Ժամեր անց երկիրը կհայտնվի արտակարգ դրության իրավական ռեժիմի մեջ: Պայմանավորված արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններով՝ շատ բիզնեսներ պարզապես կփակվեն, հազարավոր գործարարներ և նրանց բիզնեսներում աշխատող տասնյակ հազարավոր քաղաքացիներ ի վիճակի չեն լինի կատարել իրենց բանկային պարտավորությունները:
Բայց ԿԲ-ն և իշխանությունները աշխատում են այդ մասին չխոսել: Մինչդեռ դա մարդկանց անհանգստացնող առաջնահերթ խնդիրներից է: Իրավիճակ, երբ շատերը կփորձեն շրջանցել օրենքը, ինչ-որ կերպ աշխատել, որպեսզի չհայտնվեն բանկերի սև ցուցակում:
Դրա փոխարեն ԿԲ-ն և բանկերը կարծես ձեռք առնեն ժողովրդին և կոչ են անում վճարումներն անել տերմինալներով կամ օնլայն: Մեկ ամիս առաջ իշխանությունը հպարտանում էր, որ մեկ շնչին ընկած ՀՆԱ-ով Հայաստանն անցել է Վրաստանին: Վրաստանը հարկային արձակուրդ է տրամադրել փոքր բիզնեսին, իսկ քաղաքացիների վարկային պարտավորությունները հետաձգել երեք ամսով: Ժամանակն է, որ իշխանությունները կոնկրետ քայլեր ձեռնարկեն և ստիպեն բանկերին հետևելու Վրաստանի օրինակին:
Նշենք, որ ստեղծված իրավիճակում սոցիալական պատասխանատվություն ցուցաբերել է միայն «Ամերիա» բանկը: Մնացած բանկերին դեռ չի հուզում երկրում ստեղծված վիճակը: Ատամները սրած վաշխառուի նման իրենք տերն են իրենց փողի ու տոկոսների՝ անկախ վարկառուի վիճակից: