ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ Հայաստանի պատմության մեջ ՍԴ-ն միշտ մերժել է համապետական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմության դիմումները, ասել է.
«Ցանկացած երկրում ՍԴ-ի կանխավարկածը և երբ որ նորմի սահմանադրականությունն է քննարկվում, և երբ ինչ-որ վեճ է քննարկվում, ելակետային պետք է համարվի այն, որ անվավեր ճանաչելու հիմքեր չկան: Մեզ մոտ, ցավոք, փաստաբանները գործը լավ չնախապատրաստելով, բավարար ապացույցներ չներկայացնելով, քավության նոխազ են գտնում դատարանին»»,- ասել է նա:
«ՉԻ». Ալվինա Գյուլումյանի տրամաբանությամբ, ստացվում է, որ նորանկախ Հայաստանում բոլոր փաստաբանները անգրագետ են եղել, կամ՝ ցածր որակավորում ունեցող: Այս 25 տարվա ընթացքում չի գտնվել գոնե մի փաստաբան, որը կարողանար նախագահական որևէ ընտրությունների արդյունքները վիճարկող հայց կազմեր ու ներկայացներ Սահմանադրական դատարան:
Ընդ որում, Ալվինա Գյուլումյանը ծպտուն չի հանում այն փաստի վերաբերյալ, որ 2003թ. նախագահական ընտրությունների արդյունքները Ստեփան Դեմիրճյանը բողոքարկել էր ՍԴ, վերջինս էլ որոշում էր կայացրել, որ մեկ տարվա ընթացքում Հայաստանում պետք է անցկացվի վստահության հանրաքվե, սակայն Ռոբերտ Քոչարյանն անտեսեց այդ որոշումը:
Այսինքն, Սահմանադրական դատարանը ընտրությունները ոչ լեգիտիմ ճանաչելու հիմքեր տեսել էր, իսկ ահա Ալվինա Գյուլումյանը՝ ոչ: Բնական է, նախկին տիկին Գյուլումյանին ՍԴ էին գործուղել՝ իրենց ապօրինությունները չտեսնելու համար:
Իսկ ընդհանրապես, Հրայր Թովմասյանի հարցը քննարկելիս, Ալվինա Գյուլումյանին էլ պետք չէ մոռանալ: