ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց հանրահավաք անցկացնելու մտադրության մասին:
ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը իշխանություններին մեղադրեց անմեղսունակության մեջ:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իշխանություններին մեղադրեց արտաքին քաղաքականությունում բացթողնումների և ապրիլյան պատերազմում դավաճանական վերաբերմունք ցուցաբերելու մեջ:
ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի և նախկին դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի իրավունքների խախտման վերաբերյալ ՄԻԵԴ գանգատն արդեն ներկայացվել է:
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը հայտարարեց, որ Փաշինյան-Վանեցյան գաղտնալսված զրույցի գործը իշխանությունները չեն ցանկանում հրապարակայնացնել, գաղտնի են պահում:
«Ադեկվատները» շարունակում են իշխանություններին մեղադրել Սորոսի դրածո լինելու մեջ:
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը պահանջում է դատի տալ իշխանություններին և կոնկրետ Արսեն Թորոսյանին՝ նրանց մեղադրելով կորոնավիրուսի պատճառով մարդկային մահերի մեջ:
Քոչարյանական Միհրդատ Մադաթյանը հրապարակել էր Նիկոլ Փաշինյանի կնոջ և դստեր լուսանկարը և գրել, որ Աննա Հակոբյանը մանկապղծությամբ է զբաղվում:
Ցանկը կարելի է շարունակել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին 1-2 ամսում միայն մեկ անգամ է ներքաղաքական թեմաներով խոսել և անդրադարձել իր հասցեին քննադատությանը: Բայց այս ցանկը, որը ներկայացրել ենք, դրանցից ոչ մեկին չի հակադարձել:
Ավելին, որևէ կերպ չի հակադարձել Ռոբերտ Քոչարյանին, որը մի շարք լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում, գրեթե 2 ժամ, ինչ ասես, որ չասեց Փաշինյանին հասցեին: Քննադատեց նրա տնտեսական քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը, մեղադրեց կոռուպցիայի մեջ՝ նշելով. «Պետական գնումները կոռուպցիայի համար ամենագայթակղիչ ոլորտն է։ Ո՞նց հավատանք, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա։ Ստիպված եմ վերադառնալ պարգևավճարներին։ Երբ բյուջեում չնախատեսված ծախսեր են կատարվում`120 մլն դոլարի չափով, դա այլ բան, քան բացահայտ կոռուպցիա, դժվար է անվանել»:
Քոչարյանի այսքան մեղադրանքներին Նիկոլ Փաշինյանը մի բառով անգամ չի արձագանքել: Ծպտուն չի հանել: Մինչդեռ դրանք լուրջ մեղադրանքներ էին: Փոխարենը Սևանից գալուց, մեքենայից լայվ մտավ և սկսեց հակադարձել հասարակության ամենանորմալ, առողջ և բանական ուժերին, մոտավորապես այս ոճով, թե դուք ո՞վ եք:
Ընդ որում, խոսում էր հերսոտած, մուննաթով՝ անընդհատ հիշեցնելով, որ ինքն է հեղափոխություն արել: Առանց խորանալու, որ հերթով վանում է իրենից երկրի իրավիճակով իրապես մտահոգված քաղաքակիրթ ու գրագետ խավին: Այն ուժերը և գործիչները, որոնք Փաշինյանին կոնկրետ մատնացույց են անում իշխանությունների բացթողումները, սխալները, չեն զառանցում, հիվանդագին մտքեր չեն հայտնում, ողջամիտ խորհուրդներ և առաջարկներ են անում, միայն այս ուժերին է վարչապետը հակադարձում:
Քաղաքացիական հասարակության այն ակտիվ հատվածը, որը տարիներ շարունակ պայքարել է քոչարյանական-հանրապետական բռնապետության դեմ, եղել է այդ պայքարի ավանգարդում, և այդ պայքարը եղել է ոչ թե իշխանություն գալու, այլ՝ երկրում նորմալ, ժողովրդավարական կարգեր հաստատելու համար, դարձել է Նիկոլ Փաշինյանի աչքի փուշը:
Այսքան այլանդակություններ են կատարվում երկրում, նախկին հանցագործները շարունակում են նույն հանցավոր գործունեությունը՝ պետության և իշխանությունների դեմ, այս ամենի դեմն առնելու ոչ մի քայլ այլևս չի արվում: Լրիվ ուրիշ տեղ է իր խնդիրների պատասխանները փորձում գտնել:
Սրա պատճառներից մեկն էլ այն է, որ Փաշինյանին ձեռնտու է նման վարկաբեկված, գորշ, գաղափարազուրկ, տգետ ընդդիմություն ունենալը, քանի որ դրա ֆոնին ինքը ներկայանում է որպես այլընտրանք չունեցող: Նա գերադասում է ունենալ վարկաբեկված, այլ ոչ թե՝ նորմալ ընդդիմություն: Որովհետև վախենում է գրագետ, փաստարկներով խոսող, թիրախները ճիշտ ընտրող ընդդիմությունից: Բայց վարկաբեկված ընդդիմությունը փչացնում է ոչ միայն ընդդիմադիր դաշտը, այլ նաև՝ հենց իշխանությանը: Ու այսպիսի տեմպերով հեռու չէ այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը այս ընդդիմության մակարդակին հասնի: Դառնա նույնքան բովանդակազուրկ և վարկաբեկված: Հիմա դա անհավանական է թվում, բայց եթե նա շարունակի նույն ոճով, տղայական մոտեցումներով, կառուցողական վաքագծի իսպառ բացակայությամբ գործել, դա լինելու է: Ու սա շատ վատ ավարտ է ունենալու: