...

Գույքահարկի բարձրացումն ԱԺ առաջիկա ընտրություններին կարող է արջի ծառայություն մատուցել

Գույքահարկի բարձրացումն ԱԺ առաջիկա ընտրություններին կարող է արջի ծառայություն մատուցել

Գույքահարկի բարձրացման օրենքի ընդունումը քննադատությունների ալիք բարձրացրեց: Իսկ իրենց բնիկ երևանցի համարող մի շարք հասարակական գործիչներ և քաղաքացիներ նույնիսկ «Facebook» սոցիալական ցանցում ֆլեշմոբ են սկսել՝ ընդդեմ գույքահարկի բարձրացման:

Հունիսի 25-ին Ազգային ժողովն ընդունեց հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է մոտարկված շուկայական արժեքների հիման վրա անշարժ գույքը հարկել: Առաջարկվում է սահմանել գույքահարկով հարկման բազայի նոր սանդղակներ, իսկ որոշ գույքային միավորների համար՝ նաև նոր դրույքաչափեր, վերացնել բնակարանների և բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը՝ բնակարանների մասով մինչև 10 մլն դրամ, բնակելի տների մասով մինչև 7 մլն դրամ գնահատված արժեք ունեցող գույքային միավորների համար սահմանելով 0.05 տոկոս հարկման դրույքաչափ:

Համավարակի պայմաններում հանրային սուր լարվածությունից և տհաճ զարգացումներից խուսափելու համար տնտեսագետ Ատոմ Մարգարյանի կարծիքով՝ հարկավոր էր մինչև օրենքի ընդունումը այն լայն հանրային քննարկման դնել ու հաշվի առնել բոլոր տեսակետները։ Իսկ անորոշ ու ռիսկային կետեր շատ կան:

«Միայն կոճակ սեղմելով բան դուրս չի գա: Դա այնպիսի օրենք է, որի շուրջ պետք է հանրային համաձայնություն լինի: Աշխարհում գույքի գնահատման բազմաթիվ մոդելներ կան: Այս մասին հիմնավորումներում խոսք չի ասվել: Երբ ասում են գույքի «մոտարկված շուկայական արժեք», ես հարց եմ տալիս՝ այդ գինն ի՞նչ մեթոդներով են որոշելու՝ կապիտալիզացիայի մեթոդո՞վ, եկամտային մեթոդո՞վ, ծախսայինո՞վ, ինչպիսի՞ն է լինելու դիսկոնտը, ո՞ր մոդելի հիման վրա է մշակվել նախագիծը: Ոչ մի հիմնավորում չկա: Այնպես որ, բազմաթիվ հարցեր կան, որոնց մինչև օրենքի ստորագրումը, պետք է պատասխաններ տրվեն»,- «ՉԻ»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետը:

Ատոմ Մարգարյանը նկատում է՝ եթե իշխանությունների նպատակը գերթանկարժեք գույքը հարկելն է, ապա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ընդունված օրենքով կարող են այդ խնդիրը հեշտությամբ կարգավորել և համատարած հարկման փոփոխության չգնալ:

«Բնակչության սեփականություն հանդիսացող անշարժ գույքի, այդ թվում՝ հողի և արտադրական նշանակության շինությունների, միասնական գույքային հարկման անցնելու այս համակարգը լավ կլինի կիրառել ոչ թե 2021 թվականից, այլ՝ 2022-ից, որովհետև հիմա ակնհայտ այս սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումը շարունակվելու է: Եվ այս ֆոնին զուտ հոգեբանորեն մարդիկ շատ ծայրահեղացված են ընդունում այս կարգի լուծումները: Ցանկացած օրենք պետք է ֆունկցիոնալ լինի, այսինքն՝ դու պետք է համոզված լինես, որ ներդնելուց հետո խնդիրներ չեն առաջանա, նաև արդյո՞ք տնտեսության համար արդյունավետ կլինի: Ամբողջ խնդիրն այդ հարկերի չափի հիմնավորվածության և սոցիալապես արդարացի լինելու մեջ է»,- մատնանշեց նա:

Ատոմ Մարգարյանի բնորոշմամբ՝ այս օրենքն օրակարգ բերված ու ընդունված այնպիսի նախագիծ է, որը հետագայում կարող է բումերանգի էֆեկտ ունենալ: Ըստ նրա՝ հաջորդ ԱԺ-ի ընտրություններին այս օրենքը կարող է արջի ծառայություն մատուցել հենց իշխող քաղաքական ուժին:

Տնտեսագետը շեշտում է, որ գույքահարկ վճարելն անխուսափելի է, սակայն, հարցն այն է՝ արդյո՞ք բնակչության մեծ մասի սոցիալական կարգավիճակը դա թույլ է տալիս:

«Երբ անցյալ տարի օրենսդրական փոփոխություն արվեց, որով գույքի կադաստրային արժեքը հավասարեցվեց շուկայական մոտարկված արժեքին, այն ժամանակ բացատրություն չտրվեց, թե դա ինչ է նշանակում: Մարդիկ նույնիսկ տեղյակ չեն, որ իրենց գույքն արդեն 6-7 անգամ թանկացել է, նրանց չեն իրազեկել, թե իրականում որքան է թանկացել այդ գույքը ու փաստացի այն այժմ որքան է կազմում։ Բացի դա, կան գույքային բազմաթիվ միավորներ՝ անմշակ հողեր, անավարտ շինարարության օբյեկտներ, չաշխատող ձեռնարկություններ, դրանցից չնչին գույքահարկ են վերցնում, բայց մարդիկ այդտեղ ներդրումներ չեն անում: Ի՞նչ է լինելու դրանց հետ: Կարծում եմ, որ բնակելի շինություններին վերաբերող գույքահարկի հարցը պետք է առանձին քննարկել, իսկ չօգտագործվող գույքի հարցին առանձին ու համարժեք լուծումներ տալ»,- ընդգծեց նա:

Տնտեսագետի դիտարկմամբ՝ մի շարք երկրներում գույքահարկի գծով արտոնություններ են սահմանված, սոցիալապես անապահով, միայնակ, կամ տարեց մարդկանցից գույքահարկ չի գանձվում, մեր երկրում, սակայն այլ ուղղությամբ են գնում, ինչն Ատոմ Մարգարյանի գնահատմամբ, անտրամաբանական է։

«Մերոնք ասում են՝ դե ոչինչ, եթե թոշակառուներ են, չեն վճարի, գույքահարկը չեն բռնագանձի, եթե միակ բնակարանն է, տիրոջը չեն վտարի տնից: Հարկը կկուտակվի որպես պարտք, երբ ժառանգները գան սեփականությունը ժառանգելու կամ գնորդները՝ գնելու, այդ ժամանակ պետությունը կասի՝ այսքանն իմն է, տվեք: Սրանք, ըստ էության, անթույլատրելի ու անտրամաբանական հիմնավորումներ են: Պետք էր խնդիրների լուծումները ներառող օրենքի նախագիծ անցկացնել, և ոչ թե ապագայի համար նոր խնդիրներ ստեղծող նախագիծ»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1215 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ