...

Վազգենը սխալ էր, և այդ սխալը ճակատագրական էր

Վազգենը սխալ էր, և այդ սխալը ճակատագրական էր

Վազգեն Սարգսյանի եղբայր, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, կրկին անդրադառնալով 1998 թվականի հեղաշրջմանն ու հակադարձելով Լևոն Տեր-Պետրոսյանին, կրկին սրբացնում ու անսխալական է ներկայացնում Վազգեն Սարգսյանին, հայտարարելով, թե 

- 1998 թվականին Վազգենը այնուամենայնիվ ճիշտ էր,

- հենց ինքը` Վազգենն էր հայտարարել, որ եթե Տեր-Պետրոսյանը իրեն հեռացներ, նա հեռանալու էր:

1. Եթե 1998 թվականին Վազգեն Սարգսյանը ճիշտ էր, երբ ամեն գնով պաշտպանում ու աջակցում էր Արցախի իշխանություններին ու Հայաստանի իշխանության արցախյան թևին, ապա այդ դեպքում ինչպե՞ս բացատրել դրանից ընդամենը մի տարի հետո նույն Վազգեն Սարգսյանի կտրուկ շրջադարձը, երբ վերջինս ԱԺ ընտրությունների շեմին դաշինք կնքեց 1998 թվականին իր լիակատար աջակցությունը վայելող Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հակառակորդ Կարեն Դեմիրճյանի հետ: Ի՞նչ է, Արամ Սարգսյանը ստիպված է լինելու ընդունել այդ օրերին շրջանառվող Քոչարյանի վարկա՞ծը, թե «Միասնություն» դաշինքի ստեղծման հեղինակը Քոչարյանինն էր: Այո՞: Իսկ եթե` ոչ, ապա ինքնին նշանակում է, որ Վազգեն Սարգսյանի և Դեմիրճյանի դաշինքի փաստն ուղղակի ապացուցում է 1998 թվականին Վազգենի սխալ լինելը, ինչը բառացի խոստովանել են հենց նույն «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչներն ու ՀՀԿ-ից դուրս եկած երկրապահները: 

2. Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե Վազգեն Սարգսյանն ինքն է հայտարարել, որ եթե Տեր-Պետրոսյանը իրեն հեռացներ, նա հեռանալու էր, ապա հարկ է նախևառաջ ընդգծել, որ այդ հայտարարությունն արվել է 1999 թվականին, այսինքն` 1998 թվականի հեղաշրջման գործընթացից և Տեր-Պետրոսյանի հրաժարականից մի տարի հետո և ոչ թե դրանից առաջ: Այսինքն` հետին թվով կարելի էր հայտարարել ամեն ինչ` սեփական որոշիչ դերակատարումն ամեն կերպ ստվերելու նկատառումներից ելնելով: Եվ, ինչն ամենաուշագրավն ու էականն է, 1998 թվականի հեղաշրջման գործընթացի` դավադրությունների ու խառնակչության օրերին նույն Վազգեն Սարգսյանը իր հայտնի ասուլիսում, պատասխանելով իր հրաժարականի մասին խոսակցություններին, բառացի հայտարարել էր հետևյալը. «Այլ հարց է՝ ես հրաժարական կտամ, թե չեմ տա: Ես հրաժարական չեմ տա» (23.01.1998թ.): Այսինքն` հեղաշրջման օրերին Վազգեն Սարգսյանը նույնիսկ հրապարակայնորեն հայտարարել էր, որ հանրապետության նախագահի կողմից իրեն պաշտոնանկ անելու պարագայում, նա չէր հեռանալու, իսկ նման հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ նախագահին ուղղված քաղաքացիական պատերազմի ուղղակի սպառնալիք:

Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան էջից:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ