ԲՀԿ Երիտասարդների Միության նախագահ Աշոտ Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ է ունեցել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կուսակիցների հետ, ովքեր բավականին շատ էին և մեծ հետաքրքրությամբ լսում էին իրենց Առաջնորդի արդարացի տեսակետը երկրում տիրող ծայրահեղ իրավիճակի վերաբերյալ։
Մասնավորապես մի քանի օր է, ինչ նրանք գեներացնում են այն կեղծ և ծիծաղելի միֆը, որ Ռոբերտ Քոչարյանը և ԲՀԿ-ն քաղաքական գործարքի են գնում և մերձեցել են միմյանց հետ։
«Հարգելի՛» իշխանականներ, իսկ ավելի կոնկրետ Ալեն Սիմոնյան, ԲՀԿ-ն հույսը դնում է իր Առաջնորդի, իր նվիրված կուսակցականների, իր պատգամավորների և իրեն աջակցող ժողովրդի վրա։
Պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք ունենք մեր քաղաքական գիծը, որը չի համընկնում Ռոբերտ Քոչարյանի կամ նրա աջակիցների քաղաքական գծի հետ»:
«ՉԻ». Թոփ-թազա աստղ է ծագում հայոց քաղաքական երկնակամարում: Շատ լավ, ջիգյարով տղա է երևում: Սա որ առաջնորդ բառը ամեն նախադասության մեջ հաջողացնում է խցկել ու մեծատառով է գրում, հաստատ հեռուն կգնա, մինչև խորհրդարան: Զգացվում է, որ ահավոր շատ է սիրում Գագիկ Ծառուկյանին, ինչը վաղ թե ուշ գնահատվելու է:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի քաղաքական գծին, ախր ԲՀԿ-ն ստեղծվել էր հենց Քոչարյանի քաղաքական գիծը տանելու համար: ԲՀԿ-ի պատգամավորների 94,32 տոկոսը Քոչարյանի կադրերն են, միգուցե Ծառուկյանն իսկապես անկեղծ կցանկանար սեփական քաղաքական գիծը տանել, բայց թողնողն ո՞վ է: Ասեն՝ միացի իշխանությունների դեմ պայքարին, պիտի միանա, ասեն՝ գնա, հետները կոալիցիա կազմի, ստիպված կոալիցիա կկազմի:
Հ.Գ. Հետաքրքիր է, ի՞նչ չափանիշներով են այս երիտասարդին ԲՀԿ-ի ջահելների ղեկավար դարձրել: Դեմքը ծանոթ է: