...

Բայց ո՞ւմ եք կոչ անում

Բայց ո՞ւմ եք կոչ անում

Այս օրերին, իհարկե, կյանքից հեռացած Վանո Սիրադեղյանը շարունակելու է հանրության բուռն քննարկումների հիմնական թեման մնալ: Մենք էլ դեռ բազմիցս կանդրադառնանք դրան: Բայց հիմա այն մասին, որ Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է արել Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում։

Այստեղ միանգամից հարց է առաջանում. իսկ ո՞ւմ է կոչ անում ՀԱԿ-ը: Իշխանությունների՞ն: Բայց մենք իշխանություն ունե՞նք: Թե որ ունենայինք, մի կես բերան կհիշատակեին Վանո Սիրադեղյանի վախճանի մասին: 2 օր առաջ տարածվեց Վանոյի մահվան գույժը, Նիկոլ Փաշինյանը ցավակցական մի խոսք ասա՞ց, որևէ հայտարարություն արվե՞ց, ընդհանրապես՝ ծպտուն հանե՞ց:

Այն Նիկոլ Փաշինյանը, որը պատիվ էր համարում իր խմբագրությունում տեսնել Վանո Սիրադեղյանին, այն Նիկոլ Փաշինյանը, որը պատիվ էր համարում իր էջերում տեղադրել Վանո Սիրադեղյանի գրական և քաղաքական վերլուծությունները, հոդվածները: Երբ Այդին Մորիկյանի նախաձեռնությամբ 2011-ին լույս տեսավ Վանո Սիրադեղյանի վերլուծությունների և հոդվածների ժողովածուն՝ «Գյադաների ժամանակը», Փաշինյանը քիչ էր մնում դատի տար Այդինին, որ համարձակվել է առանց իր հետ համաձայնեցնելու, առանց իր թույլտվության Վանոյի գրածները հրապարակել: Այ տենց Վանոյի համար դոշ տվող տղա էր Նիկոլը:

Իսկ հիմա ծպտուն չի հանում: Բա ժողովուրդն ի՞նչ կասի: Բա որ հանկարծ ռեյտինգն ընկնի: Հանկարծ չասեն՝ դավաճան ա, բան ա, Վանոյի մասին լավ բաներ է ասում: Ոչ ինքը, ոչ իր թիմակիցներից որևէ մեկը: Չնայած մի քանի տարի առաջ ամեն քայլափոխի Վանո էին մեջբերում: 

Դիմել մի իշխանության, որն այս երեք տարում մատը մատին չխփեց Վանո Սիրադեղյանին հայրենիք վերադարձնելու համար, նրա նկատմամբ հալածանքները դադարեցնելու համար: Ընդհանրապես, դուք այս երեք տարում տեսե՞լ եք, որ գոնե մի անգամ իշխանություններն այս թեմային անդրադառնային: Այնպես էին հուշտ լինում, կարծես քոս էին կպնելու: 

Իշխանության պոակական լպրծուններից մեկը՝ Վանո Սիրադեղյանի մահվան լուրի հայտնվելուց 5 րոպե անց իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Վանոյի դեմ մեղադրանքների շարանը: Պարզ է, չէ՞, որ առանց իշխանությունների «դաբրոյի» նման բան չէր անի: Թե բա տեսեք՝ ում մահն եք գուժում: 6 րոպե անց նույնը դաշնակցական մամուլում հրապարակվեց: 

Գուցե ՀԱԿ-ի կոչը ընդդիմությա՞նն էր հասցեագրված: Էն ընդդիմությանը, որը իշխանության գալուց հետո 20 տարի շարունակ կռիվ է տվել Վանո Սիրադեղյանի գրչի ու մտքի դեմ, որը սրանց գյադայական էությունը ամեն օր ի ցույց էր դնում. մինչև հիմա, սրանից հետո էլ: Էս ընդդիմությա՞նը, որի ուրացողությունը Վանոյի հանդեպ սահմանակցում էր դավաճանության հետ: Սրանցից ի՞նչ պիտի սպասել: 

Գուցե հանրությա՞նն էր ուղղված կոչը: Այն հույսով, որ մարդիկ կմիանան կոչին, ստորագրահավաք, ակցիա, բան կանեն: Իհարկե ոչ: 20 տարի շարունակ հանրության միտքն ու բանականությունն այնպես են թունավորել ու մթագնել, որ այդ հանրության ուղեղում ցուրտն ու խավարն է գերիշխում: Տեսնում ենք, կարդում ենք, թե ինչեր են գրում Վանոյի մասին: Այն ամենը, ինչ 1998-ից հետո տարփողել են բոլոր իշխանությունները, մեկիկ-մեկիկ կրկնում են: 

Այնպես որ՝ Վանո Սիրադեղյանին Կոմիտասի անվան պանթեոնում հուղարկավորելու կոչ անելուց պետք է համոզված լինել, որ դեմդ մարդ կա, որին այդ կոչը տեղ կհասնի: Իսկ հիմա գյադաների ժամանակները շարունակվում են:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2350 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ