...

Նիկոլ, էս ամենը քո համար կինո՞ է

Նիկոլ, էս ամենը քո համար կինո՞ է

Եվ այսպես, Նիկոլն ու երկրիս օրենսդիրը` ԱԺ-ը, «զորավոր» թուղթ են մոգոնել` օրենք գույքահարկի մասին: Հիմա: Անհետաձգելիորեն: Այսօր և այստեղ: Կոպեկ առ կոպեկ… յուրաքանչյուրս պիտի սոցիալապես արդարացիորեն վերահաշվարկված` բարձրացած գույքահարկ մուծի առաջիկայում, ապա տարեցտարի ավելացյալ ու ամենաճոխ ձևով ավելացյալ 2026-27-ին: Նիկոլիս ու ԱԺ-իս - ԻՄ ՔԱՅԼԸ կուռ շարքերի կուռ կարծիքով` այսօր և այստեղ չկա այլ օրենք երկնակամարի ներքո, որ ավելի կարևոր էր քայքայվող տնտեսությամբ երկրիս համար վիրուսի էս դարաշրջանում: ՉԿԱ:

Այս հարկը, ՈՉ, Նիկոլի խոստացած ՃՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԸ չէ, որ պիտի գանձվեր հարուստ և գերհարուստ մարդկանցից, այս հարկը պատմական-հետևողական-սոցիալական-գաղափարաբանական արդարության վերականգնման ու վերահաստատման օրենսդրություն չէ` ասենք` ռեստիտուցիայի մասին` երբ հին ու նոր հարստահանվածները` Սովետից մինչև Ռոբ, Ռոբից մինչ Սերժ, համընդհանուր և արդարագույն փոխհատուցում են ստանում իրենց կամ իրենց նախնինների գույքի և կայքի անարդար բռնազավթման համար և հաղթանակում է արդարությունը: 

Այս օրենսդրական քայլը ոչ ԼՅՈՒՍՏՐԱՑԻԱ է, ոչ էլ ՀՀ ներկայիս կեղծ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՉԵՂԱՐԿՈՒՄ` Հայաստանն ու Արցախը հենքից ու հիմքից ցնցող ու քայքայող երկու խայտառակ գործոնի վերացում:

Նիկոլը, կորոնավիրուսի այս օրերում որոշել է, որ ինքզինքը և բոլորիս պիտի սոցիալապես արդար ձևով, իսկ 2026 թվականից սկսած` այս օրենքի սահմանած ողջ ուժով` գույքահարկի ենթարկի:
Սերժը կասեր` «…որ ի՞նչ անես»:

Բայց Սերժին «չկպչենք» և ահա թե ինչու.

Ինչ խոստացավ Փաշինյանն իշխանությունը վերցնելիս՝ կոպեկ առ կոպեկ վերադարձնելու ենք ժողովրդից թալանածը: Քանի՞ միլիարդի մասին էին խոսում՝ 5, 10, թե՞ 50-100: Դոլարով: Եվրոյով: Ու եթե իր կամոք պարբերաբար, նորից ու նորից չկրկներ էդ կոպեկ-առ-կոպեկ-ը` կստացվեր, որ իր խոստացածի ձեռքը կրակն է ընկել, կամ էլ՝ բան էր` ասել է: Ինչի` քի՞չ են ասել իրենից առաջ, իրեն համընթաց ու հետո էլ: Ասելու են, չէ՞:  
Ու դրա համար էլ Նիկոլն ասում է` իր իշխանությունը ՏՎՈՂԻՆ է փնտրում: Ու եթե ասֆալտին փռելու կամ պատերին զարկելու օբյեկտները շատ չեն, բայց կճարվեն, դե,.. թեկուզ սիմվոլիկ` կինոյի համար, իրական տվող` հարստահանածը հետ տվողները… գծուծ են ոնց որ թե: Չեն տալիս: Ու ոնց տան ախր.

Սաշիկի 50 տոկոսը ոնց որ թե չափազանցված է, կամ էլ վերադարձնելն այս իշխանության ուժերից վեր է, Հովիկ Աբրահամյանը ոնց ամեն ինչ աշխատել է հալալ քրտինքով և ոնց որ թե հենց էդ քրտինքի մեջ են լողում Արարատի, Արտաշատի հարակից հողերի ձկնաբուծարանների ձկները, ու շրջակա որոշ գյուղերի որոշ` իրեն չպատկանող չորացած այգիները: Միհրան Պողոսյանը ոնց որ թե այդ միլիոններով է թռել երկրից, ու քանի որ թռիչքը էդքաաան թանկ հաճույք չէր` միջմայրցամաքային ճամփորդություններ է նախաձեռնելու` ծախսի` պրծնի` գնա:

Գագիկ Խաչատրյանին դեռ մի բան էլ թոշակ է պետք, որ կարողանա նախնական կալանավայրում նորմայից մի քիչ լավ հաց ուտել: Մնաց Սերժ Սարգսյա՞նը: Նա տուն էլ չունի, ո՞ւր մնաց թե վերադարձնելու ենթակա կոպեկներ: Սերժի Վաչո՞ն: Նրան, ընդհակառակը, պետությունը մինչև վերջին կոպեկը վերադարձրեց. նա պաշտոնավարման ընթացքում միլիոնավոր դոլարներ աշխատել էր առանց գործից կտրվելու` հալալագույն արյուն-քրտինքով: 

Քոչարյա՞նը մնաց: Դե կներեք, մենք արդեն զրպարտում ենք մարդուն, հերոսին, քաղաքացուն, որսորդին, ՌԴ համեստ մի օֆիսի համեստ ծառայողին: Քոչարյանը սկի անձնագիր չունի` երկրից դուրս գա, նրան փող որտեղի՞ց: 

Իսկ Փաշինյանն ասել է, հասկանու՞մ եք, էդ մարդու ասածն օրենք է: Բայց փող չկա, ոչ մի ձև չկա, հեղափոխությունից երկու տարի հետո պարզվեց, որ համարյա սրբեր են եղել այդ գրողի տարած նախկինները: Այլապես ինչո՞ւ նրանց թողած՝ Փաշինյանը պիտի գույքահարկ բարձրացնի: 

Իշխանության առաջին տարում, երբ եվրոպացիները փող էին առաջարկում Փաշինյանին, վերջինս դժգոհեց առաջարկած գումարի չափից, թե ՝ Հայաստանը ԵՄ ֆինանսական աջակցության կարիքը չունի, երկրում կան հայտնի կոռուպցիոներներ, որոնց կարելի է մի լավ թափ տալ, ու նրանց գրպանից լիքը գումար կթափվի։ Ուրեմն, կամ թափ է տվել ու էլ գումար չկա, կամ լավ թափ չի տվել, կամ էլ հասկացել է, որ իր ընդդիմադիր ժամանակվա մեղադրանքների նման, էլի մի անպատասխանատու բան է ասել։ Թե որ մեկը` միայն ինքը կիմանա: 

Ո՞ւմ գլխում ծագեց միտքը, որ եթե օլիգարխ Ծառուկյանն ու Սամվել Ալեքսանյանը վերադարձնելու բան չունեն, ուրեմն պիտի վերադարձնի ժողովուրդը, որն սկի չի էլ ունեցել: Ու իշխանության խելոքները որոշում են կորոնավիրուսի էս թեժ շրջանում մտնել ժողովրդի գրպանը, բյուջեն էդպիսի բան է՝ պիտի կերակրես: Որպեսզի պարգևավճարները չպակասեն: Այսինքն, ոչ թե մտնում են, այլ գուժում են, որ պիտի մտնեն: Մինչդեռ պարզ էլ չէ՝ թե համաճարակի վերջում քանի՞սս ողջ կլինենք, որ դեռ մի բան էլ գույքահարկ վճարենք: Սա՞ էինք սպասում հեղափոխական իշխանությունից: Ամբողջ Հայաստանում տոտալ աղքատացման շրջան է, ու սա մի քանի ամսվա բան չէ, մարդիկ ապրում են նվազագույն զամբյուղների մեջ դրած ավելի նվազագույն զամբյուղներով: Ամբողջ աշխարհում է աղքատությունը գլուխ բարձրացնում, ու մյուս երկրների իշխանությունները փորձում են չանել մի բան, որ ժողովրդին գազազեցնեն: Ի՞նչ պիտի ասեք, հարգելի իմքայլականներ՝ որ դուք ավելի լեգիտիմ եք և ժողովուրդը ձեզ բան չի՞ ասի: Ժողովուրդը «թալանվածը վերադարձնել» ասելով հասկանում էր հենց իրենից թալանածը վերադարձնելը, ոչ թե` ԻՐԵՆ թալանելն ու վերադա…բյուջե լցնելը: Իսկ հիմա այն տպավորությունն ունի, թե հեղափոխությունը «կայֆ է բռնում» իր վրա: Ասում է՝ Կենտրոնի տունդ վաճառիր, գնա ծայրամասում ապրիր, համ էլ գույքահարկը կտաս։ Բայց՝ ո՞նց․ գույքիս գինն էլ է ընկնում, մի վիճակ է, երբ բոլորն աղքատ են, առնողն ո՞վ է, շուտով վրան նայող էլ չի լինի։ Իսկ երանելի ժպիտը դեմքին, ԱԱԾ նախկին աշխատակից, «Իմաստուն» Ջանջուղազյանը հրապարակում է իմքայլական հաշվարկը, թե առ այսօր 10 միլիարդ գույքահարկ էինք քերում, 40 միլիարդ կդառնա, ակնկալում ենք: 

Նիկոլ, վիրուսի առիթով վերջապես դու էլ գլխի ընկար ու ասացիր` պատերազմ է: Դեռ երբվանիիիից պատերազմի մեջ ենք, չես հասկանո՞ւմ, ա՛յ Նիկոլ, չեք հասկանո՞ւմ, մտքի թիմային, կամ թիմային մտքի գիգանտներ: Սպասեք շունչ քաշենք: Համարյա ամեն օր հարազատ ենք թաղում, շուտով զոհ չունեցող որևէ ընտանիք չի մնա, ի՞նչ գույքահարկ, Նիկո՛լ: Պատերազմի ժամանակ գույքահարկը ԽՈՒՃԱՊ Է: Այսինքն, ուզում ես ասել՝ էդքան վա՞տ է մեր վիճակը: Դու ո՞ւմ երեսն ես պարզեցնում գույքահարկով՝ քո՞: Բայց ժողովուրդը քեզ իր արյամբ և քրտինքով է պահել, երբ դու ընդդիմություն էիր: Հիմա եկել ես իշխանության ու պարզվում է, որ փող չունես հետ բերելու ու ընկել ես նրանց ջանին, որոնք քեզ տե՞ր են եղել: Այսինքն՝ էս տեղը գիտես, էս տեղն ե՞ս սովորել: Զավեշտալի է վարքդ ու դառը: Հավատա: 

Չի պահելու ժողովուրդը քեզ, որովհետև ինքը քեզ ընտրել է իր կերպարով, այսինքն՝ դու պիտի իրեն պահես: Ինքը քեզ համար հայր ու մայր է եղել, հիմա դու պիտի նույնն անես: Եվ խորունկ ու մտահոգ հայացքով լայվից մեզ նայելը ԴԵՐ Է, ԴԵՐԱԿԱՏԱՐՈւՄ է: Օր օրի արժեզրկվող և նյարդայնացնող: Կյանքը վատ ֆոտո չի ու վատ կինո չի, տո սկի լավ կինո էլ չի: Շփոթել ես: Ժողովուրդը քեզ ընտրել է, որ դու իրեն սիրով պահես, սիրով տեր լինես: Առանց մուննաթի: Իսկ դու մուննաթ ես գալիս, կարևոր էլ չի` ում վրա: Լայվից նայում ու «թըփփցնելու» ժեստ ես անում:

Բարակ ձայնով ծղրտում ես: ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՍ: Կորոնավիրուսով կոծկել ես կոպեկ առ կոպեկ թալանածը վերադարձնելու անզորությունը ու որոշել ես, որ գերհարուստն էլ է քառակուսի մետրի համար նույնքան վճարելու, չքավորն է՞լ: Էդպես չեղավ: Այս գույքահարկը բեռ է ժողովրդի վրա անկախ նրանից, թե նա ինչքան փող է աշխատում, հաջողա՞կ է, թե՞ անհաջողակ, թոշակառո՞ւ է, թե՞ երիտասարդ, տունը ժառանգությո՞ւն է ստացել, թե՞ կառուցել է գողացված փողերով: Դու օլիգարխիային հաստատ պետք չես: Յուրային թե օտար` նրանք քեզ կամ պիտի փորձեն օգտագործել, կամ արանքից հանել: Յուրայիններն, իհարկե, բարձեր կդնեն գլխիդ տակ ու փողեր կփոխանցեն ֆոնդերին, բայց դա պարզունակ ու դառն ու զավեշտական նույն կոռուպցիան է: Թող որ այլակերպված: 

Դու նույնիսկ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքը դեռ չես կիրառել, որպեսզի ես հասկանամ, որ թալանածը վերադարձնելու բոլոր ջանքերը գործադրել ես: Դու աշխատատեղ չես ստեղծում, եղածները փակվում են, բիզնես չես բերել էս երկիր: Քո սոցիալական հենքը պիտի մանր ու միջին ձեռնարկատերը լիներ` դու մետաղաձողն առած` քանդում ես քո հենքը` էդ խավի ուրվագծման առաջին նշույլները վերացնում: Նալբանդ գյուղի արվեստագետ բնակչուհին 600 կգ ծիրան է քաղել իր այգուց ու չգիտի, թե ինչ անի դրա հետ, կգ-ին 30 դրամ չեն տալիս: Հասկանո՞ւմ ես: Ոնց որ թե ինքդ քո հետևի՞ց ես ընկել: Էդպես ես ուզո՞ւմ: Առանց մեզ արա: Այս ամենից սոցիալական բունտի հոտ է գալիս: Որովհետև սա ժողովուրդՆ է, Նիկոլ, սա ժողովուրԴ է, որին այսօր էլ նվաստացնում են վարկերով, լավ կյանքի ոչ մի հույս չուրվագծելով ու պետական որոշ ծառայողներին անխնա պարգևավճարներ բաժանելով, երբ մարդկանց մեծ մասը չգիտի՝ վաղն ուտելու փող կունենա՞, թե՞ ոչ: 

Քեզ համար այս ամենը ինտերակտիվ կինո է, Նիկոլ. համ վարչապետի դերախաղի մեջ ես, համ հանդիսատեսի դերում` ուզում ես միջից տեսնել, թե ինչպես են կորցնում իշխանությունը: 

Սարգիս Գրիգորյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2749 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ