1. Քաղաքականացված բարդույթ: Ընդամենը 2-3 տարի առաջ սեփական ցանկությամբ և քվեարկությամբ իշխանություն ընտրած հասարակության մի զգալի մասը ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել այն բարդույթը, որ իր իսկ ընտրած իշխանությունը, այո, կարող էր ողջ ազգին արկածախնդրության տանել: Ատելով «նախկիններին», հասարակության մի զգալի հատվածը, ըստ էության, որքան էլ դա անհեթեթ է հնչում, պատրաստ է արդարացնել ներկայիս իշխանությունների ցանկացած դիրքորոշում ու գործողություն: Ամբողջ Արցախն էլ կորցնեինք, միևնույնն է`արդարացնելու էին:
2. Նախկինում որդեգրած դիրքորոշումներից չհրաժարվելու բարդույթ: Տարիներ շարունակ սնուցված լինելով ոչմիթիզական տրամադրություններով, և առավել տարված լինելով 2018 թվականից իրականացվող «ձեռնոց նետող» և «նախապայմաններ թելադրող» քաղաքականությամբ, մարդկանց մի զգալի մասի մոտ ուղղակիորեն ձևավորվել է մի բարդույթ, որը ստիպում է այդ մարդկանց իրավիճակն ընկալել հետևյալ կերպ: Ենթագիտակցորեն մարդկանց թվում է, որ եթե ընդունեն, որ տարիներ շարունակ իրականացվող քաղաքականությունը սխալ էր, որ պատերազմի արդյունքում մենք Բաքվում թեյ չէինք կարող խմել, ապա, ինքնըստինքյան, պետք է ընդունեն նաև, որ իրենք էլ են սխալվել, որ տրվել են այդ քարոզչությանը: Բայց սա զուտ սխալի հարց չի: Այդ «սխալում» նաև «միամտության» հարց կա: Ավելին, նախկինում սեփական ուժերի գերագնահատման տրամադրություններից հրաժարվելու հարց կա: Մեղքի զգացումի հարց կա: Հենց սա է պատճառը, որ պատերազմի արդյունքի վերաբերյալ քաղաքականացված զրույցներում ավելի հեշտ է դարձել շրջանառել «դավաճանություն» ձևակերպումը: «Դավաճան իշխանություն», «դավաճան նախկիններ», «դավաճան աշխարհ», - ահա սրանք են հասարակության ճնշող մեծամասնության պատկերացումները պատերազմի վերաբերյալ: Այո, պատերազմի արդյունքը ցանկացած տիպի դավաճանությամբ պայմանավորող քարոզչությունը տարվում է տարբեր քաղաքական շահեր ունեցող ուժերի և խմբերի կողմից, սակայն այն լայն տարածում չէր գտնի, եթե «հոգեհարազատ» չլիներ հասարակությանը: Դրանով հասարակության մի զգալի մասն ուղղակիորեն սփոփվում է: Այդ քարոզչության մեջ հասարակությունն իր ձեռքերն է լվանում:
3. Այլընտրանքի հնարավորությունը մերժելու բարդույթ: Պատերազմի արդյունքում գրանցված պարտության ու կորուստների ծավալը ուղղակիորեն «ստիպում» են մարդկանց մտածել, որ պատերազմն անխուսափելի էր: Սա, թերևս, ամենածանր հոգեբանական բարդույթն է, առավել ևս պատերազմի հետ ուղղակի առնչություն ունեցող հասարակ մարդկանց ու նրանց հարազատների համար: Կորուստների ծավալի ծանրությունը բնազդորեն մարդկանց թույլ չի տալիս համարել, որ կարելի էր խուսափել այդ արհավիրքից, կամ, գոնե, այդ ամենից դուրս գալ նվազագույն կորուստներով: Շատերի մոտ սա ուղղակի ինքնապաշտպանական կամ ինքնաարդարացման ռեակցիա է: Ոչ թե, որ իրենք մեղք ունեն կամ պատասխանատու են, այլ զուտ հոգեբանորեն. չեն կարողանում հաղթահարել կարծրատիպ դարձած իրենց նախկին դիրքորոշումները: Քողարկմանը նպաստում է նաև պատերազմը սպորտային խաղ ներկայացնելուն միտված քարոզչությունը. «մենք չենք պարտվել, հիմա հաշիվը ոչ-ոքի է՝ 1:1, մենք դեռ մեր ասելիքը կասենք»...
Հարութ Ուլոյան