...

«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի» բժիշկների գումարը կրճատում են

«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի» բժիշկների գումարը կրճատում են

«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի» բժիշկներն այլևս չեն ստանա կորոնավիրուսով հիվանդներին բուժելու համար տրամադրվող 50000-ական դրամները: Որոշել են գումարի չափը կրճատել: «ՉԻ»-ի հետ զրույցում ահազանգեցին կենտրոնի բուժաշխատողները:

Արդեն 4 ամիս է՝ «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը» սպասարկում է միայն կորոնավիրուսով հիվանդներին: Բժիշկներն այդ ընթացքում նաև պարգևավճար չեն ստացել:

«50000 դրամները վերաբերում են կոնկրետ հերթապահ բժիշկներին, որոնք հերթապահության են մասնակցում: Անձամբ մոտ 4 ամիս այդ գումարը ստացել եմ՝ յուրաքանչյուր հերթապահության համար: Հիմա ուզում են գումարը դարձնել 40000 դրամ: Բացատրում են, որ ուրիշ տեղ քիչ են ստանում, մենք՝ շատ, պետք է հավասարություն լինի: Իսկ այն հարցին՝ ինչու նրանց գումարը չեն դարձնում 50000, երբ նույն գործն ենք կատարում, չեմ կարող ասել՝ հնարավոր է այլ բուժհաստատություններում հիվանդները քիչ են, մեզ մոտ՝ շատ: Մենք ընթացիկ պարգևավճարներ չենք ստացել: Մի անգամ ենք ստացել՝ Վարդանյանների կողմից: Դրա համար մենք բողոքել ենք, նախարարությունից պատասխանել են, որ տնօրինությունը բուժանձնակազմի ցուցակ չի ներկայացրել, որպեսզի պարգևատրեն: Այնինչ, այդ ցուցակը նույն տնօրինությունը ներկայացրել է»,- ասաց բաժանմունքի ղեկավարներից մեկը, որը չցանկացավ իր անունը հրապարակել:

Որն է կորոնավիրուսի տարածման պատճառը

Բժիշկը նաև հայտնեց, թե որն է կորոնավիրուսի տարածման պատճառը: Նրա խոսքով՝ Առողջապահության նախարարության հրամանով մայիսի 23-ից հիվանդության թեստի դրական պատասխանով հիվանդներ են դուրս գրվել, ինչն էլ նպաստել է վարակի տարածման դինամիկայի աճին:

«Սկզբում նույնիսկ թեթև ու անսիմպտոմ հիվանդներին մինչև 2 բացասական թեստավորում չլիներ, դուրս չէինք գրում: Երբեմն հիվանդանոցում 43 օր բուժում էին ստանում և առողջացումով դուրս գրված հիվանդներին նորից խորհուրդ էինք տալիս մեկուսանալ: Իրենք առողջացած են համարվում, բայց ապահովության համար հորդորում էինք մեկուսանալ, որ վարակը չտարածվի: Հետո հիվանդների քանակն ավելացավ և բժշկական կենտրոններում տեղ չլինելու պատճառով՝ մայիսի 23-ի հրամանով հիվանդի թեստի դրական լինելու դեպքում դուրս էինք գրում:

Հենց հիվանդի վիճակը բարելավվում էր՝ տուն էր գնում, դուրս էր գրվում ոչ թե առողջացած, այլ՝ լավացումով: Մայիսի 23-ից սկսած ամեն բաժանմունքից բավականին շատ դուրսգրումներ եղան: Այդ օրը ես էի հերթապահ՝ մի բաժանմունքից 16 հոգի դուրս գրեցին և այդ ժամանակվանից մինչ օրս դրական պատասխանով տուն են ուղարկում հիվանդներին: Ես դա ճիշտ չեմ համարում, որովհետև ասում ենք՝ դուրս եք գրվում մեկուսացման պայմաններով, բայց պրակտիկորեն դա այդքան էլ հեշտ չէ: Շատ հիվանդներ ունեն մեկ-երկու սենյականոց բնակարան և ապրում են 4-6 հոգով»,- պատմեց «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի» աշխատակիցը՝ հավելելով, որ այս կերպ վիրուսն ավելի տարածվեց:

«Մենք հիվանդասենյակ ենք մտնում հագած-կապած՝ կոմբինիզոններով, ձեռնոցներով, և վարակման դեպքեր լինում են, որովհետև սենյակի օդն արդեն վարակված է, իսկ տան պայմաններում օդն արդեն վարակված է լինում ՝ խոհանոցն ու պետքարանն ընդհանուր է, դա ճիշտ չէ: Ելնելով իրավիճակից, որ հիվանդների քանակը շատ էր և տեղ չկար, նման որոշում կայացվեց: Կային հիվանդներ, որոնք տան պայմաններում էին բուժվում, և նրանց վիճակն ավելի էր բարդանում: Տանը բուժում ստանալը ճիշտ չէ, որովհետև այդ կերպ այսպես թե այնպես նպաստում ենք հիվանդության տարածմանը: Տան անդամները վարակվում են նաև՝ չիմանալով, որ հիվանդ են և աշխատանքի են գնում ՝ նպաստելով վարակի տարածմանը»,- նշեց մեր զրուցակիցը:

Ասում է՝ թոքաբորբը մեկ շաբաթում կամ տասն օրում չի անցնում, ամենաքիչը մոտ 3-4 շաբաթ է պահանջվում մինչև առողջացումը:

«Ցանկացած թոքաբորբ ալիքաձև բնույթ ունի, այսինքն՝ մեկ ալիքից հետո կարող է երկրորդը լինել: Պարտադիր չէ հիվանդը մրսի, լիարժեք բուժումը չշարունակի, որ կրկին թոքաբորբ ախտորոշվի: Երբ հիվանդներին դուրս ենք գրում, պետք է պոլիկլինիկաների հսկողության տակ լինեն, դա հրաման է: Պոլիկլինիկաներն այդ պրոցեսի մեջ ընդգրկված են բուռն ձևով և լավ էլ աշխատում են»,- ընդգծեց բժիշկը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1207 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ