...

Տնտեսական անկումը կհաղթա­հարվի միջնաժամկետում. անհրաժեշտ է մտածել ապագայի տնտեսության մասին

Տնտեսական անկումը կհաղթա­հարվի միջնաժամկետում. անհրաժեշտ է մտածել ապագայի տնտեսության մասին

Ընթացիկ տարվա հինգ ամիսներին ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի հիմնական տնտեսական ցուցանիշներում: Ինչպիսի՞ն են տնտեսության վրա կորոնավիրուսի համավարակի ազդեցության նախնական հետևանքները: Ի՞նչ լրացուցիչ քայ­լեր պետք է ձեռնարկել՝ երկրորդ կիսամյակում սոցիալ-տնտեսական հիմ­նա­խնդիր­ները հնարավորինս մեղմելու համար:

Այս հարցերի շուրջ «ՉԻ»-ն զրու­ցել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանի հետ։

- Պարոն Վարդանյան, ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել ընթացիկ տարվա առաջին կիսամյակի հիմնական տնտեսական ցուցանիշներում։ Նկատվե՞լ է արդ­յոք տնտեսության վրա կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը, արտա­կարգ դրություն սահմանելը։

- 2020 թվականի հունվար-մայիս ամիսներին, ըստ պաշտոնական վիճա­կագրու­թյան, մարտ ամսից ձևավորվել է համավարակի հետևանքները մակրոտնտե­սական հիմնական ցուցանիշների բացասական դինամիկա: Այսպես, օրինակ, եթե տնտե­սական ակտիվության ցուցանիշը 2019-ի հունվարի համեմատ 2020-ին կազմել էր 109.3 %, ապա փետրվարին այն կազմել է 109.2 %, մարտին՝ 95.9 %, ապրիլին՝ 83.7 %, մայիսին՝ 87.2%: Հարկ է նկատել, նախորդ տարվա հետ համեմատությունները, թեպետ, կարևոր են, սակայն ներկայիս իրավիճակը հիմնովին տարբերվում է: Այդ պատճառով էլ, ընթացիկ զարգացումների գնահատման առումով, նպատակահար­մար է այս տարվա ամսական փոփոխությունները դիտարկելը:

Այսպես, 2019 թ. դեկտեմբերի համեմատ 2020-ի հունվարին տնտեսա­կան ակ­տի­վության ցուցանիշը կազմել է 52.4%, հունվարի համեմատ փետրվարին կազմել է 108.9%, մարտին՝ 100.7%, ապրիլին՝ 87.1%, մայիսին՝ 113.3%, իսկ 2020-ի հուն­­վար-մայիսին (2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ)՝ 96.1 %: Այ­սինքն, մարտ ամսին արտակարգ դրության ռեժիմի սահմանումը, մարտ-ապրիլ ամի­սներին տնտեսական գործունեության որոշ տեսակների դադարե­ցումը, բնակա­նա­բար, բա­ցասաբար է ազդել այդ ամիսների տնտեսական ակտի­վութ­յան վրա: Իսկ ապ­րիլից տնտեսական գործունեության տեսակների մեծ մասի վերսկսմամբ, մայիսին նշա­նա­կալի է եղել այդ ցուցանիշի աճը: Դրան նշանակալի նպաստել են շինարա­րության և առևտրաշրջանառության ծավալների բավական բարձր աճի տեմպերն ապրիլի համեմատ. համապատասխանաբար՝ 212.9 % և 133.3 %: Չնայած դրան այդ ոլորտների ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվա­­զել են համապատասխանաբար՝ 23.4 և 10.8 տոկոսով:

Անշուշտ, պետք է նկատի ունենալ, որ նշվածը ներքին գործոններն են, մինչդեռ արտաքին գործոնները նույնպես ազդել են մակրոտնտե­սական ցուցանիշների վրա: Արտաքին գործոններից գլխավորը առաքման գլոբալ շղթաների խաթարումն է և դրանցում սկիզբ առած վերադասավորումները: Թերևս դրանով են պայմանավորված ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալների տատանումները. 2020 թ. հունվարի համեմատ փետրվարին այն կազմել է 116.9 %, մարտին՝ 94.3 %, ապրիլին՝ 83.5 %, մայիսին՝ 113.0 %: Վերջին ցուցանիշի վրա նշանակալի է եղել  արտահանման ծավալի աճի բարձր տեմպը՝ 130.7 %, ինչը դրական է և շարունակվելու դեպքում կնպաստի արտաքին առևտրի հաշվեկշռի բարելավմանը: Այդուհանդերձ, 2019-ի համեմատ 2020 թ. հունվար-մայիսի արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 11.9 %-ով: Ի դեպ, փոխվել է մարդկանց սպառողական վարքագիծը, ինչի ապա­ցույց­ներից մեկը սպառողական գների ինդեքսներն են: Այսպես, օրինակ, «Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ» ապրանքային խմբի ինդեքսը 2020-ի հունվարին եղել է -1.7 %, փետրվարին՝ -4.1 %, մարտին՝ -2.8 %, ապրիլին՝ 0.3 %, մայիսին՝ 1.0 %: Զա­վեշտական է, որ օրգանիզմի համար օգտակար թարմ ձկան գնի ինդեքսը մայիսին կազմել է - 4.6-ից -5.6 % («Ձուկ և ծովամթերք» և «Ձուկ` թարմ կամ պաղեցրած»): Ինչպես ասում են՝ սիգը «ջրի գնով» է վաճառվում, թռչնամիսը՝ նույնպես (- 13.2 %): Դրան հակառակ՝ «Ալկոհոլային խմիչքներ, ծխախոտային արտադրատեսակներ»-ի ինդեքսները հակառեկորդներ են սահմանում. 11.7%: Այստեղ, անտարակույս, պա­հանջարկի ու առաջարկի էական փոփոխություններ են տեղի ունենում: 

Մայիս ամսվա մակրոտնտեսական ցուցանիշների մակերեսային գնահատմամբ՝ կարծես մեր երկիրը դուրս է գալիս ճգնաժամից: Բայց, ակներև է, որ ցնցումներն առջ­ևում են. աշխարհը դեռևս գտնվում է համավարակի ճիրաններում, իսկ Հայաստանը նրա մասնիկն է: 

- Ի՞նչ դեր են ունեցել ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները հա­մա­­վարակի առաջացրած սոցիալ- տնտեսական հիմնախնդիրների հաղթա­հար­ման համար։

- Կառավարությունը ծրագրեր է իրականացնում համավարակի ինչպես տնտե­սական, այնպես էլ սոցիալական հետևանքների մեղմման ուղղությամբ: Ներկա պահի դրությամբ գործադրվել են տնտեսական հետևանքների չեզոքացման 9 և սոցիա­լա­կան հետևանքների չեզոքացման 12 ծրագրեր: 

Տնտեսական ոլորտում թիրախավորումը կատարվել է ինչպես ըստ առանձին ոլորտ­ների, այնպես էլ ըստ կազմակերպությունների չափերի (ՓՄՁ, միկրոձեռնար­կություններ, անհատ ձեռներեցներ): Կարելի է ենթադրել, որ ձեռնարկված որոշ միջո­ցառումներ տվել իրենց արդյունքները, ինչով էլ որոշակիորեն պայմանավորված է եղել մայիս ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշի բարձր նշանակությունը:

Ակնհայտ է, որ տնտեսական անկումը, տարբեր դրսևորումներով դեռևս շարու­նակ­վելու է. անորոշություններն այստեղ շատ են: Տնտեսական անկումը հնարավոր չի լինի հաղթա­հարել կարճաժամկետում, ինչն էլ կուղեկցվի սոցիալական մի շարք խնդիր­ների սրացմամբ: Արդեն իսկ արձանագրվել է ավելի քան 70 հազարով գոր­ծա­զուրկների թվաքանակի աճ:

- Ի՞նչ լրացուցիչ քայլեր պետք է ձեռնարկել՝ երկրորդ կիսամյակում սոցիալ-տնտեսական արդյունքների վրա համավարակի ազդեցության հնարավոր մեղմման համար։

- Առաջին հերթին նպատակահարմար կարող է դիտարկվել բյուջետային ծախ­սերի մեծացումը, ինչը, բնականաբար, կհանգեցնի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին պարտքի ավելացմանը։ Այդ առումով, Արժույթի միջազգային հիմնադրամն արդեն իսկ հատկացրել է շուրջ 280 միլիոն ԱՄՆ դոլար՝ կորոնավիրուսի դեմ պայ­քա­րի համար։

Կպահանջվեն լրացուցիչ այլ աղբյուրներ՝ ստեղծված իրավիճակին համա­պատասխան ծախսեր կա­տարելու համար: 
Որպես սոցիալական որոշ խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ միջոց, կարելի է դիտարկել նաև փողի էմիսիան:

Բացի դրանից, տնտեսության վերականգնման և զարգացման նպատակով՝ քննարկման առարկա կարող է հանդիսանալ շահող պե­տա­կան պարտատոմսերի թողարկումը՝ ՀՀ բնակչության, ինչու չէ, նաև սփյուքում բնակ­վող մեր հայրենակիցների ֆինանսա­կան ռեսուրսները համախմբելու համար: Ներքին ռեսուրսների համախմբումն այլընտրանք չունի, քանի որ ներկայում տե­ղին չէ ապավինել օտարերկրյա ներդրումներին:  

Թեպետ գոյություն ունեցող բիզնեսներին աջակցելը, նրանց հարկային և վար­կային պարտավորությունների կատարմանը նպաստելը, գործազրկության աճը զսպելը կարևոր է, այդուհանդերձ, հարկավոր է նայել ապագային կամ մտածել ապա­գայի տնտեսության, այլ ոչ՝ տնտեսության ապագայի մասին: Զուգահեռաբար կպա­հանջվեն տնտեսության նոր՝ տեխնոլոգիահենք ու արագ աճող հատվածների զար­գաց­մանն ուղղված համալիր ծրագրեր, որոնք հայկական ընկերություններին հնարա­վորություն կընձեռեն ակտիվորեն ներգրավվելու առաքման գլոբալ շղթաներում ընթա­ցող վերադասավորման գործընթացներին: Սակայն, այս պարագայում առաջանում է մի գերխնդիր լուծելու անհրաժեշտություն, այն է՝ կրթական ու մշակութային (արժեհա­մա­­կարգային): 

- Ի՞նչ նկատի ունեք՝ կրթական ու մշակութային գերխնդիր ասելով:

- Խնդիրը նրանում է, որ սոցիալական և տնտեսական զարգացման վրա վճռորոշ ազդեցություն ունեն մշակութային գործոնները: Երկրների զարգացման մակարդակների տարբերությունը, տնտեսությունների արդիականացման դժվարությունները կարող են բացատրվել մշակութային արժեքների առանձնահատկություններով: Տնտե­սութ­յան զարգացման հաջողությունը հիմնականում պայմանավորված է մշակույթում, արժեհամակարգում, ոչ ֆորմալ հաստատություններում անհրաժեշտ փոփոխութ­յուն­ներ կատարելու, այլ խոսքով` առաջընթացի համընդհանուր արժեքներ ստեղծելու երկրի կարողությամբ, արժեքներ, որոնք ձևավորում են այն սոցիալական, հոգեբա­նական և բարոյական միջավայրը, որը կարող է նպաստել, այլ ոչ թե հակազդել երկրի սոցիալական ու տնտեսական զարգացմանն անհրաժեշտ փոփոխություններին, նո­րաստեղծություններին:

Կորոնավիրուսի համավարակի բռնկման պահից միջազգային և ազգային լրա­հոսում հայտնվեցին բազմաթիվ հրապարակումներ՝ դրա տնտեսական հետևւանք­ների, բազմաթիվ երկրներում տնտեսական գործունեության մասնակի կամ ամբող­ջական դադարեցման, գլո­բալ առաքման շղթաների խաթար­ման և, ի վերջո, XX դարի սկզբին տեղի ունեցած մեծ դեպ­րեսիային համարժեք տնտե­սա­կան ճգնաժամի ան­խուսա­փե­լիության վերաբերյալ: Իսկ ինչպիսի՞ն կլինի ազդե­ցութ­յունը կրթության, մշակույթի ոլորտների վրա: Միջազգային լրահոսում քիչ չեն տեղեկություններն ինք­նասպանությունների մասին, ինչը երբեմն բացատրվում է սո­ցիալական մեկուսաց­ման արդյունքում մարդկանց դեպրեսիայում հայտնվելով: Տեղի է ունենում ապա­սո­ցիա­լաց­ման վտանգավոր գործընթաց: Այստեղ պահանջվում են ոչ սովորական լուծում­ներ:

- Մասնավորապես, ինչպե՞ս ենք պատկերացնում կրթությունը համավարակի պայմաններում: Բացառապես հեռավա՞ր:

- Ներկայիս երիտասարդությունը զարգա­ցած է. տիրապետում է համակարգիչներին, որոնման համակարգերին, տարբեր լե­զուների: Առանց որևէ ուսուցչի կամ դասախոսի, երիտասարդները կարող են գտնել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը, գիտելիքները: Բայց, միայն կոդավորված գի­տելիքի փոխան­ցո՞ւմն է կարևոր:

Այս առումով, այսօր էլ հրատապ է հանճարեղ տնտե­սագետ Ալֆրեդ Մարշալի հետևյալ նկատառումը. «Դպրոցի ուսուցիչները պետք է գիտակցեն, որ իրենց հիմնական պարտավորությունը ոչ թե գիտելիք փոխանցելն է, քանի որ մի քանի շիլինգով հնարավոր է գնել գրքերում շարադրված ավելի շատ գի­տելիքներ, քան կարող է պահպանել մարդկային հիշողությունը: Նրանք պետք է դաս­տիարակեն բնավորություն, ունակություն և ակտիվություն…»

Այս միտքը հավասարապես վերաբերում է կրթական բոլոր մակարդակներին: Այլապես, ինչպես կարող են ոչ ակտիվ, ստեղծարար ունակություններից զուրկ երի­տա­­սարդներն իրականացնել շումպետերյան «ստեղծարար կործանումներ», անել ինո­վացիաներ, առանց որոնց տնտեսական զարգացում չի լինում: 

Ըստ էության, համավարակի գլխավոր թիրախներն ազգային արժեհմակարգեր ձևավորող ոլորտներն են՝ կրթություն, մշակույթ…ինչի արդյունքում, ի վերջո, ազգային բազմա­թիվ տնտեսություններ կզրկվեն զարգացման ներուժից: 

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1553 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ