...

Օրենք Ամանորյա ուղերձի մասին

Օրենք Ամանորյա ուղերձի մասին

«ՉԻ» խմբակցություն

Հաշվի առնելով Ամանորյա շնորհավորական ուղերձների դերն ու նշանակությունը պետության կյանքում, առաջնորդվելով 2018թ. թավշյա հեղափոխության կարգախոսներով, 

Առաջարկում ենք ընդունել օրենք ամանորյա ուղերձների մասին: Սույն օրենքի ընդունումը կնպաստի Հայաստանում աշխարհիկ կյանքի զարգացմանը:
 
Օրենք Ամանորյա ուղերձի մասին (նախագիծ)

Հոդվ. 1. Ուղերձը տարեվերջյան ավանդույթ է:

Հոդվ. 2. Հայաստանում ուղերձով հանդես գալու լիազորություններ ունեցողների ցանկը հաստատվում է տարվա վերջին օրվա ավարտից ոչ ուշ, քան 4 (չորս) ժամ առաջ:

Հոդվ. 3. Հանրապետության վարչապետը.

ա) տարվա վերջին օրվա ավարտից ոչ շուտ, քան 5 (րոպե) առաջ, հանդես է գալիս ուղերձով,

բ) ուղերձում ներկայացնում է տարվա բոլոր ձեռքբերումները, աննախադեպ հաջողությունները, տնտեսական թռիչքները, իսկ դրանց բացակայության դեպքում հիշեցնում է նախկին իշխանությունների թողած ժառանգությունը:

գ) խոստանում է խոստումներ՝ առանց ժամկետներ նշելու:

Հոդվ. 4. Ազգային ժողովի նախագահը.

ա) տարվա վերջին օրվա ավարտից ոչ շուտ, քան 5 (րոպե) առաջ, հանդես է գալիս ուղերձ-ստատուսով,

բ) ուղերձում ներկայացնում է տարվա բոլոր ձեռքբերումները, աննախադեպ հաջողությունները, տնտեսական թռիչքները, իսկ դրանց բացակայության դեպքում հիշեցնում է նախկին իշխանությունների թողած ժառանգությունը:

գ) Ոչ մի բան չի խոստանում:

Հոդվ. 5. ՀՀ նախագահը.

ա) տարվա վերջին օրվա ավարտից ոչ ուշ, քան 5 (րոպե) հետո, իր պաշտոնական կայքում տեղադրում է վարչապետի ուղերձը, 

բ) լայքում ու շեյրում է ԱԺ նախագահի ստատուս-ուղերձը:

Հոդվ. 6. Վեհափառ Կաթողիկոսը.

ա) ուղերձով դիմում է ժողովրդին, եթե ուղերձի բովանդակությունը համաձայնեցրել է ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի կամ սույն օրենքով նախատեսված այլ պաշտոնյաների հետ:

բ) ավտոմատ զրկվում է ուղերձով դիմելու հնարավորությունից, եթե դրանում առկա չեն ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի կամ սույն օրենքով նախատեսված այլ պաշտոնյաների բացառիկ դերն ու նշանակությունն ընդգծող նախադասություններ, նրանց ձեռքբերումներն ու հաջողությունները հիշատակող պարբերություններ:

Հոդվ. 7. Ցանկացած ուղերձ համարվում է չեղյալ, եթե դրա տեքստում նշվում են «Արցախ», «բռնագաղթ», «կորուստ», «փորձություն», «աղետ», «անօթևան» և սույն օրենքով նախատեսված այլ նեգատիվ արտահայտություններ (ցուցակը կցվում է):

Հուսով ենք՝ խորհրդարանը սույն նախագիծը արագորեն կընդունի, ինչը բացառիկ ուղերձ կլինի միջազգային առաջադեմ մարդկությանը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   489 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ