...

Օրենք, թե ինչպես կարելի է վնասել հեղափոխությանը

Օրենք, թե ինչպես կարելի է վնասել հեղափոխությանը

Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ունի մեկ գերխնդիր. հերթով հերքել հեղափոխության վերաբերյալ քաղաքագիտական բոլոր աքսիոմատիկ ճշմարտությունները:

Օրինակ՝ ի՞նչ պետք է անի հեղափոխության միջոցով իշխանության եկած ուժը: Իհարկե, ընդունի այնպիսի օրենքներ և ստեղծի այնպիսի մթնոլորտ, որն անհնար կդարձնի ռևանշիստների վերադարձը: Արվում է ուղիղ հակառակը: Սահմանադրությունը, Ընտրական օրենսգիրքը և կուսակցությունների մասին օրենքը փոխելու փոխարեն որոշեցին և արագի մեջ անցկացրեցին գույքահարկի մասին օրենքի փոփոխությունը:

Այն, որ գույքահարկը չնչին է, իսկ բնակֆոնդը գտնվում է անմխիթար վիճակում, ոչ ոք չի վիճարկում:
Սակայն առնվազն անհեռատեսություն է սկսել գույքահարկի մասսայական և առանց մի շարք հանգամանքներ հաշվի առնելու այն թանկացնելու գործընթաց:

Հայաստանում վերջին տասնամյակներում առաջնահերթ խաթարվել է սոցիալական արդարությունը: Մարդիկ նաև դրա համար դուրս եկան փողոց և գրեթե 100 տոկոսանոց վստահությամբ կարելի է ասել՝ նրանցից ոչ ոք դժգոհ չէր գույքահարկի տոկոսադրույքից:

Իսկ սոցիալական արդարության վերականգնման առաջին քայլը կարող էր լինել շքեղության հարկի մտցնելը: Բոլոր նրանք, ովքեր 1991 թվականից հետո կառուցել են դղյակներ, պետք է վճարեն շքեղության հարկ՝ տարեկան գույքի արժեքի 1 տոկոսի չափով: Եվ դա պետք է վերաբերեր ոչ միայն անշարժ, այլ նաև շարժական գույքին: Երկու-երեք տարի հետո այդ գումարով էապես պետք է բարելավվեր համայնքների ինֆրաստրուկտուրան և բնակֆոնդը: Դրանից հետո միայն, երբ մարդիկ տեսնեին արված գործը, հասկանային, որ գումարները պարզապես բյուջե լցնելու համար չեն, կարելի էր քայլ առ քայլ բարձրացնել գույքահարկը: Այստեղ նույնպես ճկունություն էր անհրաժեշտ: Մինչև 1990 թվականը պետությունից ստացված գույքը ուրիշ դրույքաչափով պետք է հարկվեր, իսկ այդ թվականից հետո ձեռք բերվածը՝ ուրիշ դրույքաչափով:

Եթե անգամ վաղը ավարտվի կորոնավիրուսի վարակը, և աշխարհը վերադառնա բնականոն կյանքի, տարիներ են անհրաժեշտ, որ տնտեսությունը վերադառնա մինչկորոնավիրուսային ցուցանիշներին: Հաշվի առնելով Հայաստանի տնտեսության կառուցվածքը՝ Հայաստանին բավական ժամանակ է պահանջվելու, որ քաղաքացիները վերադառնան եկամուտների ստացման նույն մակարդակին, ինչ կար մինչև 2020 թվականի մարտ ամիսը:

Իշխանության բախտը միայն մեկ հարցում բերեց: Հակառակ կողմը օգտագործեց քաղքենի՝ բնիկ երևանցի հեշթեգը, և իշխանությունը հմտորեն բանավեճը տեղափոխեց լրիվ ուրիշ դաշտ, որը որևէ կապ չուներ գույքահարկի շեշտակի բարձրացման և սոցիալական լարվածություն ստեղծելու հետ:

Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչները մտահոգ են ռևանշիստների մարդկային սուղ ռեսուրսներով: Եվ ստիպված անում են քայլեր, որ նախկինները կարողանան հեշտորեն հավաքագրել նոր ռեկրուտներ:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2176 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ