«Ես լինեմ Ալիևի տեղը, հիմա երևի վերջնական չի վերազինել բանակը, մի 3-4 ամսից կհարձակվեմ: Կորոնավիրուսի մեջ տառապող երկիր, և հնարավոր է Ադրբեջանը հարձակվի ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի վրա»:
Հայտարարության հեղինակը Հրանտ Բագրատյանն է:
«ՉԻ». Վերջին երկու տարվա ընթացքում թվում է, թե ավելի ներքև այլևս հնարավոր չէ ընկնել, բայց Բագրատյանը ապացուցում է՝ ունի մեծ պոտենցիալ, կարող է է՛լ ավելի մոտիկից առերեսվել հատակին:
Հաճախ կարելի է լսել՝ ինչո՞ւ այս մարդու պոտենցիալը չեք օգտագործում, հանճարեղ տնտեսագետ է և այլն: Քաղաքագիտությունը և տնտեսագիտությունը այնքան էլ իրարից հեռու գիտություններ չեն: Եվ նրանք, ովքեր ընկնում են Բագրատյանի թվերը մանիպուլացնելու ազդեցության տակ, կարող են փորձել հասկանալ նրա քաղաքական գիտելիքները և քաղաքական կրեդոն: Եվ այստեղ է բացահայտվում Բագրատյանի ամբողջ թշվառությունը: Ինչպես կարելի է նման հայտարարություններ անել, ինչքան պետք է ատես իշխանություններին, որ թշնամուն հարձակման կոչ անես:
Իհարկե, Ալիևը և Ադրբեջանի իշխանություններն ավելի խելացի ու ինֆորմացված են, գիտեն, թե Բագրատյանը ինչու և հանուն ինչի է նման հայտարարություններ անում: Գիտեն՝ ինչից է նեղսրտած և հիմա ո՛ր ուժերի խոսափողն է դարձել: Բայց քարոզչական պատերազմներում Հայաստանի նախկին վարչապետի հայտարարությունները լավագույնս կօգտագործվեն:
Անցած քսան տարիների ընթացքում Հայաստանի և ոչ մի նախկին պաշտոնյայի մտքով չի անցել նման հայտարարություններ անել: Անգամ Մարտի 1-ից հետո է հնչել հստակ արձանագրում, որ եթե Ադրբեջանը փորձի օգտվել առիթից, ապա ներքաղաքական բոլոր տարաձայնությունները կդրվեն մի կողմ, և բոլորը կհամախմբվեն իշխանությունների շուրջ՝ պաշտպանելու հայրենիքը:
Մնում է հուսալ՝ Բագրատյանը զրոների հարցում չի սխալվել և նման հայտարարությունների արդյունքում լրջագույնս բարելավել է անհատական ՀՆԱ-ն: