...

Շեյխերի հարցը պարզեցինք. մալադեց Հայկ

Շեյխերի հարցը պարզեցինք. մալադեց Հայկ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և արաբ շեյխի ներկայացուցիչների միջև հանդիպման թեման անսպասելիորեն առաջին պլան դուրս եկավ: Սկսվեց այնտեղից, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ Էմիրաթներից ներդրողներ էին եկել, Մարությանի հետ հանդիպեցին, հիասթափված թողեցին, գնացին:
Հետո Հայկ Մարությանը պարզաբանեց, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ինչ է քննարկվել հանդիպման ժամանակ, ում հետ է հանդիպել:

Դրանից հետո «Կենտրոն» TV-ն տեսանյութ է հրապարակում, որտեղ Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Սուլթան Բին Խալիֆա բին Զաիդ Ալ Նահյանի ներկայացուցիչները ներկայացած անձինք՝ Ջաբեր և Ադել Ալ Մարզուքի եղբայրները պատմում են Հայկ Մարությանի հետ հանդիպման մանրամասների մասին: Ջաբեր Մարզուքիի խոսքն ենք մեջբերում. «Առաջինը՝ ցանկություն հայտնեցինք Երևանի կենտրոնում կառուցել բարձրակարգ հիվանդանոց, որը կլիներ անվճար և բարեգործական, դա կլիներ նվեր մեր երկրի կողմից։ Առաջարկեցինք նաև հյուրանոցային ցանց կառուցել Երևանում, երրորդն էլ մետրոյի կայարանի կառուցումն էր»: Ու նեղացել են, որ Հայկ Մարությանը ասել է՝ կենտրոնում ազատ հողատարածք չունենք:

Փորձեցինք չոր փաստերը համադրելով, ի վերջո հասկանալ, ո՞րն է ճշմարտությունը: Ի՞նչ է տեղի ունեցել: Նախ, փորձեցինք հասկանալ, թե ովքեր են Ջաբեր և Ադել Ալ Մարզուքի եղբայրները: Պարզվեց, մեկը Հայաստանում գործող «Եվրոմոթորս» ընկերության համասեփականատերն է, մյուսը՝ տնօրենը, «Եվրոմոթորսի» մյուս համասեփականատերն էլ Գագիկ Ծառուկյանն է: Այսինքն, այդ եղբայրները Ծառուկյանի բիզնես-գործընկերներն են: Ու «Կենտրոն» TV-ն հենց այդպես էլ Ջաբեր Ալ-Մարզուկիին (ի դեպ, ուղղագրական սխալով) ներկայացրել է՝ «Եվրոմոթորս» ընկերության տնօրեն: Մինչդեռ ավելի կոռեկտ կլիներ ներկայացնել որպես Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Սուլթան Բին Խալիֆա բին Զաիդ Ալ Նահյանի ներկայացուցիչ, «Եվրոմոթորս» ընկերության տնօրեն: 

Բայց սա դեռ ոչինչ: Ամբողջ համացանցը քրքրեցինք, ոչ մի տեղեկություն այն մասին, որ Ջաբեր և Ադել Ալ Մարզուքի եղբայրները շեյխի ներկայացուցիչներն են, կամ որևէ կապ ունեն շեյխի հետ: Դա էլ անցանք: 

Հիմա՝ բուն հանդիպման մասին: Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Սուլթան Բին Խալիֆա բին Զաիդ Ալ Նահյանի թագավորական ընտանիքի կարողությունը ներկայումս գնահատվում է 150 մլրդ դոլար: Ընտանիքի կողմից վերահսկվող Abu Dhabi Investment Authority ներդրումային հիմնադրամի կապիտալիզացիան հասնում է մինչև 900 մլրդ դոլար:

Մեզ մոտ հարց է առաջանում. որքանո՞վ է հավանական և տրամաբանական, որ այսպիսի աստղաբաշխական կապիտալ ունեցող ընտանիքի անդամի ներկայացուցիչը գա Հայկ Մարությանի մոտ, ասի՝ մեզ Կենտրոնում հողատարածք տուր, հիվանդանոց սարքենք: Այդ ընտանիքը Էմիրաթներում անապատների վրա մի ամբողջ հեքիաթային երկիր է կառուցել, իրենց համար քաղաքի կենտրոն հասկացություն չկա: Բան ու գործ չունեին շեյխերը, հիվանդանոցի համար տարածք էին ուզում: Ու ընդհանրապես, բարեգործական հիվանդանոցի համար ինչո՞ւ էին հատկապես Կենտրոնում տարածք ուզում: Իմաստը ո՞րն է: Որ, օրինակ, Շենգավիթում լիներ, վճարովի՞ էր դառնալու: Այսինքն, բարեգործություն անելու համար կարևո՞ր է, թե Երևանի որ համայնքում ես անելու:

Լավ, սրանք բոլորը կարելի է համարել անուղղակի փաստարկներ, թե իրականում Գագիկ Ծառուկյանը իր արաբ գործընկերների հետ քաղաքապետից ընդամենը հողատարածք է ուզել իր բիզնեսների համար, մերժում է ստացել: 
Բայց... այստեղ կարևոր բայց կա. կարևորը փաստն է, ուրեմն՝ չոր փաստ ենք ներկայացնում: Ջաբեր Ալ-Մարզուկին «Կենտրոնին» տված հարցազրույցում, երբ պարզաբանում է, թե ինչու է Հայկ Մարությանի հետ հանդիպման ընթացքում հեռախոսով խոսում, հանկարծ ասում է, թե այդ ժամանակ Հայաստանում էր գտնվում նաև Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Սուլթան Բին Խալիֆա բին Զաիդ Ալ Նահյանը, որը զանգեց, ինքն էլ ստիպված պատասխանեց: Ուրեմն այդ շեյխը երբեք Հայաստան չի եկել: Ոչ մի անգամ: Մարությանի հետ հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա ապրիլի 28-ին, ամբողջ արխիվը տնտղեցինք. մինչև հունվարի 1-ը, նման շեյխ Հայաստանում չի եղել: Մի երկու հատ շեյխուհիներ եղել են, բայց ոչ կոնկրետ Աբու Դաբիի թագաժառանգ շեյխը: 

Այն կասկածները, որ իրականում Հայկ Մարությանի հետ հանդիպած անձինք թագաժառանգ շեյխ չեն ներկայացնում, ու այդ շեյխն էլ երբեք չի եղել Հայաստանում, հաստատեց անձամբ ինքը՝ Գագիկ Ծառուկյանը:
Ծառուկյանին հարցնում են, թե բա տեղեկություններ են տարածվում, որ Աբու Դաբիի շեյխը երբեք չի եղել Երևանում: Օրինակ, ի՞նչ պետք է պատասխաներ Գագիկ Ծառուկյանը, որ նորմալ համարվեր: Կասեր, ո՞նց թե չի եղել, եղել է, ահա ես դիմավորում եմ իրեն, ահա նա Օլիմպավանում է, այստեղ հանդիպում ենք եսիմ ում հետ, այստեղ հաց ենք ուտում, այստեղ ճանապարհում ենք, յութուբն էլ բացեր, մի քանի ռեպորտաժ ցույց տար շեյխի այցի վերաբերյալ, բոլորս կասեինք, հա, դե, ամոթ ա, մարդուն իզուր տեղը անուն էինք կպցնում:

Իսկ ի՞նչ է պատասխանել Ծառուկյանը. օդանավակայանին հարցրեք, կտեսնեք, ապրիլի 26-ին շեյխը իր ինքնաթիռով 18 հոգով եկել է Հայաստան: Վերջ: Հայաստանի համար խոշոր ներդրումներ բերող մարդու մասին տեղեկությունները պետք է իմանանք Հայաստանի օդանավակայանի տեղեկատու բյուրոյից: Ուրիշ ոչ մի տեղից: Ախր գիտենք, էլի, որ եթե այդ շեյխի թեկուզ վարորդը գար, օրը 60 անգամ Ծառուկյանի TV-ով ռեպորտաժ կտային: Իսկ հիմա՝ ճշտեք «սպրավոչնիկից»: 

Մի խոսքով, ժողովուրդ ջան, քնեք, այսօր ներդրումներ չեն լինելու: 

Հ.Գ. Իսկ մենք դեռ կփորձենք պարզել, թե ինչու է ապրիլին կայացած և իրեն չբավարարած հանդիպման մասին Գագիկ Ծառուկյանը նոր խոսում:

Խմբ. կողմից. Արդեն հոդվածը հրապարակվելուց ժամեր անց Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատունը պարզաբանում է տարածել. «Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանը երբևէ չի այցելել Հայաստան»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   8869 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ