...

Վանո Սիրադեղյանի էպիկրիզն ուժի մեջ է

Վանո Սիրադեղյանի էպիկրիզն ուժի մեջ է

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Իշխանության տարբեր ներկայացուցիչների մակարդակով նորից փորձ է արվում շրջանառության մեջ դնել մինչև 1998-ը՝ Հայաստանի ժողովրդավարության կղզյակ լինելու ու պատերազմում «հաղթական հիմնադիր նախագահի», ու 98-ից հետո Հայաստանում իբր հաստատված «գողապետության մասին թեզը։ Ու հետաքրքին այն է, որ սա արդեն թութակի պես սկսել են կրկնել համեմատաբար երիտասարդ «գործիչները»։

Գաղափարական առումով մինչև այսօր էլ, իմ համոզմամբ, հայության մեջ կա 2 գաղափարախոսություն՝ 
1. բոլշևիկահհշ-ական ապազգային, 20-րդ դարում՝ «համաշխարհային հեղափոխությանը» հայության մաս կազմելու, 90-ականներից մինչ այժմ՝ հայությունը նոր, արևմտյան կոսմոպոլիտիզմի անբաժանելի մասը դարձնելու ուղղությունը և

2. ազգային (եթե կուզեք՝ Դաշնակցական)՝ Հայ ժողովուրդը պետք է տեր լինի իր ազգային, պատմական իրավունքներին, կառուցի սոցիալական արդարության վրա հիմնված ժողովրդավար ու հզոր երկիր։ Առաջին ուղղության կրողն այսօր Նիկոլն է, որը լտպ-ի խորհուրդներին ականջալուր, փորձում է վերականգնել նրա օրոք տիրող կարգերն ու բարքերը։ Վստահ եմ, որ ինչպես լտպ-ն տապալվեց, նույնը լինելու է այսօր իր գործը շարունակողի, նույն մտայնությունը կրող իր «քայլարած» ժառանգների հետ։

Տա Աստված և մեր ժողովրդին այնքան իմաստություն, որ դա անի հնարավորինս արագ և, ինչպես «թալանի, գողապետության ու բռնատիրության» փորձի «հիմնադիրի» դեպքում, այս անգամ էլ չլինի անդառնալի կորուստների գնով»:

Սույն դաշնակին առանձնապես պատասխանելու կարիք չկա, պատմությունը մեր փոխարեն դա արել է վաղուց և հիմնավորապես: Թալեաթի համար չստիկ բերելուց մինչև Քոչարյանի համար ջերմուկ լցնելուց... այս ամենը թաքցնել հնարավոր չէ, թեկուզ 10 հատ Էդիկ Մինասյան Դաշնակցության մասին տարեկան 10 հեքիաթ գրի:

Ավելի լավ է, եկեք խոսքը տանք Վանո Սիրադեղյանին: Իր հայտնի «Հայկական Թալիբան» հոդվածում ՀՅԴ-ի էպիկրիզը այնպես է տվել, որ ավելացնելու բան չկա: 

ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱԼԻԲԱՆ

«...Հայաստանի անկախության հռչակումից Դաշնակցությունը, վտանգված տեսնելով Սփյուռքի վրա իր ազդեցությունը, կենաց-մահու պատերազմ մղեց Ադրբեջանի հետ պատերազմող հայկական նոր ոտքի կանգնող պետության դեմ: Եվ մինչ շրջափակման պայմաններում պատերազմող երկիրը ժամանակ կար՝ երկու օրվա հացի պաշարով, չորս օրվա բանակի վառելիքի պաշարով պատերազմ էր մղում Ղարաբաղի ճակատում, Դաշնակցությունը Սփյուռքում տեռորի էր ենթարկել հայությանը՝ «Հայաստան» հիմնադրամի գործունեությունը վիժեցնելու վճռականությամբ, իսկ Հայաստանում ութ թերթ էր հրատարակում Հայաստանի պետության ու բանակի դեմ՝ հայությունից կորզած փողերով: Ես ասում եմ՝ պետության ու բանակի դեմ, ոչ թե իշխանության, որովհետև (ի գիտություն հայերի) պատերազմի ժամանակ չի լինում իշխանություն և ընդդիմություն, այլ լինում է ճակատ և թիկունք: Առավել ևս՝ չի լինում զինված ընդդիմություն: Այսինքն, Աֆրիկայում մի տեղ լինում է: Այնտեղ, որտեղ ընդդիմությունն ու թշնամին միևնույն ցեղից են:

... Քանի դեռ հայի ցաքուցրիվ միտքը չի ըմբռնում, որ պատերազմող երկրում (սեփական երկրում) կուսակցական զինյալ խմբերի առկայությունը ավելի վտանգավոր է, քան երկրորդ ճակատը, այս երկրից ոչինչ չի ստացվելու: Քանի դեռ գոնե Հայաստանում չեն հասկացել, որ Տեր-Պետրոսյանը ժամանակին ոչ թե կուսակցություն է փակել, այլ կասեցրել է ՀԱԲ-ի նման, Սարի Թաղի Վրեժի ավազակախմբի ձևով պետության զինված ուժերին զուգահեռ այլ զորամիավորումներ ստեղծելու փորձը, քանի դեռ չկա այդ հասկացողությունը, թե´ նորանոր հեղաշրջումներ կլինեն և թե´ նորանոր սկաուտներ կմտնեն՝ պառլամենտը ու կառավարություն կգնդակահարեն: Բայց ինչպե՞ս պիտի հասկանա հայությունը, եթե նրա, թվում է թե, ամենադատողունակ մասն անգամ ընկել է հեշտի ակոսը ու դեբիլ մանկան քոքվածությամբ երեք տարի նույն երգն է զլել. «Դուք նրանց հալածեցիք, նրանք ձեզ են հալածում, դուք նրանց...», ոչ մի տարբերություն չտեսնելով զինված ընդհատակի ու երկրում լեգալ գործող կուսակցությունների գործունեության միջև: Ինչո՞ւ դեբիլի քոքվածությամբ, ոչ թե թութակի՞: Որովհետև թութակը նոր բան սովորում է, իսկ դեբիլը՝ ոչ: Նաև՝ դեբիլը չի մեծանում:

... Հայի՝ իշխանության ու ժողովրդավարության ընկալումը, ախր, ուրի´շ տեսակ է... Եթե իշխանություն է, ինչո՞ւ ազգային չէ: Եթե ազգային է, ինչո՞ւ տրամվայով չի գնում գործի: Եթե հավասարություն է, պետությունը ինչո՞ւ պիտի զինված լինի, իսկ ընդդիմությունը՝ ոչ: Եթե խոսքի ազատություն է, ինչո՞ւ թերթերի բաժանորդագրություն չկա խրամատներում...

Իսկ Դաշնակցությունը ինքնապահպանման բնազդով էր վիժեցնում օգնությունը պատերազմող Հայաստանին, թե չարամտորեն, նշանակություն չունի: Բնութագրականն այն է, որ այդ կազմակերպությունը ստեղծվել է որպես թշնամի միջավայրում գործելու կոչված կառույց և այդպես գործում է նույնիսկ սեփական երկրում: Այդպես՝ մի ոտքը փախչելու պատրաստ պարտիզան մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ իշխանության է գալիս (վկան՝ Առաջին Հանրապետությունն ու այսօրվա Ղարաբաղը լքելը): Եվ ինչպես տեսնում ենք, հարցը նույնիսկ իշխանության ձգտելը չէ, որը բնական կլիներ կուսակցության համար (եթե կուսակցություն լիներ), այլ այն գործելակերպը, որը գիտակցաբար որդեգրված է որևէ տարածքում քայքայիչ և ահաբեկչական գործողություն ծավալելու համար: 

Եվ չի վերափոխվում, որովհետև որպես կուսակցություն, որպես լեգալ կառույց չի կարող իր գոյությունը պահպանել դրսում: Իսկ նման բնույթով չի կարողանում կառուցողական ուժ լինել նույնիսկ իշխանություն ստանալու դեպքում: Որովհետև իրենց խնդիրը այս Հայաստանը չէ: Եվ քանի դեռ իրենց խնդիրը այս Հայաստանը չէ, նրանք վտանգավոր են լինելու այս պետական կազմավորման համար: Նրանք չեն կարող ինքնուրույն վերափոխվել (եթե անգամ ուզենան) և դառնալ քաղաքական պրոցեսի մասնակից կուսակցություն: Նրանց կարելի է միայն ստիպելով դարձնել այդպիսին տասնամյակների ընթացքում: Իր բնույթով, բազմաթիվ ազգերի մեջ գոյատևելու օբյեկտիվ պրոբլեմներ ունենալով՝ Դաշնակցությունը չի կարող հազարումի կասկածելի կապերով կապված չլինել պետական ու ոչ պետական կասկածելի ուժերի հետ, և, բնականաբար, չի կարող ամենատարբեր կախվածություններ չունենալ: Դա այդ կուսակցության գոյատևման երաշխիքն է»: 

Հ.Գ. Ու Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը բնավ չէր չափազանցնում, երբ 1999-ին հիշեցրեց, որ Դաշնակցությունը փակելուց հետո Հայաստանում քաղաքական սպանությունները դադարեցին: Եվ նորից սկսվեցին, երբ Քոչարյանը դաշնակներին բանտերից դուրս բերեց:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3843 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ