...

Շոու մասթ գոու օն

Շոու մասթ գոու օն

Թավշյա սեզոնը սկսվեց

Վերջապես: Երևանի ավագանու ընտրությունների մասին է խոսքը: Հազիվ թեմա բացվեց: Իսկական: Թե չէ էս ի՞նչ էր մինչև հիմա. Արցախն է բլոկադայի մեջ, Նիկոլ Փաշինյանն է որոշել դառնալ Անկախության հռչակագրի գլխավոր խմբագիրը, Պատրոն Դավոյին են շարունակում տանել-բերել, Միհրան Պողոսյանին են շարունակում չտանել ու չբերել, Իշխան Սաղաթելյանն է հայտարարել տուրիստական սեզոնի ավարտի ու հայրենափրկիչ սեզոնի բացման մասին: Մանր-մունր թեմաներով մեզ շեղում էին:

Ուրիշ բան Երևանի ընտրությունները: Ինչ ասես, որ մեջը չկա. կրկես, շոու, թատրոն, դրամա, կոմեդիա, կինո, սքեթչ, ո՞րը ասես: 

Նույն նուռն են

14 կուսակցություն ու դաշինք է մասնակցելու: Հիշում ենք՝ 90-ականներին ձևավորվեց մարդկանց մի խումբ, որը մասնակցում էր նախագահական բոլոր ընտրություններին: Այսինքն՝ մենակ ընտրությունից ընտրություն էին հայտնվում: Մեկը կար, անունը «Նուռ» էինք դրել, որովհետև նուռը նրա քարոզարշավի խորհրդանիշն էր, մի հատ նուռախառն կլիպ էր հանել, ամեն ընտրության մենակ դրանք էր ցույց տալիս: Արամ Դեմկուսիչ կար, էլի մի քանի նման տպեր, պարտաճանաչ թեկնածությունները դնում էին, ընտրություններում ստանում էին իրենց հասանելիք 0,1 տոկոսը, ու տեսադաշտից վերանում, մինչև հաջորդ ընտրությունները: 

Հիմա որ էս 14 ուժերի ցանկը նայում ենք, այստեղ էլ կան արդեն նմանատիպ նռերից: Կան ուժեր, որոնց անունները ընտրությունից ընտրություն ենք իմանում, կան այնպիսիները, որոնց մասին ընդհանրապես լսած չկայինք: Լուրջ-լուրջ ընտրությունների են պատրաստվում: Պաստառներ են տարածում, տեսահոլովակներ: Ամեն մեկը փորձում է ինչ-որ նորարարական բանով աչքի ընկնել: Յանի, ժամանակին համահունչ:

Ազգային Ֆրեդին

Մի երկու օր առաջ մեր պատուհանի տակ հանկարծ լսում ենք We will rock you երգը: Մի հատ մեքենա էր, բարձրախոսով այդ երգն էր տժժացնում: Մտածեցինք՝ երևի Queen-ի օրեր են սկսվել Հայաստանում, կամ էլ մեկը Ֆրեդիի երկրպագու է, այդպես է իր սերը խմբի նկատմամբ արտահայտում:

Դու մի ասա, չէ, լուրջ, իսկականից չգիտեինք այդ պահին, Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստան» դաշինքը այդ ստեղծագործության երաժշտությամբ, հայերեն տեքստով երգ է մոգոնել: 

Դե, հիմա, կասեինք՝ արել, արել են: Բայց այստեղ մի հատ նրբություն կա: Անդրանիկ Թևանյանը և այդ դաշինքում ընդգրկված լիքը մարդիկ առավոտից երեկո խոսում են ազգային արժեքների մասին, իբր պայքարում են ԼԳՏԲ-ների, համասեռամոլության դեմ, ավանդական ընտանիքից են խոսում, դրանց հարցազրույց-հոդվածները նայում ես, միշտ քաղաքական հակառակորդներին մեղադրում են արևմտամոլության, օտար արժեքները ներմուծելու մեջ, Ստամբուլյան կոնվենցիա կա ինչ-որ, դա են դատափետում, բայց բռնում, Ֆրեդի Մերկուրիի երաժշտության տակ երգում են: Այսինքն՝ Ֆրեդի Մերկուրի են քարոզում: Ու էս նույն մարդիկ վաղը ակցիա են անելու, թե բա թույլ չենք տա, որ էսինչ երգիչը Հայաստանում համերգ տա, որովհետև դրա պապը գոմիկ է եղել, բաջանաղն էլ տրանսվեստիտ: 

Այ այսպես, ավանդական արժեքներից խոսողները Ներսիկ Իսպիրյանի կամ Ձախ Հարութի պես ազգային երգիչներին թողած, Ֆրեդի են տարածում: 

Եվրոռաշըն

Շատ ավելի տրամաբանական կլիներ, որ Մերկուրիի երգով հանդես գար Տիգրան Խզմալյանի Եվրոպական կուսակցությունը: Բա դրանց լոզունգը. «Մաքուր Երևան. մենք կատարում ենք Հայաստանի ու Երևանի եվրոռեմոնտ»: Այնպիսի տպավորություն է, որ այս ընտրություններին Խզմալյանենք մասնակցում են մենակ նրա համար, որ ինչ-որ ձևով եվրո բառը ցույց տան: Մենակ թե իրենք չգիտեն, որ «ռեմոնտ» բառը, բացի նրանից, որ հայկական չի, մի հատ էլ ռուսական է: Այսինքն՝ սրանք էլ, ռսապուտինական կայսրության, ռաշիստների, ռսամոլության դեմ պայքարողները, ռուսական մշակույթ են տարածում: Որ գրեին՝ կատարում ենք Երևանի եվրոռիփեյր կամ եվրոռինըվեյշըն, էդ ոչինչ, կուտվեր: 

Էս անդերդոգերից ենք սկսում մեր դիտարկումները: Մարության, Ավինյան, բան, ման, մի քիչ թող չաղանան դրանց թեմաները, հետո կտեսնենք՝ ինչ է լինելու: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   519 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ