...

Թրամպա-պա, թրամպա-պա

Թրամպա-պա, թրամպա-պա

Այսօր Հայաստանում սուգ է: Կամ տոն: Որովհետև Թրամփն է հաղթել ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում: 

Նայում ենք սոցցանցերում հայոց արձագանքը: Կեսը խորը վշտի մեջ է: Հիմնականում նրանք, ովքեր իրենց, այսպես ասած, արևմտամետ են համարում: «Թրամփի հաղթանակը Ամերիկայի վերջն է», «Ամերիկացիները շատ արագ կփոշմանեն իրենց ընտրության համար», «Ամերիկան ընտրեց դեգրադացիայի ուղին» և այլն: 

Էն մի մասն էլ ուրախությունից պար է գալիս: «Հեսա տեսեք՝ Թրամփն ինչ է անելու»: Չեն ասում՝ ինչ է անելու, բայց վստահ են, որ ինչ-որ բան անելու է: Դե հա, ի պաշտոնե պարտավոր է ինչ-որ բաներ անել, ինչպես դա արել են նախկին բոլոր նախագահները:

«Լիբերալիզմի վերջն եկավ»: Էս մեկը բարդ է, պիտի նախ հասկանալ, թե ով է այդ լիբերալիզմը, որի վերջը գալու է:

«Տրանսգենդերների սև օրերը սկսվեցին»: Էս մեր մոտ, Հայաստանում են ուրախանում, որ Ամերիկայում տրանսգենդերների համար սև օրեր են սկսվելու: Թե տրանսգենդերների պրոբլեմներն ինչպես են անդրադառնալու հայ «թրամփիստների» կյանքի վրա, իրենք կիմանան: 

Հարգելիներս, պետք է հիասթափեցնենք ձեզ. Թրամփը ընտրություններում հաղթել է ամերիկացիների, այլ ոչ թե մեզ համար: Մենք նրա ցավ ու դարդերի մեջ չենք տեղավորվում: Նրանք, ովքեր ուրախացել են, շուտով կտխրեն, նրանք ովքեր տխրել են, էլի կշարունակեն տխրել: Քանի դեռ մենք մերը թողած, ուրիշների ընտրություններով ենք ապագա կերտում:

Հանգիստ նստեք տեղներդ, հանգիստ նստեք տեղներդ:

Հ.Գ. Բոլոր դեպքերում, եկեք մի բաժակ հայկական բրենդիով նշենք Թրամփի հաղթանակը: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   414 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ