...

Լեզվակռիվ վատի և վատթարի միջև

Լեզվակռիվ վատի և վատթարի միջև

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում էր «Հայաքվե» նախաձեռնության ներկայացրած օրենքի նախագիծը, որի համաձայն՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելն ու ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը պիտի համարվեն քրեորեն պատժելի արարքներ։

Միանգամից ասենք՝ բովանդակային առումով խղճուկ տեսարան էր, լեզվակռվի որակի առումով՝ բավականին բարձրակարգ, որովհետև երկու «կողմերն» էլ (խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս Արծվիկ Մինասյանի, և ՔՊ-ականները) իսկական պրոֆեսիոնալներ էին։

Թե ինչու էր բովանդակային առումով խղճուկ՝ կարծում ենք, հասկանալի է։ Մի կողմում նրանք էին, ովքեր ժամանակին մերժել էին ղարաբաղյան հակամարտության արժանապատիվ կարգավորման հնարավորությունը, այդ պատրվակով երկրում հեղաշրջում իրականացրել, 20 տարի «հող հանձնողին հանձնենք հողին» գոռգոռալով վայելել իշխանությունն ու ի վերջո Ադրբեջանին ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու հնարավորություն տվել, մյուս կողմում նրանք էին, ում «դուխով առաջնորդն» ամեն ինչ արել էր, որ Ադրբեջանն իր այդ հնարավորությունը լավագույնս իրացնի ու հասնի այնպիսի արդյունքների, որոնց մասին անգամ երազել չէր կարող։ Ու ստացվեց, որ արդեն Արցախը կորցնելուց հետո սրանք իրար հետ վիճում են, թե իրենցից որն է ավելի վատը և ով է ավելի մեղավոր։ Արծվիկ Մինասյանը, ի դեպ, հենց այդպես էլ ասաց՝ «բա եթե մենք վատը չլինեինք, դուք ի՞նչ գործ ունեիք իշխանության մեջ, բայց պարզվեց՝ դուք ավելի՛ վատն եք»։ Ինչևէ։

Իսկ ահա լեզվակռվի որակը բավականին բարձր էր, որովհետև մասնակիցներն իսկական պրոֆեսիոնալներ էին։ Հայրենիքի որևէ հատված կորցնելուց հետո դրա վերադարձի համար պայքարելու և այդ դրոշով քաղաքական (և ոչ միայն) դիվիդենտներ շահելու հարցում Դաշնակցությունից ավելի փորձառու ուժ հաստատ գոյություն չունի, իսկ Արծվիկ Մինասյանը հենց դա էր անում՝ փորձում էր արդեն իսկ կորսված Արցախը «փրկելու» դրոշ ծածանելով իր թիմի համար քաղաքական դիվիդենտներ շահել։ ՔՊ-ականներն էլ իրենց հերթին հաստատ պրոֆեսիոնալներ են ու հավասարը չունեն սեփական հանցանքներն ուրիշների վրա բարդելու հարցում, իսկ հանձնաժողովի նիստում նրանք, իրար «պաս տալով», հենց դա էին անում՝ փորձում էին Արցախի կորստյան մեղքը բարդել իրենցից բացի բոլորի վրա։ Մի խոսքով, ինչպես ֆուտբոլային մեկնաբանը կասեր, «գոլառատ հանդիպում էր, որն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով»։ 

Ընդ որում՝ այդ «հանդիպումն» ու արդյունքն ի սկզբանե որևէ կապ չունեին կոնկրետ Արցախի հետ։ Խորհրդարանական ընդդիմությունը, բնականաբար, այդ նախագիծը Ազգային ժողով է մտցրել ոչ թե նրա համար, որ ընդունվի և օրենքի ուժ ստանա (նրանք իրավացիորեն համոզված են, որ նման բան չի լինի), այլ որպեսզի մերժվի, և իրենք ասեն՝ «տեսա՞ք, որ սրանք թրքաբարո դավաճաններ են և ուրանում են ոչ միայն Արցախը, այլև Հայոց ցեղասպանությունը, հետևաբար՝ պետք է օր առաջ ձերբազատվել սրանցից»։ Այլ կերպ ասած՝ այս նախաձեռնության նպատակը զուտ ներքաղաքական է։ ՔՊ-ական պատգամավորներն էլ իրենց հերթին մերժելու են այդ օրինագիծը ոչ թե այն պատճառով, որ քաղաքական ինչ-ինչ համոզմունքներ ունեն, այլ որովհետև ստիպված են լինելու կատարել «շեֆի» հրահանգը, հակառակ դեպքում՝ կզրկվեն լափամաններից։

Ասվածը, ի դեպ, կոնկրետ այդ քննարկման ոչ բոլոր մասնակիցներին է վերաբերում։ Չի բացառվում, որ նրանց մեջ իսկապես էլ իրենք իրենց ասածներին հավատացողներ լինեն։ Այլ հարց է, որ բուն քննարկման «տիկնիկավարներն» այդ դահլիճում չէին, ընդ որում՝ Արցախի ապագան նրանց հաստա՛տ չէր հետաքրքրում։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   539 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ