Նայի, ոնց եմ տառապում: Բա դու էսքանից հետո ի՞նչ երեսով ես մարդկանց աչքերին նայելու»:
«Աղջիկ ջան, դու ո՞վ ես»,- զարմացած հարցնում է աթոռին նստած կինը:
«Յախք, տեղն էլ չե՞ս բերում: Եթե հայկական արբանյակներով հետաքրքրվեիր, էդ հարցը չէիր տա: Բա դու ո՞վ ես»:
«Ես ստեղի հավաքարարն եմ, բալա ջան, վարիչի կաբինետի սեղանն եմ սրբում»,- պատասխանում է աթոռին նստած կինը:
«Դե որ հավաքարարն ես, հենց հիմա կրկնի. «Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինի»»,- պահանջում է ինքը:
Հավաքարարը վախվխելով հենց ուզում է բերանը բացել, այդ պահին կաբինետ են ներխուժում մի խումբ ձիավորներ, նրանց հետը կար՝ Իշխան բախտավոր: «Արդյոք ովքեր ե՞ք, հե՜յ»,- գոռում է ինքը: «Մասիսը վկա, հայոց քաջերն ենք»,- պատասխանում է Իշխանը:
Արթնանում է ի կատարումն թիվ 27/10 շրջաբերականի: