Անդրադառնալով կրակի դադարեցման վերաբերյալ ռուս խաղաղապահների ներկայացրած առաջարկներին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «այդ տեքստի ձևավորմանը ՀՀ-ն որևէ կերպ չի մասնակցել և քննարկումների կողմ չի եղել»։
Սա արդեն իսկապես անմեղսունակության գագաթնակետն է։ Մարդը ձևացնում է՝ իբր չի հասկանում, որ «այդ տեքստի» կապիտուլյացիոն բնույթն անձամբ իր հնգամյա գործունեության ուղիղ արդյունքն է, այսինքն՝ այդ տեքստը հենց ինքն է «ձևավորել», իսկ ռուսներն ու ադրբեջանցիներն ընդամենը իր «ձևավորածը» շարադրել են թղթի վրա։
Նույն հաջողությամբ որևէ դեգեներատ կարող է, ասենք, սեփական զավակին 3-րդ հարկից ցած նետել, իսկ հետո, երբ բժիշկները վերակենդանացման բաժանմունքում կազմեն մահամերձ երեխայի էպիկրիզը, անվրդով դեմքով եգիպտացորեն կրծել ու ատամները քչփորելով արդարանալ, թե ինքը «էպիկրիզի տեքստի ձևավորմանը որևէ կերպ չի մասնակցել»։ Ճիշտ է, այդ մարդուն անմիջապես զսպաշապիկ կհագցնեն ու կմեկուսացնեն, բայց դե․․․
Հ․ Գ․ Հուսանք՝ իրավապահ մարմինները կհասկանան «բռնության կոչի» և հարկադիր բուժման անհրաժեշտության արձանագրման տարբերությունը։