...

Սեփական փոս փորելու ճանապարհին

Սեփական փոս փորելու ճանապարհին

Հունիսի 25-ին Ազգային Ժողովի՝ գույքահարկի վճարների հետ կապված օրենսդրական փոփոխությունները ոչ միանշանակ ընդունվեցին հանրության կողմից:

Հանրության դժգոհությունները հասկանալի են. կորոնավիրուսի և տնտեսական ճգնաժամի այս պայմաններում, որը դեռ հայտնի չէ, թե երբ կավարտվի, ինչ հետևանքներ կունենա, ինչպես կհարվածի միջին քաղաքացու գրպանին, գույքահարկերի բարձրացումը կարող է հերթական հարվածը հասցնել մարդկանց: 

Իսկ ահա իշխանությունների պարզաբանումները հասկանալի չեն: Նախ, սկսենք նրանից, որ մինչև օրենքի ընդունումը որևէ քննարկում, որը կընդգրկեր հասարակության տարբեր շերտերին, կազմակերպություններին և շահագրգիռ կողմերին, չի եղել: Ուղղակի, օրենք են գրել և անցկացրել: Ու մեզ էլ համոզում են, թե լավ, արդար օրենք է: Հիմնավորումներից մեկն էլ այն է, և սա մենք տեսանք «Իմ քայլի» պատգամավորներից մեկի ֆեյսբուքյան էջում, որ գիտե՞ք ինչ, բա շենքերի վիճակը վատ է, մարզերում ավելի շատ են գույքահարկ վճարում:

Մենք չենք խորանա գույքահարկի չափերի, սանդղակների, մաթեմատիկական հաշվարկների մեջ: Մենք հարցին կմոտենանք զուտ քաղաքական տեսանկյունից: 

Իսկ այդ տեսանկյունից այս օրենքի միակ դրդապատճառը բյուջեն լցնելն է: Սուրբ գործ է: Բոլոր իշխանություններն էլ նույն նպատակն են հետապնդում. բյուջե լցնել: Այլ խնդիր է, թե ինչպես և ինչ մեթոդներով: Գույքահարկի մասին այս օրենքը կացնային տարբերակով է անցկացվել: Այսինքն՝ մոտավոր գրել են, մոտավոր թվեր են սարքել, տարել խորհրդարան: Բայց մտքներով չի անցել, թե սա հանրության աղքատ խավերի համար ինչ բեռ է լինելու, մի քանի տարի հետո ինչ սոդոմ-գոմոր իրավիճակ է ստեղծվելու, որ բազմաթիվ քաղաքացիներ օբյեկտիվ պատճառներով չեն կարողանալու դուրս գալ այս օրենքի տակից ու ստիպված բնակարաններ են վաճառելու, հեռանան: 

Հաջորդը. նման օրենքները մշակվում են համալիր փաթեթով: Այսինքն, գույքահարկի օրենքին զուգահեռ պետք է տնտեսական զարգացման ծրագրեր, տեսլականներ մշակվեն: Եթե գույքահարկը բարձրացվում է, նշանակում է, դրա համար արդեն կան բավարար պայմաններ. մարդկանց բարեկեցություն, նոր աշխատատեղեր, բարձր աշխատավարձեր, տնտեսական ծրագրեր, ներդրումներ, այսինքն՝ ունենում ենք վճարունակ քաղաքացի, որը հնարավորություն կունենա վճարել գույքահարկի վճարները:

Մենք վճարունակ քաղաքացի ունե՞նք: Հիմա՝ ոչ: Տարվա սկզբից մի քանի տասնյակ հազար քաղաքացի աշխատանք է կորցրել: Տնտեսական ակտիվության ցուցանիշները նվազում են: Հանրային սպասարկման բազմաթիվ օբյեկտներ փակ են կամ գործում են իենց հնարավորությունների հազիվ մի 10 տոկոսով: Գույքահարկի մասին օրենքը ընդունելիս այդ գործոնները հաշվի առնվե՞լ են: Ոչ: Ընդունում ենք, ցածր են հարկային դրույքաչափերը, բյուջեն սուղ է, բայց հիմա դրա ժամանա՞կն է ու ա՞յդ ճանապարհով: Բա էլ ինչո՞ւ էինք նախկիններին քննադատում: Իրենք էլ էին ժամանակին բյուջեն հնարավոր բոլոր մեթոդներով լցնում, մի քանի ամսվա հարկ նախօրոք հավաքում, բացահայտ ռեկետով զբաղվում: 

Դրա փոխարեն կարելի էր օրենքի նախագիծը հետ վերցնել, քննարկումների դաշտ ստեղծել, լսել մասնագետների, փորձագետների կարծիքը, հաշվի առնել առկա իրողությունները, մարդկանց հնարավորությունները և՝ ինչը ամենակարևորն է, այս ամենի հետևանքները: Իսկ հետևանքները իշխանությունների համար լավ չեն լինի. մարդիկ ըմբռնումով կմոտենան կորոնավիրուսին և դրա հետևանքով առաջացած խնդիրներին, մի քիչ գոտիները կսեղմեն, որոշ բաներից իրենց կզրկեն, այդ առումով մեր ժողովուրդը համբերատար է: Բայց երբ դու գնաս ու նրան ասես՝ վճարի, թեկուզ անվճարունակ ես, նա դա չի հանդուրժելու: Այս «ընդդիմություն» կոչվածը այդքան ներուժ ու խելք չունի՝ քաղաքական դաշտը ալեկոծելու համար, իսկ ահա հարկային բեռի տակ կքված հանրությունը՝ ունի: Դրա մասին մտածե՞լ եք:

Հ.Գ. Երեկ Aravot.am-ը վիճակագրական մի տվյալ հրապարակեց, որ 2017-ի ապրիլից մինչև 2018-ի ապրիլն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ մինչև հեղափոխությունը պատգամավորների ստացած պարգևավճարների ընդհանուր գումարի չափը կազմել է 33 մլն, իսկ 2019-ի փետրվարից մինչև 2020-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է 580 մլն դրամ: Ձեռ ե՞ք առնում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2477 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ