ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը՝ մեկնաբանելով ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ճանապարհի փակման հետ կապված իրավիճակը, ասել է. «Սա շատ փոքր, լուծելի խնդիր է»:
«ՉԻ». Սյունիք, Սյունիք.... մի հատ քիփիլիկ մարզ ա, էլի: Շուխուր եք գցել աշխարհով մեկ, գերտերությունների բոսերին քնից հանում եք, թե հայ-հարայ, հասեք: Եղածը ճամփա չի՞:
Այս իշխանությունների օրոք մենք որևէ լուրջ, մեծ խնդիր չունենք: Բոլորն էլ փոքր, լուծելի հարցեր են: Իմիջիայլոց, Նիկոլ Փաշինյանն այսօր այդպես էլ ասաց. որ պատերազմից հետո ներքին լուրջ մարտահրավերներ չենք ունեցել:
Ուրիշ ի՞նչ ասենք այս թեմայով: Սպասեք, մտածենք: Նախկին իշխանություններին պետք է քննադատել, որովհետև նախկին են ու իրենց պատճառով է այսօր փակվել Գորիս-Կապան ավտոճանապարհը: Մի րոպե, էս մենք Նիկոլի ասածն ենք կրկնում: Այսօր ինչ պարզաբանում պահանջեցին խորհրդարանում, բոլոր հարցերի պատասխանը նույնն էր՝ մեղավորը նախկիններն են: Պատրաստված էլ եկել էր, Սերժ Սարգսյանի ելույթներից մեջբերումներով:
Մի խոսքով, հանգիստ քնեք, պրոբլեմ չկա: Ապագա գրունտ կա´, կա´ ապագա գրունտ: