...

Անասնաբույժներ էլ են պետք

Անասնաբույժներ էլ են պետք

ՀՀ իշխանությունները մտադիր են ընդունել օրենք, որով մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց ընտանիքների անդամների բուժսպասարկումը կիրականացվի պետբյուջեի հաշվին, իսկ ԱԺ նախագահը կունենա նաև անձնական բժիշկ։ Մեր տեղեկություններով, օրինագծի նախնական տարբերակը եղել է այսպիսին․

Հոդվ․ 1․ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին ու նրանց ընտանիքների անդամներին տրամադրվող բժշկական և անասնաբուժական ծառայություններն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի հաշվին։

Հոդվ․ 2․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «ժողովուրդն իմ ընտանիքն է» արտահայտությունը սույն օրենքի շրջանակներում իրավական ուժ չունի։

Հոդվ․ 3․ Բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքների անդամների անվճար բուժսպասարկումը ներառում է․

ա․ Առողջության պահպանման պրոֆիլակտիկ միջոցառումներ, այդ թվում՝ այցելություններ ծովափնյա հանգստավայրեր, սանատորիաներ, մարզասրահներ, սպա սրահներ և առողջ կենսակերպ ապահովող այլ հաստատություններ,

բ․ Գունագեղ տոնախմբություններին և այլ փարթիներին հաջորդող առավոտյան գլխացավերի բուժում (կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին),

գ․ Հոգեբանական ծառայություններ՝ հասարակ ժողովրդի ներկայացուցիչների հետ չնախատեսված հանդիպումներից հետո,

դ․ Վնասվածքաբանական և (կամ) ստոմատոլոգիական ծառայություններ՝ եթե այդ հանդիպումները տեղի են ունենում առանց Ոստիկանության ներկայացուցիչների,

ե․ Բուժական նպատակներով թույլատրված թմրամիջոցների և հոգեմետ պրեպարատների անվճար առաքում և ներարկում։

Հոդվ․ 4․ Գիշերային ժամերին բուժքույրական ծառայությունները մատուցվում են բացառապես անվտանգության կանոնների պահպանմամբ և շահառուի ընտանիքի անդամների թույլտվությամբ։

Հոդվ․ 5․ Անասնաբուժական ծառայությունների մատուցման նպատակը պաշտոնյաների ընտանի կենդանիների առողջության պահպանումն է, քանի որ ընտանի կենդանիները նույնպես ընտանիքի լիիրավ անդամներ են։ Բացի այդ, հաշվի առնելով որոշ բարձրաստիճան պաշտոնյաների ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, անասնաբույժներն անհրաժեշտության դեպքում կարող են հաջողությամբ փոխարինել բժիշկներին։

Հոդվ․ 6․ ՀՀ պետական բյուջեի լրացուցիչ բեռը թեթևացնելու նպատակով սույն օրենքի կիրառման համար անհրաժեշտ դրամական միջոցները հատկացվում են սույն օրենքի հրապարակումից հետո ՀՀ իշխանությունների վերաբերյալ բարձրաձայն կարծիք հայտնելու համար նախատեսված տուգանքներից։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   821 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ