...

Արցախից ձեռքերը լվանալու մանդատը

Արցախից ձեռքերը լվանալու մանդատը

44-օրյա պատերազմից հետո մեր տարածաշրջանում փոխվել են ոչ միայն պետությունների փաստացի սահմանները, այլև այն իրավական փաստաթուղթը, որի հիման վրա կամ որի շրջանակներում էլ 26 տարի շարունակ տեղի էին ունենում տարածաշրջանային զարգացումները։ Մինչև 44-օրյա պատերազմը գործող հիմնական փաստաթուղթը 1994-ի մայիսին ստորագրված համաձայնագիրն էր, որով նախատեսվում էր դադարեցնել ռազմական գործողությունները և բանակցությունների միջոցով հասնել արցախյան խնդրի վերջնական կարգավորման։ Իսկ ահա 44-օրյա պատերազմից հետո այդ փաստաթուղթը, որքան էլ ցավալի է կամ որքան էլ մենք փորձենք հակառակը պնդել, այլևս փաստացի որևէ արժեք չունի։ Այսօր գործող «հիմնական փաստաթուղթը» 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է, ու ակնհայտ է, որ առաջիկա առնվազն մի քանի տարիների զարգացումներն ընթանալու են դրա տրամաբանությամբ։

1994-ի մայիսից հետո, ի դեպ, առանձնապես բարդ չէր հասկանալը, թե ինչու է կողմերին այդքան երկար ժամանակ տրվում խնդրի խաղաղ կարգավորման համար, ու միանգամայն կանխատեսելի էր նաև, թե ինչ տեղի կունենա, եթե կողմերը համաձայնության չգան։ Բայց մենք ոչ հասկանալու, ոչ կանխատեսելու որևէ ցանկություն չդրսևորեցինք ու արդյունքում հայտնվեցինք նոր իրավիճակում՝ նոր «հիմնարար փաստաթղթի» պարտավորությունների բեռան տակ։ Եվ շատ կարևոր է, որ գոնե հիմա կարողանանք կանխատեսել, թե առաջիկա տարիներին ինչ նոր փորձանքներ կարող է բերել այդ փաստաթուղթը։

Ի՞նչ է սպասվում Արցախում առաջիկա չորս տարիներին։ Արցախի Պաշտպանության բանակն, իհարկե, կպահպանվի, բայց հայաստանցիների ծառայությունն այդ բանակում բավականին խնդրահարույց կլինի, իսկ Արցախը միայն իր ռեսուրսներով կարող է ունենալ առավելագույնը 5-6 հազարանոց կանոնավոր բանակ։ Էլ չենք խոսում մատակարարումների մասին, որովհետև Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը վերահսկում են ռուս խաղաղապահները, ու նրանց կամքից է կախված՝ մատակարարումներ կլինե՞ն, թե՞ ոչ։ Հիմա այս հարցերն ամբողջ սրությամբ չեն դրված, բայց դժվար չէ կանխատեսելը, որ դա ընդամենը ժամանակի հարց է։

Միանգամայն կանխատեսելի է նաև, որ Ադրբեջանը պահանջելու է իրականացնել նոյեմբերի 9-ի փաստաթղթի այն կետը, որով նախատեսվում է ադրբեջանցի փախստականների վերադարձ Արցախ։ Ընդ որում՝ ոչ միայն, ասենք, Իվանյան (նախկին Խոջալու), այլև Ստեփանակերտ և մերձակա գյուղերը (այնտեղ մինչև 1988-ը 2-3 հազար ադրբեջանցիներ էին ապրում)։ Փոխարենը նրանք կարող են «համաձայնվել», ասենք, որ հայերն էլ Հադրութ վերադառնան, բայց հասկանալի է՝ որևէ հայ չի վերադառնա մի քաղաք, որտեղ ադրբեջանական բանակն ու ոստիկանությունն են։ Իսկ ահա ադրբեջանցի փախստականների վերադարձը կանխելը շատ բարդ կլինի։ Որովհետև ռուս խաղաղապահները կապահովեն նրանց անվտանգությունը, ադրբեջանցիները կպահանջեն, որ իրենց ներքին զորքերը նույնպես մասնակցեն, և ամեն ինչ փաստացի կվերադառնա 1988-90 թվականների վիճակին։ Այն տարբերությամբ, որ այդ տարիներին Ադրբեջանը բանակ չուներ, և կարելի էր ինքնապաշտպանական ջոկատներով ապահովել սեփական անվտանգությունը, իսկ հիմա դա գործնականում անհնար կլինի։

Համաձայնվեք՝ բավականին ծանր հեռանկար է, ու դրանից խուսափելու համար առանձնապես շատ ժամանակ չունենք։ Բայց արդյո՞ք Հայաստանի իշխանություններն ընդհանրապես մտածում են այս հարցերի մասին, թե՞ վերջնականապես լվացել են ձեռքերն ու զբաղված են բացառապես ներքաղաքական գզվռտոցներով՝ համարելով, որ իրենք հենց Արցախից ձեռքերը լվանալու մանդատ են ստացել։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1029 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ