Երեկ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց տվեց հանրային հեռուստատեսությանը: Մեկ ժամից ավել տևած հարցազրույցում վարչապետն անդրադարձավ հարցերի շատ լայն շրջանակի: Սակայն անդրադառնանք հարցերից միայն մեկին: Լրագրողի հարցին՝ ի վերջո, լավացե՞լ է կյանքի որակը, Փաշինյանը թվարկեց բազում տնտեսական ցուցանիշներ, իսկ սկսեց պնդումից, որ այլևս 50 եվրոյով կարելի է գնալ Հռոմ և հետ գալ:
Նախ, կարծում ենք, որ անցած գրեթե երկու տարում կյանքի որակի վերաբերյալ հասարակության հետ երկխոսությունում իշխանությունը թույլ է տվել երկու ֆունդամենտալ սխալ:
Առաջին սխալն այն էր, որ նոր իշխանությունն ամբողջ ծավալով և հետևողական կերպով չներկայացրեց բոլոր այն ավերածությունները, որ կատարել էին նախկին իշխանությունները Հայաստանի տնտեսության հետ: Այդ ավերածությունները միայն չէին սահմանափակվում ճամպրուկներով Բաղրամյան 26 փող տանելով: Դրանք ավելի խորն էին և դեռ երկար են իրենց ազդեցությունը պահելու տնտեսական հարաբերությունների վրա:
Երկրորդ սխալը կախարդական փայտիկ ունենալու խոստումն էր: Չպետք է խոստանալ մի բան, որ չունես: Եթե կախարդական փայտիկը միայն կամքն է հրաժարվել նախկինի պես ճամպրուկներ վերցնելուց, ապա դա շատ փոքրիկ փայտիկ է էական փոփոխությունների հասնելու համար: Ունեցվածքի վերաբախշում տեղի չի ունեցել, բայց նաև չի սասանվել նախկինների տնտեսական հզորությունը: Իսկ դա չի կարող ազդեցություն չունենալ տնտեսության և քաղաքականության վրա:
Ինչ վերաբերում է կյանքի որակին, ապա պետք է նշել, որ նրա բաղկացուցիչ մասն են կազմում ոչ միայն դրամական միջոցները, այլ նաև այն բարոյահոգեբանական և անվտանգային միջավայրը, որի պայմաններում ապրում է քաղաքացին: Կյանքի որակի այս ասպեկտի առումով գործող կառավարության հաջողություններն ավելի ակնառու ու շոշափելի են: Մարդկային արժանապատվության պահպանումը նույնպես կյանքի որակի խնդիր է:
Եթե այլևս ոչ մեկը չի առաջարկում տասը հազար դրամով գնել քո ձայնը, բայց նաև զգուշացնում, որ չվերցնելով անգամ այդ գումարը, միևնույն է, ոչինչ չի փոխվելու, այս իրողությունը չի կարող չդիտարկվել իբրև կյանքի որակի փոփոխություն:
Եթե այլևս օլիգարխների և բարձրաստիճան պաշտոնյաների զավակները և թիկնազորի անդամները չեն կարող փողոցում կամ մեկ այլ տեղ տրորել շարքային քաղաքացու արժանապատվությունը և մնալ անպատիժ, ապա դա նույնպես կյանքի որակի փոփոխության վկայություն է:
Իսկ Հռոմ միգուցե հնարավոր լինի 50 եվրոյով գնալ և հետ գալ, բայց նույն փողով դժվարացել է գնալ Շիրակի մարզի Հոռոմ գյուղ, որովհետև նախկին օլիգարխները և ներկա սեփականատերերը բարձրացրել են ավտոմեքենաների գազալիցքավորման գինը:
Արիս Վաղարշակյան