«Հետք» էլեկտրոնային կայքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը նախարարների աշխատավարձերի կրկնակի բարձրացման մասին, հանրության լայն շրջանակների քննարկման առարկան է դարձել: Այս մասին Ազգային Ժողովում պարզաբանում են նաև հայրենի ազգընտիրները:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը «ՉԻ» հետ զրույցում նշեց.
- «Հետք» հետաքննող լրագրողների լրատվամիջոցը այն լրատվամիջոցներից է, որում զետեղված նյութերն արժանահավատ են, բայց միևնույն ժամանակ դատողություն անել այս հարցի վերաբերյալ, չիմանալով կառավարության պաշտոնական դիրքորոշումը, ես չեմ շտապում: Ինչ վերաբերում է, որ գործընթացը պետք է կատարվի օրենքով, պետք է ասեմ, որ աշխատավարձերի ֆիքսումը կատարվում է բացառապես օրենքով:
Եթե չեմ սխալվում, «Հետք»-ի հրապարակման համաձայն, նախարարները վարձատրվում էին 1 միլիոն 500-հազարական դրամ: Իրականում աշխատանքի գնահատման տեսանկյունից ես գտնում եմ, որ դա էլ է քիչ նախարարներին և փոխնախարարներին գնահատելու համար, քանի որ նրանք աշխատում են նախատեսվածից շատ, անգամ շաբաթ և կիրակի օրերին: Մտահոգության խնդիր ես չեմ տեսնում և չեմ կարծում, որ այս պայմաններում բովանդակային առումով որևէ առարկություն կարող է լինել:
- Իսկ այն, որ աշխատավարձերի բարձրացումը չի հանրայնացվել, գաղտնիության այս դրսևորումը կասկածներ չի՞ առաջացնում, չկա՞ մտահոգվելու խնդիր:
- Ես կարծում եմ, որ երբ կառավարության կողմից մենք պատշաճ տեղեկատվություն կստանանք, պարզ կլինեն ելակետերը, նոր կկարողանանք կարծիք արտահայտել: Որպեսզի ես կարողանամ դատողություններ անել, պետք է ծանոթ լինեմ կառավարության տեսակետին:
- Պատրաստվո՞ւմ եք պարզաբանում պահանջել Կառավարությունից:
- Որոշակի դիալոգ և պարզաբանմանն ուղղված որոշակի գործընթաց բնականաբար լինելու է: Աշխատանքային կարգով, թե հրապարակային, չեմ կարող ասել, ես չեմ դրա նախաձեռնողը: Այսինքն, ընդհանուր մեր գործընկերների հետ կարծում եմ՝ կխոսենք: Կրկնում եմ, երբ որ կունենանք ելակետերը, կունենանք պարզաբանումներ, նոր մեր գնահատականը կտանք՝ ընդունելի է, թե՞ ընդունելի չէ: Բայց ես զարհուրելի ոչ մի բան չեմ տեսնում, կարող է հարցականներ առաջացնել միայն գաղտնիության ֆորմատը:
- Պարոն Գրիգորյան, անդրադառնանք Սահմանադրական Դատարանի կողմից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ԱԺ որոշման նախագծի մերժմանը: Անակնկա՞լ էր մերժումը:
- Պետք է ասեմ, որ անակնկալ էր: Ես որպես իրավաբան, ծանոթանալով Սահմանադրական Դատարանի լիազորություններին, կարծում եմ, որ որոշակի դեպքերում դիմումը կարող էր քննության չառնվել, բայց դա վերաբերում էր ֆորմալ պահանջներին: Իրականում ՍԴ կողմից որոշ իրավական ակրոբատիկա է իրականացվել, որով հիմնավորվել է, որ ժամկետը խախտված է: Ինձ համար կոնկրետ անակնկալ էր, որ Սահմանադրական Դատարանը կարող էր նման վարքագիծ դրսևորել, ու քննության չառներ որոշման նախագիծը: Անկեղծ լինելու համար նշեմ, որ ես էլի մերժում էի տեսնում, բայց մերժումը կարող էր լինել ոչ թե այս փուլում, այլ՝ ըստ էության քննությունից հետո:
- Որո՞նք են լինելու այդ ուղղությամբ ձեր խմբակցության հետագա քայլերը:
- Մենք ասել ենք, որ մեր հետագա քայլերը հիմա այժմ քննարկման փուլում են: Արդյո՞ք մենք համակերպվելու ենք այն իրողության հետ, որ ըստ էության Սահմանադրական Դատարանը ոչ միայն չի իրացնում իր լիազորությունները այնպես, ինչպես բխում է Սահմանադրությունից և օրենքներից, այլ անգամ քննության չի առնում Ազգային ժողովի կողմից բարձրացված հարցերը: Նման պայմաններում, ես չեմ պատկերացնում, որ մենք կարող ենք ձեռքներս ծալած նստել, բայց հետագա քայլերը պետք է լինեն օրինականության և իրավական շրջանակներում:
Մելանյա Ծառուկյան