...

Տնտեսական աճը պետք է ավելի բարձր լինի, եթե պետությունը ձերբազատված է կոռուպցիայից, ստվերից

Տնտեսական աճը պետք է ավելի բարձր լինի, եթե պետությունը ձերբազատված է կոռուպցիայից, ստվերից

Կառավարությունն այս տարի 7 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում, ինչն, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, բավական բարձր ցուցանիշ է ոչ միայն ԵԱՏՄ-ում, այլև եվրոպական տարածքում։

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը «ՉԻ»-ի հետ զրույցում նշեց, որ 7 տոկոս աճը համեստ է: Ըստ նրա՝ տնտեսական աճի թիվը կարող էր երկնիշ լինել:

«Ստվերը դուրս բերելու հաշվին միայն հնարավոր էր առնվազն 3 տոկոսի հավելաճ լիներ կանխատեսվող 5 տոկոսից, 7-8 տոկոսը, դա լրիվ իրատեսական թիվ է: Եթե նորմալ կադրային քաղաքականություն լինի, նորմալ որոշումներ լինի, ավելին կլիներ: Ինչ-որ տեղ այս ամենի մեջ իներցիա կա: Նաև պրոպագանդա: Այսօր հանրությունն այդքան էլ չի հավատում այդ վիճակագրությանը: Նույն մարդիկ են այնտեղ աշխատում, նույն թվեր գրողները: Այնպես որ, ցանկացած թիվ կարելի է նկարել: Դրանք մակրոտնտեսական թվեր են, համադրված թվեր են: Մեր վիճակագրությունը շատ հեռու է կատարյալ լինելուց»,- նկատեց նա՝ հավելելով, որ որոշ աշխուժություն կա արտահանման, շինարարության հատվածներում:

Նա մատնանշեց, որ խնդիրներ կան գյուղատնտեսության, էներգետիկայի, բեռնափոխադրումների ոլորտներում: Տնտեսագետի խոսքով՝ այդ ոլորտների խնդիրներն իրենց հետևանքները թողնում են տնտեսության ցուցանիշների վրա:

«Մակրոտնտեսական աճը դա միջոց է բարեկեցության կենսամակարդակի բարձր ցուցանիշներ ունենալու համար: Այստեղ է, որ այս իշխանությունը պետք է որակապես տարբերվեր հներից: Իշխանության եկան ներառականության լոզունգներով, բայց չգիտես ինչու այսօր ներառականության մասին խուսափում են խոսել: Այս աճը որքանով է ներառական, հավասարաչափ ու արդարացի բաշխված: Լավ կլիներ՝ մեր պաշտոնյանները վարչապետից սկսած «ռիփորթ» անեին այս հարցերի շուրջ: Միջին հայաստանցու կենսամակարդակը բարձրացե՞լ է, թե՞ ոչ»,- ասաց տնտեսագետը:

Նրա կարծիքով՝ 7 տոկոս աճն ամբիցիոզ աճ չի կարող լինել: Տնտեսագետը շեշտեց՝ այն երկրները, որոնք տնտեսական թռիչք և ճեղքում են ունեցել, արձանագրվել են երկնիշ տնտեսական աճ՝ 10-15 տոկոսի սահմաններում:

«Մեր կարգի տնտեսությունները, որոնք փոքր  են, ավելի բարձր պետք է լինի աճը, եթե պետությունները ձերբազատված են կոռուպցիայից, ստվերից: Փորձ կա միջազգային: Մեր իրողությունների պայմաններում շատ համեստ՝ փոքր ցուցանիշ է տնտեսական աճը: Պետք է նայել պոտենցիալ, ներուժային աճն ինչքան է: Եթե Հայաստանի տնտեսության ռեսուրսները թերբեռնված են, իսկ մեր աշխատուժի մեկ երրորդ մասը թերբեռնված է, մեծ մասը ՌԴ-ում մի կերպ պահպանում է իր գոյությունը: Սրանից պետք է ելնել, թե ներուժային աճն ինչքան է:

Ըստ իս՝ պետք է 10-15 տոկոսի սահմաններում լինի: Եթե մարդիկ իրենց կյանքի, աշխատանքի պայմանները տեսնեն Հայաստանում, կվերադառնան: Այդ ամենն առայժմ մենք չենք տեսնում: Տնտեսական աճի տակ մենք որակական փոփոխություններ չենք տեսնում, դրանք միայն քանակական փոփոխություններ են», - ընդգծեց տնտեսագետը:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   5669 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ