...

Անարժանահավատ պնդում

Անարժանահավատ պնդում

Հյուրընկալվելով հանրային հեռուստատեսությանը՝ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Արցախի ընտրությունների վերաբերյալ հարցին, արտահայտեց բավական խնդրահարույց դիրքորոշում: Վարչապետը պնդեց, որ Արցախում տեղի ունեցած նախկին ընտրությունները ավելի արժանահավատ են եղել, քան Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական և նախագահական ընտրությունները: 

Այն, որ հայաստանյան ընտրությունները արժանահավատ չեն եղել, դժվար է չհամաձայնել Փաշինյանի հետ, բայց դժվար է համաձայնել նրա հետ, որ արցախյան ընտրություններն իրենց բովանդակությամբ և ժողովրդավարական չափանիշներով առանձնապես տարբերվել են հայաստանյան ընտրություններից: Վերջին 20 տարիներին՝ մասնավորապես 1998 թվականից մինչև 2018 թվականը, Հայաստանում և Արցախում իշխել են նույն ուժերը: Արցախի իշխանություն են կարգվել Քոչարյանի և Սարգսյանի քիմքին հաճո ուժեր: Հայաստանում և Արցախում իշխող էլիտաների կապը եղել է շատ ամուր, և անգամ հեղափոխությունն ի վիճակի չեղավ այդտեղ շտկումներ ու անջրպետներ մտցնել: Այդ կապերի հիմքում դրված են եղել շատ լուրջ շահեր և համատեղ մութ հետագիծ ու կրկնենք` հեղափոխությունն առանձնապես ոչինչ չփոխեց այդ ասպարեզում: 

Եվ հիմա, Փաշինյանը կատարում է հերթական ռևերանսը Արցախի իշխանությունների հանդեպ` պնդելով, թե նրանք ավելի ժողովրդավար են, քան Քոչարյանը և Սարգսյանը: Կյանքը ցույց տվեց, որ Արցախի իշխանություններն առանձնապես չեն ազդվում այս սիրալիրություններից և չեն դադարում մնալ ռևանշի հայաստանյան ուժերի դաշնակիցը: 

Պետք է փաստել. Հայաստանի գործող իշխանությունը չունեցավ կամք և ռազմավարություն` Արցախ հասցնել հայաստանյան քաղաքական օրակարգը: Անկախ նրանից, թե ով կընտրվի նախագահ` Արայիկ Հարությունյանը, թե Մայիս Մայիլյանը, Հայաստանի և Արցախի էլիտաների հարաբերություններում շատ քիչ բան է փոխվելու:

Ընտրությունների ֆավորիտները շատ սերտ կապերով են կապված Հայաստանի նախկին իշխանությունների հետ և վերջիններս չեն կորցնելու իրենց ազդեցությունը Արցախում: Պատահական չէ, որ նախկինների մեդիան առանձնապես մտահոգված չէ Արցախի ընտրությունների ճակատագրով: 

Եվ հիմա Փաշինյանը ստիպված է Արցախի իշխանությունների ձևավորման ձախողված քաղաքականությունը քողարկել հայտարարություններով, թե ամեն ինչ հսկողության տակ է: Իրականում դա լինելու է հաղթանակի իմիտացիա, Պյուրոսյան հաղթանակ, քանի որ Արցախյան խճանկարում լինելու են աննշան փոփոխություններ: 

Արիս Վաղարշակյան   

ՎԱՐԿԱՆԻՇ

   1580 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ