...

Թափառախումբը գնում է խորհրդարան

Թափառախումբը գնում է խորհրդարան

ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարել է, որ իր քաղաքական ուղին շարունակելու է «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ։ «Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավոր դառնալով, նա ասել է, թե այս թիմի անդամ չի եղել, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չի եղել։ «Տարիներ շարունակ նախորդ ընդդիմությունը, որը այս պահին էլ դարձել է իշխանություն, վերցնում էր առանձին անհատի և նրան փորձում էր ոչնչացնել, այս վերջին մի քանի օրն էլ նման գրոհ, կարելի է ասել, իմ նկատմամբ է եղել»:

«ՉԻ». Երևի միայն Հայաստանում կարող է լինել, որ մարդը, իրեն չհամարելով կոնկրետ քաղաքական թիմի անդամ, այդ նույն թիմի նախընտրական ցուցակում ընդգրկվի ու մի հատ էլ՝ այդ թիմի ցուցակով պատգամավոր ընտրվի:

Ավելին ասենք. Աննա Գրիգորյանը փաստորեն խոստովանում է, որ միացել է մի թիմի՝ իմանալով, որ այդ թիմը ընդդիմություն եղած ժամանակ տարիներ շարունակ վերցնում էր առանձին անհատի և նրան փորձում էր ոչնչացնել: Ու իմանալով, որ ահա այդպիսի պիղծ անցյալ ունի իշխանությունը, համաձայնվել էր նրանց ցուցակում, այսինքն՝ նրանց թիմում լինել: 

Հայաստանում արդեն մի քառորդ դար է, ձևավորվել է քաղաքական թափառաշրջիկների մշակույթ, երբ մարդը կարող է ամիսը մեկ քաղաքական ճամբար փոխել. մի օր կարող է սոցիալիստ լինել, մյուս օրը՝ ազատական, սրանց համար արժեքներ, գաղափարներ, սկզբունքներ նշանակություն չունեն, կապ չունի՝ ում կմիանան, ում չեն միանա, իշխանությա՞նը, թե՞ ընդիմությանը: Կարևորը՝ մի տեղ խցկվեն: Ինչպես թափառաշրջիկները, որոնք մի օր մի տեղ են քնում, հաջորդ օրը՝ մեկ այլ վայրում: 

Հիմա մենք տեսնում ենք, թե թափառաշրջիկների ինչպիսի շարժ կա այս նախընտրական թոհուբոհի ընթացքում: Եվ այս երևույթը Նիկոլ Փաշինյանի օրոք ոչ միայն արմատախիլ չարվեց, այլև մի բան էլ նոր թափ հավաքեց: Որովհետև հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է քաղաքական դաշտում թափառաշրջիկի պես իրեն պահել: «Նոր Ուղի», հետո այնտեղից դուրս է գալիս, գնում Հայ Ազգային Կոնգրես, հետո ՀԱԿ-ով պատգամավոր է դառնում, հետո՝ թռնում է այնտեղից, ինչպես օրինակ՝ Աննա Գրիգորյանը, հետո նոր կուսակցություն է բացում: Հետո ստեղծում է «Իմ քայլը» խմբակցությունը, տեղ է տալիս իր պես թափառաշրջիկների. մեկը «Լուսավորից» է թռնում իր մոտ, մյուսը՝ «Բարգավաճից», և այդպես շարունակ: Ու որ Աննա Գրիգորյանը հիմա այսպես հանգիստ թռնում է «Իմ քայլից», մի կողմից դա քննադատելի է, մյուս կողմից՝ ինչ տեսել է, դա էլ կրկնում է: Տեսել է, որ թռնելը թույլատրելի է, նույնիսկ՝ ողջունելի, ինքն էլ է թռնում, ումի՞ց է պակաս:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1151 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ