Խաչատուր Սուքիասյան. Կենդանակերպի նշանը՝ Բոխախ
Այս շաբաթը հագեցած է հավայի իրադարձություններով:
Երկուշաբթի օրը օրինագիծ կներկայացնեք խորհրդարան, ըստ որի՝ կարգելվի տրեխներ հագած պատգամավորների մուտքը դահլիճ:
Երեքշաբթի օրը աղերսագիր կներկայացնեք վարչապետին, որ Հայաստանը փրկելու համար «Սիլ Գրուպին» անհրաժեշտ է 4 հեկտար Երևանի կենտրոնում, 6,5 հեկտար՝ Էրեբունիում ու մի երկու հատ շինարարական տենդեր:
Չորեքշաբթի օրը կհայտնեք, որ ԿՀՎ-ի խնդրանքով դուք եք ֆինանսավորել Ղարաբաղյան շարժումը, ԿԳԲ-ի խնդրանքով էլ դադարեցրել այն:
Հինգշաբթի օրը ճեպազրույց կտաք. մինչ այդ ուսումնասիրեք ճեպազրույցին մասնակցող լրագրողների տոհմածառերը, մինչև 18-րդ դարի սկիզբը:
Ուրբաթ օրը կհայտարարեք, որ նախկին բոլոր իշխանությունների օրոք մի կոպեկ փող չեք ունեցել ու ողջ կարողությունը ձեռք եք բերել ներկա իշխանությունների շնորհիվ:
Շաբաթ-կիրակի օրերն անցկացրեք տնային միջավայրում. չմոռանաք դուռը բացել Ալեն Սիմոնյանի առջև: