...

Առայժմ Հայաստանն եք փռում ասֆալտին

Առայժմ Հայաստանն եք փռում ասֆալտին

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրել է. «Լաչինի միջանցքի նոր ճանապարհը ադրբեջանցիները ավարտել են։ Ու չնայած դեռ մանր մունր գործեր անում են, բայց անձամբ գնացի և ստուգեցի, թե ինչպիսի ուղի է։ 

Բավական բարձրորակ ճանապարհ են կառուցել: Ռուս խաղաղապահները հսկում են ինչպես ճանապարհը, այնպես էլ հարակից գյուղերը։ 

Ցավում եմ միայն, որ այդ ճանապարհի դիմաց իշխանությունները հանրության լուռ հայացքի ներքո համաձայնել են հանձնել Բերձորն ու Աղավնոն։ 

Ցավում եմ նաև, որ հայ ճանապարհաշինարարները չկարողացան 9 ամսում 6 կմ ճանապարհ կառուցել այն դեպքում, երբ թշնամին 30 կմ-ը կառուցեց այդ ընթացքում»:

Բերձորն ու Աղավնոն հանձնելու թեման այս օրերին բուռն քննարկումների տեղիք է տվել: Շատերի կարծիքով դա Ուկրաինայում խրված Ռուսաստանն է տեղի տվել Ադրբեջանի և Թուրքիայի ճնշումներին, ստիպված դրանք հանձնում է, որ այստեղ խախանդվի, ինքն էլ կենտրոնանա ուկրաինական ուղղությամբ:

Շատերի կարծիքով էլ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որևէ խոսք Բերձորի ու Աղավնոյի հանձման մասին չկա: 

Բացառված չէ, որ այս երկու տեսակետն էլ արդարացի են: 

Բայց այստեղ հարց է առաջանում. Ադրբեջանն ինչո՞ւ էր այդ նոր ճանապարհը կառուցում: Ընդ որում, սկսել է կառուցել դեռ մինչև ռուս-ուկրաինական պատերազմը: Այսինքն՝ այն ժամանակ, երբ ռուսների գլուխն այդքան խառը չէր: 30 կիլոմետրանոց բարձրորակ ճանապարհը, ինչպես Նաիրի Հոխիկյանն է ասում, կատակ բան չէ. նման տեղանքով, սար ու ձորով, այն բավական ծախսատար գործ պետք է լինի: Ադրբեջանցիները հո հիմար չէի՞ն, որ հենց այնպես այդքան ծախս անեին՝ չիմանալով, թե դրա դիմաց ինչ են ստանալու: Մի մետր էլ չէին սարքի: Այսինքն՝ Բերձորի ու Աղավնոյի հանձնման գործընթացը վաղուց է սկսվել, վաղուց են ձեռք բերվել պայմանավորվածություններ, նոր դրանից հետո Ադրբեջանը սկսել է այդ ճանապարհը կառուցել: 

Ու այստեղ երկրորդ հարցն է առաջանում. եթե մեր իշխանությունները գիտեին այս մասին, ինչո՞ւ շատ ավելի վաղուց չէին սկսել մեր հասանելիք 6 կիլոմետրանոց ճանապարհի կառուցումը, որ հիմա գլխիկոր չհայտարարեին, թե հլը որ գրունտային ճանապարհով ենք Արցախի հետ կապվելու: 

Իշխանության ներկայացուցիչները՝ սկսած Նիկոլ Փաշինյանից, մի քանի անգամ օրերս հայտարարեցին, թե նոր միջանցքի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չի եղել, դեռ նույնիսկ պլան չկա և այլն: 

Այդ դեպքում երրորդ հարցն է առաջանում. բա ձեր աչքի առջև ադրբեջանցիները տարուց ավել է, ճանապարհ են կառուցում, ինչի՞ այս մասին չեք խոսել, չեք բարձրաձայնել, չեք պահանջել, որ այն դադարեցվի, մինչև համաձայնություն ու ինչ-որ պլան ձեռք բերելը: Ադրբեջանի հետ բանակցություններում այս մասին խոսվե՞լ է: Ռուսաստանի հետ քննարկվե՞լ է: 

Հիմա պոստֆակտում հայտարարում են, որ նոր ճանապարհ ենք կառուցելու: Տեսնես՝ դա՞ էլ է պայմանավորվածության արդյունք, թե՞ ստիպված ենք սարքում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1016 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ