...

Հաղթանակն ուրանալը չի ազատի պարտության պատասխանատվությունից

Հաղթանակն ուրանալը չի ազատի պարտության պատասխանատվությունից

Հայաստանի ներքաղաքական կյանքի հիմնական ֆենոմենը թերևս այն է, որ Նիկոլ Փաշինյանը, պատերազմում ջախջախիչ պարտություն կրելուց ու Արցախը կորցնելուց հետո, կարողացավ ոչ միայն պահպանել իշխանությունը, այլև այդ ամենի մեղքը բարդել նախկինների վրա, ընդ որում՝ բավականին մեծ հաջողությամբ, որովհետև «ինքն ի՞նչ կարող էր անել, նախկիններն ամեն ինչ հանձնել էին՝ սկսած 1991-ից» տխմարությանը հավատացողներն ահագին շատ են։ 

Թե ինչպես և ինչու դա նրան հաջողվեց՝ ԱԺ ամբիոնից արտասանած իր ելույթներից մեկում ակամայից բացահայտեց ՔՊ-ական պատգամավոր, սաստիկ բարեխիղճ գործարար Խաչատուր Սուքիասյանը։ Փորձելով ընդդիմության «պորտը տեղը դնել» ու պաշտպանել «շեֆին»՝ նա, նախապես վստահություն հայտնելով, որ «Սեյրան Օհանյանը թույլ չի տա ստել», հայտարարեց, թե ղարաբաղյան առաջին պատերազմում մեր հաղթանակն էլ, երկրորդ պատերազմում մեր պարտությունն էլ «պայմանավորված են եղել այլ երկրների հետ»։ Չի բացառվում, որ ուզում էր ասել «պայմանավորված են եղել այլ երկրների հետ մեր և Ադրբեջանի հարաբերություններով» կամ «արտաքին գործոններով», բայց էությունը դրանից չի փոխվում։ 

Իսկ ո՞րն է այդ էությունը։ Ամբողջ երկու տասնամյակ՝ 1998-ից 2018-ը, Հայաստանի իշխանությունները, որոնք այսօր խորհրդարանում ներկայացված են որպես ընդդիմություն, քարոզում էին, թե արցախյան առաջին պատերազմում մեր տարած փայլուն հաղթանակի հետ այն ժամանակվա իշխանությունները կապ չեն ունեցել, շատ դեպքերում՝ նույնիսկ «խաբար չեն եղել» կամ փորձել են խանգարել, բայց մենք, ի հեճուկս նրանց, հաղթել ենք։ Նման իրավիճակում Խաչատուր Սուքիասյանը, եթե փոքր-ինչ ավելի ազնիվ լիներ, ԱԺ ամբիոնից կասեր «դե եթե առաջին պատերազմում մեր հաղթանակի հետ իշխանությունները կապ չեն ունեցել՝ ուրեմն երկրորդ պատերազմում մեր պարտության հետ նույնպես իշխանությունները կապ չունեն»։ Բայց այդ դեպքում պրն Սուքիասյանի շեֆը կբարկանար, որովհետև բոլորն էլ գիտեն, որ իրականում 90-ականների մեր հաղթանակը հենց իշխանությունների շնորհիվ է ձեռք բերվել, հետևաբար՝ 2020-23 թվականների պարտությունների պատասխանատվությունն էլ Նիկոլ Փաշինյանի վզին է։ Դրա համար էլ սաստիկ բարեխիղճ գործարարը «եթե․․․ապա» սխեմայով չի խոսում, նա հաստատապես պնդում է՝ այո, ո՛չ առաջին պատերազմում մեր հաղթանակի, ո՛չ երկրորդ պատերազմում մեր պարտության հետ իշխանությունները կապ չունեն, դրանք երկուսն էլ արտաքին գործոններով էին պայմանավորված։ Եվ ընդդիմությունը ձայն-ծպտուն հանել չի կարող։ Ի՞նչ պիտի ասեն, չէ՞ որ դա 20 տարի շարունակ իրենց տարածած քարոզչության «ծիրին մեջ» է։ 

Բայց ընդդիմության դեմ այս քարոզչական հնարքը կիրառող ու նրանց իրենց իսկ «պրիոմի տակ թողնող» պրն Սուքիասյանը հաշվի չի առել մի հանգամանք․ եթե 90-ականներին «այլ երկրների շնորհիվ» հաղթել ենք, իսկ 2020-23-ին նույն «այլ երկրների դիրքորոշմամբ պայմանավորված՝ պարտվել», նշանակում է՝ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները շատ ճկուն ու խելամիտ արտաքին քաղաքականություն են վարել, իսկ 2020-23 թվականներին՝ հակառակը, հաջողացրել են քարուքանդ անել ամեն ինչ ու փչացնել հարաբերությունները բոլորի հետ։ Իսկ դա իր հերթին նշանակում է, որ պարտության պատճառը եղել է ոչ թե «այլ երկրների դիրքորոշումը», այլ իշխանությունների վարած տխմար արտաքին քաղաքականությունը, որի հետևանքով այդ «այլ երկրների» դիրքորոշումը փոխվել է, ու նրանց ձեռնտու է դարձել Հայաստանի պարտությունը։

Վստահաբար՝ եթե Նիկոլ Փաշինյանը հասկանա, թե իրականում իր հասցեին ինչ լուրջ մեղադրանք է հնչեցնում Խաչատուր Սուքիասյանը, վերջինս միանգամից կկորցնի սաստիկ բարեխիղճ գործարարի կարգավիճակն ու կդառնա ապօրինի գույքի բռնագանձման հոդվածի պոտենցիալ «շահառու»։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3395 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ