...

Վարչապետը փակագծեր է բացում. առայժմ

Վարչապետը փակագծեր է բացում. առայժմ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը գրել է. «ՀՀ կառավարության ունեցած տվյալներով Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ այդ թալանվածը պետք է մինչև վերջ վերադարձվի պետությանը:

Ինչ վերաբերում է UCOM ընկերությանը, նրա բաժնեմասերի օտարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հնարավոր է միայն ՀՀ կառավարության համաձայնությամբ: Այն բանից հետո, երբ ընկերության բաժնետերերի մեջ վեճ է ծագել և օրակարգում հայտնվել է բաժնետերերի կազմի փոփոխության հարց, կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ողջ գումարը փոխանցվի Հայաստանի պետական բյուջե: Այս դիրքորոշումը ուժի մեջ է նաև այսօր՝ ապօրինի ծագմամբ ցանկացած գույքի պարագայում:

Ասեմ նաև, որ վարչապետը մի քանի անգամ, այդ թվում հրապարակային դժգոհություն է արտահայտել, որ հայտնի կոռուպցիոներների առնչվող քրեական գործերը չունեն հանրության կողմից ակնկալվող արդյունավետություն: Վարչապետը՝ առայժմ համբերատար, Հայաստանի իրավապահ համակարգից սպասում է արագ և կոնկրետ արդյունքների:

Նշեմ նաև, որ կառավարությունը տեղեկություններ ունի, որ UCOM ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, և Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է: Վարչապետը ակնկալում է, որ իրավապահները պատշաճ քննության կենթարկեն նաև Սերժ Սարգսյանի ընտանիքի ղեկավարած կոռուպցիոն համակարգը, որը նույնպես արտահայտվել է տարբեր հաջողակ բիզնեսներում փայաբաժիններ ձեռք բերելով»:

Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակի այս հայտարարությունները նույնիսկ մեր համար էին անակնկալ: Անակնկալը ոչ թե այն էր, որ վարչապետի մակարդակով այսպես՝ փակագծերը բացած հայտարարություններ են արվում, այլ՝ որ հիմա են արվում:

Ի վերջո, Գագիկ Խաչատրյանի, Միքայել Մինասյանի և ընդհանրապես, նախկին իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաների տնտեսական և կոռուպցիոն գործունեության մասին արդեն 20 տարի գրվում է, հազարավոր հետաքննական, լրագրողական հոդվածներ են հրապարակվել՝ փաստերով, վկայություններով, իր ամեն ինչով, և հեղափոխությունից երկու տարի անց այս ամենի մասին այնպիսի տոնով է ասվում, կարծես երեկ է ինչ-որ մեկը զանգահարել կառավարություն և հայտնել, թե ով ինչ բիզնես ու ունեցվածք ունի:

Երկու տարվա ընթացքում կոռուպցիոն բոլոր այս սխեմաները արդեն վաղուց պետք է քանդված լինեին, հիմնական դերակատարները պատասխանատվության ենթարկված լինեին, ապօրինի կերպով ձեռք բերած կապիտալը վերադարձված լիներ պետությանը, որ մենք այսօր բոլորովին այլ խնդիրների մասին մտածեինք, այլ գաղափարներ և ծրագրեր մեր առջև դնեինք, նոր քաղաքական համակարգի, ուժերի դաշտ ստեղծվեր: 

Երկու տարի մանրամասն ներկայացվել է, թե որքան վտանգավոր է բարեփոխումների դանդաղ ընթացքը, կամ՝ նույնիսկ դրա բացակայությունը, իներտ քաղաքականությունը, նախկին իշխանությունների գործունեությանը հստակ և իրավական գնահատականներ չտալը: Ու մենք տեսնում ենք, թե նախկինները օրեցօր ինչպես են լկտիանում, դատավորին են սպառնում, քաղբանտարկյալին հարվածում, փաստաբանի ընտանիքին են ծեծում: Ու սրանք դեռ ծաղիկներն են:

Ու սա նաև մեզ է ծանր վիճակի մեջ դնում: Որովհետև մի կողմից ստիպված ենք իշխանություններին քննադատել, նրանց սխալների մասին նշել, հուշել, առաջարկություններ անել, բայց մյուս կողմից էլ ստիպված ենք լինում պարբերաբար անդրադառնալ նախկին իշխանությունների գործունեությանը, նրանց հարձակումներին արձագանքել, մեկնաբանել նրանց տխմարությունները, հիշեցնել նրանց անցյալը, բռնացնել նրանց սուտն ու կեղծիքը. մի բան, որը իշխանությունը պետք է աներ, ոչ թե՝ մենք: Իսկ իշխանության արձագանքը ոչ միայն Մանե Գևորգյանի շուրթերով գեղեցիկ, մարդկանց սրտերը ջերմացնող հայտարարություններ անելն է (ի վերջո, ոչ ավելին է, քան՝ քաղցր կենացները), այլ կոնկրետ քայլերը, որոնց արդյունքում ռևանշիզմով տառապող ուժերը քաղաքական դաշտից դուրս կմղվեին, դատական և իրավական համակարգից հանցագործ տարրերը դուրս կմղվեին, այդ ոլորտները կառողջանային և այլն:

Այնպես որ, որքան էլ հաճելի են վարչապետի խոսնակի խոսքերը, դրանք առայժմ միայն խոսքեր են: Մենք գործին ու արդյունքին ենք հավատում:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ