Երբ ասվում է՝ այսօրվա ընդդիմությունը վատագույնն է Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ, մտքի ձևակերպման ու իրական գնահատականի առումով ասվածը շատ մեղմ է, և գույները չափից դուրս նրբացված են։
Ներկայում գործող, այսպես ասած, ընդդիմադիր հոսանքներն ու խմբակները նախ կերազեին ընդդիմություն կոչվել, ապա՝ լինել վատագույնը։ Քանզի վատագույնը իրենից էլի ինչ-որ «որակ» ներկայացնում է, իսկ այսօրվա «ընդդիմադիր» խմբերն ու խմբակներն այդ վատագույնին էլ չեն ձգում, դրանից ներքև են, խայտառակություն էլ չեն, խայտառակությունից ցածր են։
Երբ լսում ես ընդդիմություն հորջորջվող այսօրվա շրջանակների մտքերն ու բառերով ձևակերպված նախադասությունները, տպավորություն է ստեղծվում, որ գործ ունես ծանր հիվանդի հետ, որը գտնվում է հիվանդության վերջին փուլում, այլևս իսպառ կորցրել է գիտակցությունը ու անգիտակից վիճակում ինչ-որ անկապ խոսքեր է արտաբերում, որոնք ոչ թե տրամաբանական, կապակցված մտքեր են, այլ ցնորաբանության մոտեցող զառանցանքներ։
Դիագնոզը գրեթե մոտենում է ճշգրտության, երբ պացիենտները արտաբերում են, օրինակ, դավադրություն, Սորոս, այլասերված Արևմուտք, Հայաստանի ու հայուգենի ոչնչացման ծրագիր բառերն ու արտահայտությունները։
Այս մարդիկ ասես իրար հետ զառանցանքի մրցավազքի են ելել, թե ով կհաղթի զառանցանքի այդ մրցույթում. քոչարյանականնե՞րը՝ գառնիկիսագուլյան տիպի ցնորամիտներով, հանրապետականնե՞րը՝ աշոտյան-շարմազանով կարգի ցինիկ մանիպուլյատորներո՞վ, խոհանոցի սեղանի տակ պախկված, ինտելեկտի բացակայությունը բացահայտած Միշի՞կն ու յուր փեսիստնե՞րը, դոդանց դասի գևորգպետրոսյաննե՞րն ու արմանաբովյաննե՞րը, կգբ-շնիկական դասերով սնված փուչիկ վանեցյաննե՞րը, ՀՅԴ-ի անունն ու հեղինակությունը գլխովին խայտառակած «հին ընկերնե՞րը», քաղաքական իդիոտներն ու իրենց հարազատ-բարեկամ իդիոտիկնե՞րը։ Դե, անադեկվատներն էլ կան ու կան, իրենք մշտապես այս մրցավազքի, զառանցանքի սույն շքահանդեսի առաջատարներից են։
Ու ահա այդտեսակ զառանցանքներով ու ցնդաբանություններով առավոտից իրիկուն կախվել են հասարակության ականջից, դրանցով հեղեղել հանրային-տեղեկատվական դաշտը, լրատվամիջոցների 80-ից ավելի տոկոսը դարձրել իրենց ցնորամտությունների մատուցման ու տարածման գործիք։
Առողջ հասարակության մի մասը մտնելով պացինտների դրության մեջ՝ բանի տեղ չի դնում նրանց ասածները, անտեսում է դրանք։
Մի որոշ, առավել հուզական մասը, չկարողանալով տանել ցնորամտությունների այդ հեղեղը, թերևս նաև ինքնապաշտպանական մղումներով, բնական զայրույթի ռեակցիա է ցուցաբերում և նրանց դնում համապատասխան տեղը։
Դե, պացիենտներն էլ այդ ռեակցիան համարելով ճնշում «ազատ խոսքի» ու «կարծիքի» հանդեպ, ատելության ու թշնամանքի տարածում իրենց նկատմամբ՝ ընկնում են նոր, առավել ծանր նոպաների մեջ ու էլ ավելի մեծացնում ցնդաբանությունների դոզան։
Համլետ Կիրակոսյան