Պատերազմի օրերին և դրանից անմիջապես հետո, երբ դեռ շատ թարմ էր բայրաքթարների հասցրած վերքը, մեր հանրության շրջանում նշմարվում էր առողջացման միտում, այսինքն՝ մարդիկ հասկացել էին կրթության և գիտության կարևոր դերը: Սակայն խոսակցությունը մնաց խոսակցություն, և մեկ տարի անց որևէ էական գործ այս ոլորտում չի երևում: Անկեղծ լինելով՝ ասենք, որ չի էլ կարող երևալ: Նախ կրթության, նույնիսկ իսկապես բարեփոխված կրթության արդյունքին երկար պետք է սպասել, երկրորդ՝ գիտությունը ներդրումներ է պահանջում: Մենք ո՛չ նորմալ բարեփոխում ենք կարողանում անել, ո՛չ էլ փող ունենք՝ ներդրումներ անելու համար:
Սակայն այս անգամ, սիրելի՛ ընթերցողներ, ուզում ենք ձեր ուշադրությունը բևեռել ոչ թե ճշգրիտ և բնական գիտությունների զարգացման վրա, որը, անշուշտ, չափազանց կարևոր է, այլ հումանիտար գիտությունների, հատկապես հայագիտության աղետալի վիճակի:
Կարծում ենք՝ քչերին կզարմացնենք, եթե ասենք, որ այսօրվա Հայաստանը մեր հումանիտար կրթության իրական պատկերն է և արդյունքը: Ուստի մեզ պատուհասած աղետի համար պատասխանատու են նախ և առաջ հումանիտար միտքը ձևավորողները: Բացատրենք՝ ինչո՛ւ:
Զարմանում ենք, որ քաղաքական դաշտը գրաված երիտասարդները խնդիրներ ունեն մայրենի լեզվով հաղորդակցվելու, թեպետ, ըստ իրենց կենսագրականների, կրթություն են ստացել Հայաստանի հայկական դպրոցներում, հետո՝ հայկական համալսարաններում: Ընդգծենք՝ նշյալ բոլոր կրթական հաստատություններում նրանք ուսումնասիրել են հայոց լեզու և գոնե դրական գնահատական են ստացել, այլապես չէին ավարտի:
Զարմանում ենք, որ թե՛ երիտասարդները, թե՛ ավագները սոցցանցերում հայերեն գրելիս ուղղագրական կոպիտ սխալներ են անում, օր.՝ փոխնախարարներից մեկը գրում է ընդհամենը, այնինչ տարրական դպրոցի աշակերտն անգամ պետք է այս բառի ճիշտ գրությունն իմանա՝ ընդամենը:
Զարմանում ենք, որ հայերեն խոսող վարչապետի համար ինստիտուտները ովքեր են՝ «Հայաստանի Հանրապետությունում կան ինստիտուտներ, ովքեր ի վիճակի են հետևել…» (Մեջբերումը Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից է):
Լա՛վ, ասենք՝ բառիս բուն իմաստով անգրագիտությունն էական չէ երկիր կառավարելու հարցում, թեպետ չափազանց էական է, որովհետև բնութագրում է անհատին, նրա վերաբերմունքը սեփական լեզվի, ինչպես նաև խոսքի հասցեատերերի նկատմամբ:
Ասենք՝ մեր հասարակության քամահրական վերաբերմունքը հայոց լեզվի նկատմամբ կարելի է բացատրել այնպիսի հանգամանքով, ինչպիսին է հայերենի գործառական տարածքը, այսինքն՝ շատերն են մտածում, որ հայերենն իրենց պետք է միայն ՀՀ սահմաններում, այսինքն՝ իրենք կամ իրենց սիրասուն զավակներն արժանի են ավելի մեծ երկրներում գործելու և ապրելու ճակատագրին:
Հիմա հարց. ո՞ւր մնացին հայրենասիրության դպրոցական դասերը, ցուցադրական ազգասիրության ճոռոմաբան հանդեսները: Բացի կեղծիքից՝ դրանք երեխաներին որևէ դաս տալի՞ս են:
Զարմանում ենք, որ քվեարկողների մեծամասնությունն անասելի թեթևությամբ ձայն տվեց ազգակործան պատուհասին, որի պատճառով զոհվեցին հազարավոր երիտասարդներ, և կորցրինք Շուշին ու Հադրութը:
Չպետք է զարմանանք, որովհետև այս հասարակությունը մեր կրթական համակարգի հայելային արտացոլանքն է:
Ինչպե՞ս են պատմություն սովորում մեր երեխաները: Ճիշտ եք, սերտում են թվականներ, անուններ, սովորում են հպարտանալ Տիգրան Մեծի ձեռքբերումներով, իսկ մոտ անցյալը, օր.՝ Արցախյան առաջին պատերազմը, չեն ճանաչում: Ուսուցիչներն ու դասախոսները, անշուշտ, պատմում են հերոսական դրվագներ, սակայն նրանց ճնշող մեծամասնությունն է մեր հաղթանակի տարիները նկարագրում որպես «ցրտի ու մթի» ժամանակաշրջան՝ հընթացս սևացնելով, ջնջելով այդ ժամանակաշրջանի առաջնորդների կերպարներն ու գործը: Եվ դուք ուզում եք, որ այս կեղծիքներով դաստիարակված հասարակությունը համարժեք արձագա՞նք տա պարտությանն ու խայտառակությանը կամ էլ հասկանա, թե երկրում ինչ է կատարվում իրականում:
Մի խոսքով՝ հնձում ենք այն, ինչ ցանել ենք տարիներ շարունակ: Այս թեման չափազանց ընդգրկուն է մեկ հոդվածում սպառելու համար: Ուստի վերջում նշենք, որ եթե շատ արագ չփոխենք մեր վերաբերմունքը կրթության նկատմամբ, Հայաստանից ոչինչ չի մնա: Իսկ առաջին քայլը պետք է լինի չստելը:
Զարուհի Գաբրիելյան
(շարունակելի)