...

Զուգարանի թուղթը րոպեների ընթացքում սպառվում է. մանրամասներ Գլենդելից

Զուգարանի թուղթը րոպեների ընթացքում սպառվում է. մանրամասներ Գլենդելից

Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքն այլևս նախկին աշխուժությունը չունի: Քաղաքի բնակիչների մեծ մասը միայն խիստ անհրաժեշտության դեպքում է տնից դուրս գալիս՝ մոտ 20-30 րոպեով սուպերմարկետ գնալու, կամ էլ զբոսնելու համար: Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մարտի 14-ից շատերն ինքնամեկուսացվել են:

Հայաշատ Գլենդելում բնակվող Արթուր Սիմոնյանը «ՉԻ»-ի հետ զրույցում պատմեց, որ արդեն 2 շաբաթ է՝ ինքնամեկուսացված է, միայն առևտուր անելու համար է տնից դուրս գալիս: Բաց են միայն փոստի մասնաճյուղերը, բանկերը, սուպերմարկետները և ֆասթ-ֆուդ ռեստորանները, բայց միայն առաքման ծառայությունն է գործում:

Երիտասարդը հյուրանոցում է աշխատում և մարտի 15-ից պարտադրված գործազուրկ է դարձել:

«Միայն խիստ անհրաժեշտության դեպքում եմ դուրս գալիս՝ բանկ կամ խանութ գնալու նպատակով: Շատերը տանից դուրս չեն գալիս, բայց կան մարդիկ, ովքեր իշխանությունների կոչն անտեսում են և դուրս են գալիս»,- ասաց մեր զրուցակիցը:

Արթուրն ուշի-ուշով հայաստանյան իրադարձություններին է հետևում: Հաճախ է լսում, որ Հայաստանում բողոքում են դեղատներում պաշտպանիչ դիմակների բացակայությունից և գնաճից: Ասում է՝ նույնն էլ Գլենդելում է՝ ոչ մի տարբերություն: Նրա փոխանցմամբ՝ կան դեղատներ, որտեղ ալկոգել և դիմակներ չկան, եղածի գներն էլ բարձրացրել են:

Օրեր առաջ համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ երևում էր, թե ինչպես է ԱՄՆ-ում բնակվող հայերի շրջանում սուպերմարկետում գնումների ժամանակ քաշքշոց տեղի ունենում: Արթուրն ասում է, որ խուճապային գնումներ այլևս չկան: Դա օրեր առաջ էր, երբ մարդիկ սննդամթերք էին պահեստավորում, բայց հիմա էլ որոշ ապրանքների պահանջարկ կա: 

«Զուգարանի թուղթ խանութներում չկա, շատ արագ սպառվում է: Խանութները հենց ստանում են, րոպեների ընթացքում սպառվում է: Ամենաշատ պահանջված ապրանքներից են նաև թղթե սրբիչները, որոնք նույնպես շուտ սպառվում են: Այս ապրանքների դեպքում գնաճ կա»,- մանրամասնեց նա:

Երիտասարդի խոսքով՝ ինքն այսօր ավելի շատ անհանգստացած է չաշխատելու մտքից: Գլենդելում վարձով է բնակվում: 3 օրից պետք է վարձավճարը մուծի, բայց չի աշխատել: Ասում է՝ շատերն են իր վիճակում: Մեր հայրենակիցների մոտ 54 տոկոսը վարձով է բնակվում:

Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունած կորոնավիրուսի համաճարակի հետևանքների հաղթահարման համար 2 տրիլիոն դոլար օգնություն նախատեսող օրինագիծը: 

Փաթեթը պարունակում է սոցիալական և տնտեսական ծրագրեր՝ ներառյալ միանվագ օգնություն անհատներին, աջակցություն մանր ու միջին բիզնեսներին, ինչպես նաև խոշոր ընկերություններին, որոնք ամենաշատն են տուժել կորոնավիրուսի համաճարակի արդյունքում: Հիմա չաշխատողներն այդ օգնությանն են սպասում:
 
«Բայց դա քիչ գումար է կազմելու՝ հայկական դրամով մոտ 100.000, իսկ այստեղ բնակարանի վարձը թանկ է, կոմունալները՝ նույնպես»,- նշեց նա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1560 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ