Օգտագործված կամ պահպանման ժամկետն անցած շատ բաներ կան, որ վտանգավոր են։ Օգտագործվածի, պահպանման ժամկետն անցածի համարում կարող են ունենալ շատ իրեր ու առարկաներ։ Մարդն էլ բացառություն չէ։
ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանը երկար-բարակ հիշողություններ է գրել 2008թ. մարտի 1-ի մասին: Ֆեյսբուքի իր գրառման մեջ նա ասել է․ «Այդ ժամանակ, ես ղեկավարում էի ոստիկանության կենտրոնական ապարատի կարևորագույն վարչություններից մեկը, իրականացնելով ոստիկանության գաղափարական, լրատվական քարոզչությունը»։ Դե, Հայկ Հարությունյանն արդեն չկա, հանգուցյալ է, և սույն պարոնը իրեն կարող է վերագրել ցանկացած «կարևոր դերակատարում», անգամ եթե իրականում սոսկ թուղթ տանող-բերող է աշխատել նախարարությունում։ Եվ ահա այդ մակարդակով էլ կազմակերպվել է քարոզչությունը, դրա համար էլ, երբ ՀՀ ոստիկանապետ նշանակվեց Վլադիմիր Գասպարյանը, առաջին բանը, որ արեց՝ ոստիկաններին հրահանգեց մոռանալ հին մեթոդներն ու այնպես գործել, որ իրենց հետևից միլիցա-պեպելնիցա չգոռան։ «Այո, մենք հասանք մեր նպատակին, թույլ չտվեցինք պետական հեղաշրջում»,- ասել է Շիրինյանն ու հավելել․ «Մարտի մեկի դեպքերից առաջ նախագահ Քոչարյանը Մոսկվայում էր, եթե նա մի քանի ժամ ուշ վերադառնար, ապա լտպ-ի կողմը կանցնեին մի շարք բարձրաստիճան ղեկավարներ։ Անունները շատերին են հայտնի»։ Մեկ-մեկ թուղթ տանող-բերողներն ակամայից արժեքավոր տեղեկատվության են տիրապետում։ Հիմա սա այդ դեպքն է։ Շիրինյանը ըստ էության ցուցմունք է տալիս, որ Քոչարյանը գնացել է դրսում փրկություն փնտրելու։ Դրսից ասել են՝ գնա սպանիր, տեր ենք։ Ու դեպքերը հենց այդ սցենարով էլ ընթացել են։ Հիմա սա հայտարարում է դրա մասին՝ հընթացս ծառայություն մատուցելով Ռոբերտ Քոչարյանին։ Մեղք են։ Եթե Քոչարյանը մնացել է Շիրինյանի հույսին, ուրեմն՝ ծանր վիճակում է, եթե Շիրինյանն է մնացել Քոչարյանի հույսին, ուրեմն՝ հոգեխանգարմունքի մեջ է։ Բռնեք՝ ինքնասպան չլինի, սպայի պատիվը կարող է մի պահ արթնանալ։
Գոհար Վեզիրյան