...

14 տարի առաջ այս օրը Երևանը մարտադաշտ էր հիշեցնում

14 տարի առաջ այս օրը Երևանը մարտադաշտ էր հիշեցնում

Այսօր մարտի 1-ն է։ 14 տարի առաջ այս օրը Երևանի կենտրոնում քաղաքացիական բողոքի ակցիաները վերածվեցին արյունալի բախումների։ 2008 թ․ կեղծված նախագահական ընտրություններն անընդունելի էին ընդդիմության և հայ հասարակության ճնշող մեծամասնության համար։ Փետրվարին մեկնարկած հանրահավաքային շարժումը վերածվեց ինքնաբուխ նստացույցի, որի մասնակիցների վրա վաղ առավոտյան հարձակում կազմակերպվեց գործող իշխանության կողմից։ Իրականացված «կոլցո» օպերացիայի շրջանակներում ոստիկանության ուժերը, ինչպես նաև ուժային այլ կառույցների հատուկ ստորաբաժանումների ներկայացուցիչները ներխուժեցին Ազատության հրապարակ՝ փորձելով այն «մաքրել» ընտրության արդյունքները վիճարկող ՀՀ քաղաքացիներից։ Ձերբակալվեցին ընդդիմության առաջին դեմքերը, ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ տնային կալանք սահմանվեց։ Բայց քաղաքացիները շարունակեցին պայքարը՝ արագորեն հավաքվելով Մյասնիկյանի արձանին հարող տարածքում։ Հույսն այն էր, որ դեսպանատների հարևանությամբ գտնվող տարածքն ավելի ապահով է, և որ իշխանությունները չեն հանդգնի նոր գրոհ ձեռնարկել ու թիրախավորել ՀՀ քաղաքացիներին։ Այդպես չեղավ։ Արդեն մարտի 1-ի երեկոյան Երևանի փողոցներում սկսեցին զանգվածային բռնությունները։ Երևանի կենտրոնը վերածվեց մարտադաշտի, որտեղ գնդակահարվեցին 10 քաղաքացիներ՝ երկու ոստիկաններ և ութ քաղաքացիական անձինք։ Մինչ այսօր այդ սպանությունների համար որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել։ Ըստ այդմ՝ ոչ ոք չի դատապարտվել։ 

Արցախյան 44-օրյա պատերազմի ողբերգությունը մի տեսակ ստվերել է Մարտի 1-ը։ Հանրային գիտակցության մեջ՝ գուցե, բայց սպանվածների ընտանիքների ու ընկերների համար այս օրը, թերևս, ամենաողբերգականներից է։ Պետք է հիշել Մարտի 1-ի բոլոր զոհերին։ Նրանք չափազանց թանկ գին են վճարել։ Նրանք փորձել են իրենց կյանքի գնով կանխել կեղծիքը, ստորությունը, քաղաքական իդիոտիզմը, որը կարճ ժամանակ անց պիտի բոլորիս կանգնեցներ անխմբագրելիի առջև։ Նրանք փորձել են փոխել գահավիժող երկրի հունը, և ուրեմն՝ պիտի հիշենք նրանց և պիտի խնկարկենք նրանց հիշատակը։ 

Գոռ Քլոյան։ Մահացել է մարտի 1-ին բեկորային վնասվածքներից։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ մահվան պատճառը «Չերյոմուխա» հատուկ միջոցի հասցրած վնասվածքներն են։

Տիգրան Աբգարյան։ Մարտի 1-ին ծառայության էր ոստիկանական հատուկ զորքերում։ 41 օր կոմայում մնալուց հետո՝ մահացել է։ 

Համլետ Թադևոսյան։ Ծառայության է եղել՝ որպես ոստիկան։ Ոստիկանության զորքերի կապիտանը մահացել է հրազենային բազմաբեկորային վնավածքներից։ Նրան հետմահու շնորհվել է մայորի կոչում։

Դավիթ Պետրոսյան։ Մահացել է թիկունքից հասցված հրազենային վնասվածքից։

Տիգրան Խաչատրյան։ Մահացել է գանգուղեղային բաց վնասվածքից։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ մահացել է «Չերյոմուխա» տեսակի հատուկ միջոցի հասցրած վնասվածքներից։ 

Արմեն Ֆարմանյան։ Մահացել է «Չերյոմուխա» հատուկ միջոցի պայթյունից։ 

Հովհաննես Հովհաննիսյան։ Մահացել է հրազենային վնասվածքից։ Դեպքի վայրը՝ Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկի կամրջի վերին հատված։ 

Գրիգոր Գևորգյան։ Մահացել է դիպուկահարի կրակոցից։ Դեպքի վայրը՝ Լեո-Պարոնյան խաչմերուկ։ 

Սամվել Հարությունյան։ Մահացել է «ԱԿՍ» տեսակի ավտոմատի կրակոցից։ Դեպքի վայրը՝ Մաշտոցի գետնանցում։  

Զաքար Հովհաննիսյան։ Մահացել է «Մակարով» տեսակի ատրճանակի կրակոցից: Դեպքի վայրը՝ Մաշտոցի շուկա։ 

Գոհար Վեզիրյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2022 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ