Ստյոպա Սաֆարյանի ՀԽ նախագահ նշանակվելուց հետո Հանրային խորհրդի անդամ, Մարդու իրավունքների առաջին պաշտպան, Ստյոպա Սաֆարյանի նախկին կուսակից Լարիսա Ալավերդյանը հայտարարել է, որ հեռանում է ՀԽ-ից։
Տիկին Լարիսայի ասելով՝ Ստյոպա Սաֆարյանն արդեն ապացուցել է, որ իշխանությունների ջատագով է և որևէ առումով չի կարող լինել անաչառ, իսկ դա կարող է ազդեցություն ունենալ Հանրային խորհրդի վրա։ Տիկին Ալավերդյանը նաև նկատել է, որ իշխանությունը բոլոր ինստիտուտների, հաստատությունների, կազմակերպությունների ղեկավարների պաշտոնում ձգտում է ունենալ այն անձանց, որոնք համաձայն են իրենց հետ, իսկ Հանրային խորհուրդը պետք է լինի վերին աստիճանի անկախ իշխանության արդեն հայտնած դիրքորոշումից, քաղաքականությունից, զուտ մասնագիտական։
Այնուհետև, անդրադառնալով ՀԽ նախկին ղեկավար Վազգեն Մանուկյանի գործունեությանը՝ ասել է. «Վազգեն Մանուկյանը հասարակության կամ իշխանությունների համար անհայտ անձ չէր, երբ նրան նշանակել են: Նա երբևիցե չի փոխել իր կեցվածքը, այնպես որ՝ ինչ-որ մի բան փոխվել է իշխանության դիրքորոշման մեջ: Այնինչ պետք է ցույց տային, որ Վազգեն Մանուկյանը, որն աշխատել է նախորդ իշխանությունների հետ, ահա՝ նոր իշխանությունները պատրաստ են աշխատել այդ կայացած քաղաքական գործչի հետ։ Հիմա երևի դրա կարիքն էլ չկա, ուղղակի ասում են, որ յուրայինները պետք է լինեն»։
Դիմենք տիկին Լարիսայի բառապաշարին, և փորձենք հասկանալ, թե ի՞նչն է տիկին Լարիսային վերին աստիճանի վրդովեցրել, որ հեռանում է ՀԽ-ից։ Այն, որ ՀԽ-ն արհեստածին, հարկատուներիս հաշվին գոյատևող ամուլ կառույց է, հայտնի է բոլորիս, այդ թվում՝ նաև տիկին Լարիսային։ Անկախ նրանից՝ Ստյոպա Սաֆարյանը կղեկավարի, թե Վազգեն Մանուկյանը, միևնույն է, դա հանրության հետ աղերս չունի, և եթե հեղափոխությունից հետո կառույցը գոյություն ունի միայն այն պատճառով, որ սահմանադրությունում փոփոխություն չի եղել։ Հայտնի է նաև, որ ՀԽ ստեղծվել է 2008թ Մարտի մեկից հետո Սերժ Սարգսյանի բարի կամքի շնորհիվ, միայն այն պատճառով, որ Վազգեն Մանուկյանը դառնա ինչ-որ բանի նախագահ։ Եթե իշխանությունը մարդու համար մի ամբողջ ՀԽ է ստեղծում և նվիրում, ապա կասկածից վեր է, որ այդ մարդը չի կարող իշխանամետ չլինել, և ինչպես տիկին Ալավերդյանն է սիրում ասել՝ վերին աստիճանի անաչառ և անկախ՝ իշխանության արդեն հայտնած դիրքորոշումից, քաղաքականությունից, զուտ մասնագիտական։
Բայց, չգիտես ինչու, տիկին Լարիսան Վազգեն Մանուկյանին, որ անցած մեկ տասնամյակում ղեկավարել է հանրային խորհուրդը, իշխանամետ չի համարել և իրեն անաչառ է թվացել, իսկ ահա Ստյոպա Սաֆարյանին իշխանամետ է համարում և ենթադրում է, որ Ստյոպա Սաֆարյանը անաչառ լինել չի կարող։ Այս պարագայում Լարիսա Ալավերդյանն ինքն էլ անաչառ չէ։ Իհարկե, Վազգեն Մանուկյանը հայտնի է հասարակությանը, որ 1998-ից եղել է նախկին իշխանությունների կարկառուն ներկայացուցիչը և շատ հմուտ քաղաքական գործիչ է եղել, որ դեռ ՀԽ ղեկավարի պաշտոնից հրաժարական չտված՝ խախտելով ՀԽ-ի մասին օրենքը, քաղաքական հայտարարություն էր անում։
Իսկ եթե տիկին Ալավերդյանին թվում է, թե Վազգեն Մանուկյանը հեռացել է միայն նրա համար, որ յուրային չէ, դա այդքան էլ այդպես չէ։ Դեռ մեկ տարին չի լրացել, որ իշխանությունը Վազգեն Մանուկյանին նորից նշանակեց ՀԽ նախագահ։ Եթե իշխանությունները միայն յուրայիններին էին ուզում տեսնել ՀԽ-ում, ապա ինչպես է պատահել, որ նախկին իշխանությունների ջատագով Լարիսա Ալավերդյանը հայտնվել է ՀԽ-ում և հանձնաժողով է ղեկավարել։
Եվ ոչ միայն ՀԽ-ն, այլև պետական կառավարման համակարգում 90%-ը նախկիններն են, ընդ որում՝ բոլոր առանցքային պաշտոններում։ Եթե ուժային կառույցները, ԿԲ, ՊԵԿ կարող էին լինել ոչ յուրայիններ, ապա ՀԽ կոչված խորհրդատվական մարմնին ոչինչ չէր խանգարի, եթե ղեկավարը լիներ ոչ յուրային։ Եթե մարդը վերին աստիճանի անաչառություն է պահանջում, ինքը գոնե պետք է մի քիչ անաչառ լինի։
Ջավահիր Այվազյան