Հանրային Խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը հայտարարություն և հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին:
Տեղի է ունեցել հետևյալը. Ստյոպա Սաֆարյանը գրել է, որ Նավալնիին թունավորելու կասկածանքով ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի դեմ, իսկ ահա թուրք-ադրբեջանական բանակի վայրագությունների առթիվ լռում է:
Mamul.am-ը Սաֆարյանի այս գրառումը արտատպել է, հետո այն տեղադրել ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի էջում, ու այս գրառման տակ ինչ-որ քոմենթ են գրել, թե Հայաստանի ամենահայտնի գրանտակերներից մեկը զարմացած է, թե ինչու Եվրոպան չի արձագանքում Թուրքիայի գործողություններին, այդ արևմտամետ հիվանդ ուղեղները վերջապես խելքի են գալիս և այլն:
Որից հետո, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի, կրկնում ենք՝ ժուռնալիստների միության նախագահի լրատվամիջոցը վերցնում է Վլադիմիր Սոլովյովի էջում տեղադրված՝ Ստյոպա Սաֆարյանի գրառումը և տակի քոմենթը ու դա հրապարակում հետևյալ վերնագրով. «Վլադիմիր Սոլովյովի արձագանքը՝ Ստյոպա Սաֆարյանի գրառմանը»: Այն դեպքում, երբ այդ արձագանք կոչվածի հեղինակը իրականում Վլադիմիր Սոլովյովը չէ: Այս ամենը Ստյոպա Սաֆարյանը մանրամասն պարզաբանել է և դրա հիման վրա իրավապահ մարմիններից պահանջել միջոցներ ձեռնարկել այս ապատեղեկատվության հեղինակներին պատժելու համար:
Չգիտենք` ինչ կանեն իրավապահ մարմինները, բայց երեկ նույն այս քոչարյանական լրատվամիջոցները մի հայտարարություն էին տարածել, թե փրկեք մեզ, մեզ սահմանափակում են, տոտալիտար «գլավլիտ» են մտցրել և այլն: Բա որ դուք հիմա եք նման մանիպուլյացիաներ անում և մարդկանց վերագրում մտքեր, որոնք չեն հայտնել, մենք նույնիսկ չենք պատկերացնում, թե ինչեր կանեք, եթե կապերն արձակվեն:
Ընդհանուր առմամբ սա ցույց է տալիս, թե ինչպես է վարկաբեկվել լրագրողի աշխատանքը, պրոֆեսիոնալիզմ, պարկեշտություն, բարեխղճություն ասածներից հետք չի մնացել: Ուզում է ռազմական դրություն լինի, ուզում է պատերազմը մեր տների մատույցներին հասնի, սրանց համար՝ ոչ մի նշանակություն: