...

Առաքելությունն անհամատեղելի է ընտանիքի անդամների քմահաճույքների հետ

Առաքելությունն անհամատեղելի է ընտանիքի անդամների քմահաճույքների հետ

Հեղափոխական կառավարությունը կարող է անել սխալներ, անգամ տապալել ոլորտներ, բայց իրավունք չունի դավաճանել հեղափոխական արժեքներին: Արժեքներ, որ օգնել են հաղթելու հանցագործ և կոռումպացված համակարգին: Հեղափոխության լիդերն իրավունք չունի հրաժարվել ասկետիկ կյանքից և որոշել միանգամից կյանքի կոչել իր և ընտանիքի անդամների բոլոր ֆանտազիաներն ու քմահաճույքները:

Պետական միջոցներով վարչապետի դստեր համար ձեռք է բերվել ամենագնաց: Ձևակերպումը նույնն է, ինչ նախկինում՝ անվտանգության նկատառումներից ելնելով: 

Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական գործունեության ընթացքում բազում փայլուն ելույթներ է ունեցել: Բայց ելույթների մեջ առանձնահատուկ հաջողված էր ԱԺ-ում «պադավատապետությանը» նվիրված ջախջախիչ ելույթը:

Նա օրինակներով և համեմատություններով բացատրեց, որ ծառայողական մեքենաների թիվը չափից ավելին է: Նա քարը քարին չթողեց Սերժ Սարգսյանի գործելաոճից՝ բոլոր պաշտոնյաներին ծառայողական մեքենաներով ապահովելու քաղաքականությունից: Նա բերեց Դանիայի օրինակը, որտեղ ծառայողական ավտոմեքենաներով ապահովված պաշտոնյաների քանակը տասն անգամ ավելի քիչ էր, քան Հայաստանում:

Իհարկե, իշխանությունը մեծ գայթակղություն է՝ իր ընձեռած բարիքներից օգտվելով հանդերձ, բայց պատմության մեջ հետք թողածներին վայելքների նկատմամբ թուլություն ունեցողներից հենց դրանց չտրվելն է առանձնացնում: Այսուհետ դժվար կլինի պնդել, որ իրենք եկել են ծառայություն և առաքելություն իրականացնելու՝ առանձնատան 200 հազար դոլարանոց վերանորոգման և ամենագնաց գնելու ֆոնին: Առաքելություն այդպես չեն իրականացնում: Վսեմ գործի դիմաց նման վարձատրություն չեն պահանջում ու ստանում:

Այսուհետ Փաշինյանին դժվար կլինի պաշտոնյաներին հորդորել ծառայողական մեքենաները չօգտագործել ընտանիքի անդամների կարիքների համար:

Համաշխարհային պատմությունը գիտի բազմաթիվ փայլուն պետական և քաղաքական գործիչների, որոնք կործանվել են ընտանիքի անդամների մեծ ախորժակների պատճառով: Չափազանց տխուր կլինի, եթե Փաշինյանը որոշի համալրել նրանց թիվը:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1823 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ