...

Աննախադեպ փաստ օդանավակայանում

Աննախադեպ փաստ օդանավակայանում

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը հայտնել է. «Ուրախ ենք Հայաստանում ողջունել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին։ Նա կհանդիպի կառավարության, քաղաքացիական հասարակության ու գործարար դաշտի առաջնորդների հետ՝ քննարկելու երկկողմ առաջնահերթությունները և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերը»:

«ՉԻ». Որ Ֆիլիպ Ռիքերին եկել է Հայաստան, դա լավ է: Որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը դրա մասին հաղորդագրություն է տարածել, էդ ավելի լավ է:

Բայց, պետք է ցավով արձանագրենք, որ ԱՄՆ-ի դեսպանությունն ակնհայտորեն վատ է աշխատում: Թերանում է իր գործում: Գոնե մի կես բերան էլ գրեր, տեսնեինք՝ ով է Ֆիլիպ Ռիքերիին օդանավակայանում դիմավորել: Որպես կանոն, նման ստատուսով օտարերկրյա պաշտոնյային դիմավորում են առնվազն փոխարտգործնախարարի մակարդակով, բայց ամերիկացիներն այդ մասին բան չեն գրել: Որովհետև մեր արտգործնախարարությունը չի գործում, անտերության է մատնված: Նախարար չունի, փոխարտգործնախարարներ չունի, պաշտոնական կայքը հունիսի 4-ից սատկած է: 

Այս իրավիճակում ԱՄՆ-ի դեսպանությունը կարող էր մտնել մեր դրության մեջ, մի քիչ ՀՀ արտգործնախարարության տեղը գործ աներ: Ավելին, ելնելով ստեղծված աննախադեպ հանգամանքներից՝ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ի դեսպանին կարող էր ՀՀ արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեր, մինչև տեսնեինք՝ ում ենք համոզում նստել նախարարի աթոռին:

Լավ բան չեն անում ամերիկացիները: Աստված երես է թեքել մեզանից, գոնե դուք մի քիչ շրջվեք դեպի մեզ: Դատելով դեսպանատան տարածած լուսանկարներից՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարին ինչ-որ մի ձյաձյա է դիմավորում: Այնքան հետաքրքիր է, թե ով է այդ մարդը: Ի՞նչ իմանանք, կարող է, օդանավակայանի VIP սրահի մենեջերն է: Կարող է, գնացել են, այս մարդուն ասել. «Ձյաձ ջան, վդով մարդ ես երևում, կաստըմ-շալվարով, ինչ կլնի, էնտեղ մի հատ ամերիկացի է գալիս, գնաս, դիմավորես, մի թեթև էլ բարևես, մարդ չունենք»: Եվ այս մարդն էլ համաձայնվել է: 

Այնպես որ, մենք պահանջում ենք, որ ԱՄՆ-ի դեսպանատունն ավելի ակտիվ աշխատի: Մինչև պահակը կբացի արտգործնախարարության շենքի դռները:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   875 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ