...

ՍԴ անդամը փաստացի ընդունում է ընտրությունների կեղծման հանգամանքը

ՍԴ անդամը փաստացի ընդունում է ընտրությունների կեղծման հանգամանքը

Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում անդրադառնալով ՍԴ-ի շուրջ վերջին ամիսներին ընթացող գործընթացներին՝ բողոքել է իրենց հասցեին հնչող քննադատություններից։ Նա, մասնավորապես, ասել է. «Մենք էլ ընտանիք ունենք, շատ ծանր է այս վիճակը։ Հեռուստացույցը միացնում ենք՝ մեզ հայհոյում են, անջատում ենք՝ հայհոյում են, այսպես չի լինի։ Պետք է հարգել պետական ինստիտուտը»։

Ինչո՞ւ են հայհոյում, այսինքն՝ քննադատում Սահմանադրական դատարանի անդամներին։ Մի կողմ թողնենք ՍԴ-ի կազմի պաշտոնավարման ժամկետների երկարաձգման և բարձրագույն դատարանի նախագահի նշանակման քաղաքական աֆյորան, որն առանձին պատմություն է, քանի որ դրանից առաջ էլ էին քննադատում Սահմանադրական դատարանին։ Իսկ քննադատում էին այն բանի համար, որ ՍԴ-ն՝ լինելով ռեժիմի կամակատարը, մշտապես դակել է կեղծված ընտրությունների արդյունքները, այդպիսով գործուն ու էական մասնակցություն ունեցել ավազակախմբի կողմից պետության ու իշխանության զավթմանը։

Նույն հարցազրույցում Ֆելիքս Թոխյանը հայտարարել է, թե այն բոլոր որոշումները, որոնք ստորագրել է վերջին 20 տարում՝ այսօր էլ կստորագրի, այսինքն՝ էլի կդակեր կեղծված ընտրությունների արդյունքները։ 

Նա այդ կեղծված ընտրություններին էլ է անդրադարձել՝ անելով մի քանի յուրօրինակ հայտարարություն։ Ասում է. «Ես Ձեր կողմից վկայակոչված, իբր, կեղծված ընտրությունները դակելու գործով զեկուցող դատավորներից մեկն եմ։ Սահմանադրական դատարանը ոչ ընտրությունները կազմակերպող է, ոչ էլ՝ վերահսկող, ուստիև կեղծելու հնարավորություն օբյեկտիվորեն չունենք։ Թե ինչու են մեր վրա բարդում, քավության նոխազ ուզում դարձել՝ իրենց հարցրեք, հերիք է հերյուրանքներ տարածել»։

Ֆելիքս Թոխյանի խոսքի այս հատվածը մի շատ հետաքրքիր պատկեր է գծագրում։ Թեև «կեղծված ընտրություններ» արտահայտությանը կցում է «իբր» բառը՝ ցույց տալու, թե իրականության մեջ այդպես չէ, սակայն շարունակության մեջ հենց ինքն էլ հերքում է դա՝ պաշտպանվելով ու արդարանալով, թե Սահմանադրական դատարանը ընտրությունները կազմակերպողն ու վերահսկողը չէ և կեղծելու հնարավորություն չունի։ Այսինքն՝ փաստացի չի ժխտում ընտրությունների կեղծված լինելու հանգամանքն ու հնարավորությունը, միայն ասում է, թե դրանք իրենք՝ ՍԴ անդամները չեն կեղծել։ 

Ուշագրավ է նաև խոսքի մեջ «քավության նոխազ» արտահայտության և «բարդել» բառի օգտագործումը, ինչը ևս խոսում է ինչ-որ անօրինականության մեղքի, մեղավորության գոյության մասին։

Ինչ վերաբերում է արդարացմանը, ակնհայտ է, որ այստեղ Ֆելիքս Թոխյանն իրեն անհասկացողի տեղ է դնում ու իրողությունը շեղում այլ հարթություն, քանի որ որևէ մեկը չի էլ ասում, թե Սահմանադրական դատարանի անդամներն իրենց ձեռքով կեղծիքներ են կատարել բուն ընտրական գործընթացում ու քվեարկության ժամանակ։ 
Իրողությունն այն է, որ Սահմանադրական դատարանը 2003 թվականի ընտրություններից սկսած՝ հաշվի չի առել ընտրությունների արդյունքները վիճարկած խմբերի՝ ՍԴ ներկայացրած կեղծիքների ու խախտումների բազմաթիվ ու ակնհայտ փաստերն ու ապացույցները և խուճուճ ձևակերպումներով մերժել դրանք, վերջնարդյունքում էլ՝ դակել ու հաստատել կեղծված ընտրությունների արդյունքները և փաստացի մասնակից դարձել դրանց։

Ահա թե ինչն է Սահմանադրական դատարանի հանդեպ հասարակական ավստահության ու քննադատության, Ֆելիքս Թոխյանի խոսքով ասած՝ հայհոյանքի պատճառը։ 

Համլետ Կիրակոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2789 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ