...

Զրոն զրոյի հետ՝ զրո է

Զրոն զրոյի հետ՝ զրո է

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը, անդրադառնալով Գավառում տեղի ունեցած իրադարձություններին, հայտարարել է. «Տեղի ունեցած իրադարձություններն ամբողջությամբ փաստում են այն իրողությունը, որ Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման արդյունքում ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, ներկա պայմաններում պարզապես գոյություն չունի»:

«ՉԻ». Սա այն դեպքն է, երբ չենք կարող չհամաձայնվել Արթուր Վանեցյանի հետ: Իսկապես, ոստիկանական համակարգը առայժմ ավելի շատ գոյություն չունի, քան՝ ունի:

Բայց, կա մի բան, որը նույնպես պետք է նշել. ոստիկանական համակարգը գոյություն չունի ոչ թե հիմա, այլ՝ հեղափոխությունից հետո: Այսինքն, երկու տարի շարունակ: Ոնց Վալերիյ Օսիպյանի օրոք համակարգը կիսատ-պռատ էր, այնպես էլ՝ հիմա:

Պատճառների մասին շատ է խոսվել: Նրանցից գլխավորը իրավապահ համակարգում բարեփոխումների իսպառ բացակայությունն է: Բազմիցս ասվեց, որ պետք է ոստիկանությունն ու ԱԱԾ-ն քաղաքական կառույցների վերածվեն, դրանք ղեկավարեն քաղաքական դեմքերը, որպեսզի այդ կառույցները քաղաքականություն իրականացնեն, ոչ թե հրամաններ: Ի՞նչ պահանջես Արման Սարգսյանից: Կասեն՝ կանի, չեն ասի՝ դիտորդի կարգավիճակով կհետևի Գավառի իրադարձություններին:

Նույնը վերաբերում է ԱԱԾ-ին: Արթուր Վանեցյանը ամենամեծ թյուրիմացություններից մեկն էր, որ կարող էր լինել: Այնպես է ասում ոստիկանություն չկա, կարծես իր օրոք ԱԱԾ-ն գոյություն է ունեցել: Զրո է եղել, նույնիսկ՝ մինուս, եթե ԱԱԾ պետին գաղտնալսում են, ու ինքը չի կարողացել պարզել գաղտնալսողներին: Այնպես որ, ինքը չէ, որ պիտի գնահատական տա իրավապահ մարմինների աշխատանքներին: Իրեն էլ ենք տեսել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1100 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ