...

Իսկ 21-րդ դարը մերն էր լինելու

Իսկ 21-րդ դարը մերն էր լինելու

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանի տնտեսական վիճակին՝ ներկայացնելով պաշտոնական թվեր տարբեր գերատեսչություններից։ «Սա վատագույն քառամյակն է սկսած 1994թ.-ից»,- ընդգծել է Բագրատյանը։ Ներկայացված վերլուծությունից առանձնացրել ենք հետևյալը․ «2021-ին ևս 73571 ՀՀ քաղաքացի լքեց Հայաստանը։ 21-րդ դարում մենք նման տեմպ չէինք ունեցել։ Ըստ իս, այդ մարդկանց մենք դուրս ենք մղել երկրից։ Այսպես, ըստ ԱՎԾ 2021-ի առաջին 9 ամիսներին գործազրկության մակարդակը 19%-ից իջել հասել է 15%-ի։ 2021-ի հունվար-սեպտեմբերին միջին հաշվով ունեցել ենք 182 հազ գործազուրկ, 2020-ի 226 հազարի փոխարեն։ Թվում է լուրջ առաջընթաց կա։ Սակայն շտապել պետք չէ։ Բանն այն է, որ այդ նույն ժամանակաշրջանում զբաղվածների (աշխատողների) թիվը 998 հազարից իջել է 981 հազարի։ Բանն այն է, որ մեկ տարվա ընթացքում աշխատուժը 1224 հազ մարդուց դարձել է 1161 հազար. հիմնականում մարդիկ հեռացել են երկրից։ Այսինքն՝ գործազրկությունն իջել է ոչ թե նոր աշխատատեղեր ստեղծելու հաշվին, այլ գործազուրկներին երկրից դուրս մղելու պատճառով։ Կառավարության ղեկավարի խոսքերն առ այն, որ գրանցված աշխատողների թիվն աճում է, ոչ մի կապ չունի խնդրի իրական կողմի հետ։ Գրանցվածների թիվն անընդհատ աճելու է նույնիսկ գործազրկության մակարդակի շեշտակի ավելացման պարագայում»։

Արտագաղթը տխուր ու ցավոտ թեմա է եղել բոլոր ժամանակներում։ Բայց այսօրվա արտագաղթը էականորեն տարբերվում է նախորդներից։ Կատարվողը մի տեսակ ոչ թե արտագաղթ, այլ փախուստ է հիշեցնում։ Մարդիկ երկրից փախչում են ընտանիքներով, գերդաստաններով, գործ ունեցող-չունեցող՝ նույն ճանապարհին են։ Փոխանակ քննարկելու այս հարցերը, հասկանալու դրա սոցիալ-հոգեբանական պատճառներն ու փորձելու միջոցներ ձեռնարկել, իշխանությունը հենց այս օրերին զանազան ֆլեշմոբեր է պատվիրում նույն թեմայով։ Ֆեյսբուքում սկսվում է ֆլեշմոբը, շատերը բանից անտեղյակ ներգրավվում են գործընթացում, և հարթակը դառնում է մի մեծ խենթանոց։ Մնացողը գնացողին է մեղադրում, գնացածը մնացողին է հորդորում բարոյականության դասեր չտալ, երրորդ խումբը դրսից ոգևորում է մնացողներին, ներսիններն էլ դրսիններին են հորդորում իրենց դասեր չտալ «տաք տեղից»։ Համազգային փսիխոզը էլ ո՞նց է լինում։ Թեման իսկապես թեժ էր այս օրերին ֆեյսբուքում։ Մթնոլորտը, թերևս, ամբողջական պատկերել է ֆեյսբուքահայերից Ծովինար Բանուչյանը։ Նա գրել է․ «Ճիշտ եք՝ Հայաստանի բոլոր ցավերի պատճառը դրսում ապրող հայերն են, ներսում ապրող հայերը բոլորիս լավություն են անում, մենք պետք է խոնարհվենք իրենց առաջ, պետք է շոյենք նրանց գլուխները, հեքիաթ պատմենք, քնեն․․․ինչքան գնում էժանանում ա էս խոսակցությունը, ու ցավալի ա, որ գնալով ավելի լուրջ մարդկանց ա տանում էս հարատև բարդույթը․․․ Հայաստանի ցավերի պատճառը գնացողը չի, ոչ էլ մնացողը, Հայաստանի ցավերի պատճառը կրթությունը, ողջախոհությունը մերժելն ա․․․դրսում, ներսում, թե ընդերքում․․․այդքանը․․․»։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1695 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ