...

20 ամիս անց. լրջանալու պահը

20 ամիս անց. լրջանալու պահը

2018 թվականի մայիսի 8-ին անգամ ամենաբորբոքված ուղեղի ֆանտազիաներում հնարավոր չէր պատկերացնել, որ հեղափոխությունից 20 ամիս անց հանրության հիմնական մտահոգությունը լինելու է հեղափոխական ուժի և նրա լիդերի լրջության մարտահրավերը:

Շատերն օբյեկտիվորեն կարծում էին, որ առաջնահերթություններն էին լինելու Արցախի հարցը, միջազգային ճնշումները, ավիրված տնտեսության վերականգնումը, քաղաքական համակարգի առողջացումը և այլն: Բայց այսօր հանրությանը ուրիշ հարց է անհանգստացնում՝ իշխանությունը հասկանո՞ւմ է, որ այս անլրջությունը բերելու է մեծ արհավիրքների:

Այն, ինչ կարելի է սոցիալական ցանցի օգտատիրոջը, չի կարելի լրագրողին: Այն, ինչ կարող է գրել լրագրողը և հետո հերքել, չի կարող անել քաղաքական ուժի ղեկավարը: Իսկ վարչապետի դեպքում պատասխանատվությունը 1000 անգամ ավելին է, որովհետև մի բան է, երբ քեզ ես ներկայացնում, մեկ այլ իրավիճակ՝ պետություն ներկայացնելիս:
Ժամանակն է լրջանալու և գիտակցելու՝ թրոլինգ անելու ժամանակներն անցել են: Պետք է լրջանալ ու հասկանալ, որ թրոլինգը հումորի շատ յուրահատուկ ժանր է, և հասարակության մեծամասնությունը պատրաստ չէ դա ընկալելու: Պատրաստ չէ լսելու, թե ինչպես է վարչապետը կառավարության նիստի ժամանակ ԱԱԾ պետին հանձնարարում բացահայտել՝ սատանա կա՞, թե՞ ոչ:

Ժամանակն է լրջանալ և ավելի պատասխանատու վերաբերվել երկրի առաջին դեմքի ֆեյսբուքյան էջում տեղադրված նյութերին: Այն վաղուց միայն իր էջը չէ: Չի կարող վարչապետը գրառում անել և հետո այն ջնջել: Ինչն է խանգարում, որ զետեղվող գրառումը ենթարկվի ավելի լուրջ ուսումնասիրության և հետո միայն դառնա հասարակության սեփականություն:

Ի՞նչն էր խանգարում, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ գրառումն ընդհանրապես չլիներ և որպես ապացույց միայն ներկայացվեր դատարանում: Լրջանալ է պետք և գիտակցել՝ ժամանակից շուտ պետք չէ դիֆերամբներ հնչեցնել ԱԱԾ ժամանակավոր պետի հասցեին: Եթե նա մի փոքր ավելի հետևողական աշխատեր, թերևս չմնայիք գրիչի հույսին՝ փորձելով այդ դրվագով բացահայտել Թովմասյանի ով լինելը:

Հղում անելով օդում կախված լուրերին՝ կարելի է պայքարել ավտորիտար ռեժիմի դեմ, բայց ժողովրդավար համակարգում չի կարող իշխանության առաջին դեմքը խոստովանել, որ պետական ապարատը դիմադրում է, բայց դրան չհաջորդի որևէ քայլ:

Չի կարելի անընդհատ սպառնալ, որ թաթիկները և այլ վերջույթները կկտրենք, բայց դրան չհաջորդի որևէ ռեալ գործողություն: Անընդհատ սպառնալը և չանելը լրջության լուրջ դեֆեցիտ են առաջացնում:

Ցանկացած իշխանություն կորցնում է իր ազդեցությունը, երբ հասարակության մեծամասնությունը դադարում է լուրջ վերաբերվել նրա խոսքերին ու գործերին: Ավելի լավ է քիչ խոստանալ և շատ անել, քան շատ խոստանալ և հետո արդարանալ, թե ովքեր են խանգարում: Խանգարողներին հասարակությունը լավ գիտի և դրա համար հեռացրեց իշխանության լծակներից:

Պատմությունը ամենադաժանը վերաբերվում է այն գործիչներին, ովքեր մատների արանքով են նայում պետության կառավարման բարդ համակարգին:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2194 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ