...

Սաղ Պուտինն ա մեղավոր

Սաղ Պուտինն ա մեղավոր

Հունվարի 11-ի` Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ հայտարարությունից պարզ դարձավ, որ նոյեմբերի 9-ով նախատեսված գերիների վերադարձի հարցը չի լուծվում: 

Ու այս հարցի շուրջ համացանցում բազմաթիվ օգտատերեր մեղադրում են.. Պուտինին: Ասում են՝ ինքը չի ցանկանում գերիների հարցը լուծել, որ Հայաստանի վրա լրացուցիչ լծակ ունենա, կամ էլ ուժերը չի պատում, որ Ալիևին ստիպի գերիներին վերադարձնել:

Սրանով մի մասը փորձում  է արդարացնել Նիկոլ Փաշինյանին, որ նա չկարողացավ լուծել գերիների հարցը, մի մասը սրանով փորձում է ապացուցել, որ սաղ Ռուսաստանն է արել, պատերազմը չի կանխել, հետո ծնկի է բերել Հայաստանին, ու հիմա էլ գաղութատիրական իր քաղաքականությունն է առաջ տանում այստեղ: Մի մասն էլ ասում է՝ Պուտինն է մեղավոր, դե, որովհետև ինքը վատ մարդ է, չար, Նիկոլին չի սիրում, ուզում է մի վատություն արած լինի:

Այս օգտատերերի մի մասին ճանաչում ենք. մեջները, թվում է, թե լուրջ մարդիկ կան, անունով էլ քաղաքագետ են, կամ միջազգային կառույցների հետ աշխատած, ու այսքանից հետո մեր խնդիրների, պրոբլեմների ակունքը դրսի ուժերին են համարում: Այսինքն, մենք լավն ենք, արդար, բայց արտաքին ուժերը համը հանում են:

Մենք չգիտենք, էլ ոնց բացատրենք, ինչ փաստարկներ բերենք, գուցե բարձր բղավենք, որ օգուտ տա, վերջապես հասկանան, որ մեր խնդիրների համար միայն մենք ենք պատասխանատու, և միայն մենք կարող ենք լուծել մեր պրոբլեմները՝ մեր հնարավորությունների սահմաններում: Եթե մեր փոխարեն ուրիշները պետք է լուծեն մեր հարցերը, կապ չունի՝ Պուտինը դա կլինի, Թրամփը, թե Էրդողանը, ապա նրանք լուծելու են իրենց երկրների շահերից ելնելով, ոչ թե՝ մեր: Ոչ ոք մեր մուննաթներին, արցունքներին, արդարության կոչերին տեղի չի տալու: Ուրեմն, իզուր ենք պետություն պահում, եթե մեր պետության հոգսերը ուրիշների կամքին ենք թողնում: 

Այդպես է, այդպես, եկեք այս պետությունը փակենք, բանալիները տանք Պուտինին, թող ինքը մեզ պահի: Բայց այդ դեպքում մենք ազգ կոչվելու իրավունք չենք ունենա: Որովհետև առանց պետության ազգ չի լինում: Լինում է ժողովուրդ: Կդառնանք ռուսական պետությունում բնակվող հայ ժողովուրդ, ինչպես դարեր շարունակ է եղել: Սա՞ եք ուզում: 

Այնպիսի դավադրապաշտական վերլուծություններ են մեր աչքով ընկնում, թե Պուտինը Էրդողանի հետ ոնց է Հարավային Կովկասը որոշել մասերի բաժանել, Ալիևին մեր տարածքներից հանձնել, փոխարենը նավթի ինչ-որ բաժիններ ստանալ և այլն: Գուցե և անի. եթե մենք նրա վրա ենք թողնում մեր ճակատագիրը, ապագան, ինչ որոշի, դա էլ սուսուփուս ընդունելու ենք: Եթե վերջապես խելքի չգանք ու չհասկանանք, որ պետություն պահելը կոչերով, երազանքներով չի լինում, ինչպես երեկ գրել է Արմեն Սարգսյանը: Ամոթ էլ է, նախագահ մարդ է, անգլերեն գիտի, եսիմ ինչ-որ կրթություն ունի, միջազգային կառույցներում է աշխատել, կանգնել, ասում է՝ երազանքներով հաղթեցինք ադրբեջանցիներին: Շուտ-շուտ ասա, չմոռանաս: 

«Ոտքդ վերմակի չափով մեկնիր». սա պետք է լինի մեր մտածելակերպի, գործունեության առանցքը: Քանի այս պարզ ճշմարտությունը չենք գիտակցել, Պուտինն էլ է մեր փոխարեն հարցեր լուծելու, Էրդողանն էլ, նույնիսկ՝ Ալիևը: Ու այնպես, որ արդյունքում իրենք են շահելու:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1284 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ