...

Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին

Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին

«Դժվար է մոռանալ, երբ դեռևս 2013 թվականին Գևորգ Կոստանյանը նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազ և առաջադրեց կոռուպցիայից զերծ մնալու իրական պահանջը: Իր բոլոր ոչ մասնագիտական թերություններով հանդերձ՝ նրա գործելակերպը դատախազությունում կոռուպցիայի կանխարգելման և այդուհետ նման «դավանանք» ունեցողներին ինքնությունը չպարզված հոր զավակ համարելու՝ մինչև օրս պահպանվող գործընթացի հիմք ու մեկնարկ հանդիսացավ: Իսկ ներկայումս, նրա ենթադրյալ անհաջողությամբ հատկապես անթաքույց ուրախություն են ապրում հեղափոխական գաղափարների առաջամարտիկ և ջատագով ձևացող խրոնիկ կաշառակերները, քաղբանտարկյալի հավակնություն ցուցաբերող՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար քրեական պատասխանատվության ենթարկված կամ այլ կերպ ինքնարտահայտված դավաճանները: Թեև մերօրյա իրականությունն է նրանց այդպիսի առիթ ընձեռում, սակայն պետք է հիշել, որ ոչինչ հավերժական չէ, փոքր հայրենիք է, բոլորը միմյանց ճանաչում են՝ անկախ պատվերներից և հետհեղափոխական «համարձակությունից», իսկ դատավարական մեղադրանքը երբեմն հարաբերական է լինում, քանի որ իրավագիտությունը ցավոք ճշգրիտ գիտությունների շարքին չի դասվում, առավել ևս՝ հաճախ այդ մասնագիտությամբ զբաղվելու հնարավորություն են ստանում նաև միջինից ցածր մտավոր պոտենցիալ ունեցող և իրենց ճանապարհը քծնանքով հարթելուն վարժված անձինք»:  

Գրառման հեղինակը ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գծով վարչության պետ, Շիրակի մարզի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանն է:

«ՉԻ». Սա մասնավոր կարծիք չէ, անգամ Ասլանյանին պաշտոնից հեռացնելով խնդիրը չի լուծվի: Նա մենակ չէ, իր պես «մտահոգներ» հարյուրներով կան իրավապահ համակարգում և մասնավորապես՝ դատախազությունում: Դա է պատճառը, որ նախկին հանցագործությունները չեն բացահայտվում:

Պարոն դատախազ, ինչ կապ ունեն «կաշառակերները», եթե Կոստանյանին կոնկրետ մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնական փաստաթղթեր կեղծելը: Այդ ինչպես է Կոստանյանը պայքարել կոռուպցիոներների դեմ, եթե նրա օրոք ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չի դատապարտվել:

Բայց Ասլանյանի և դեռևս մյուս չբացահայտվածների նման վարքագծի գլխավոր մեղավորը իշխանությունն է: Առանց լուրջ վեթթինգի, հավատալ միայն գլխավոր դատախազ Դավթյանի բանավոր խոսքին, որ այսուհետ իրենց մոտ ամեն ինչ լավ կլինի, բերում է այն իրավիճակին, ինչ ունենք: 

Մեկ բանում է ճիշտ դատախազը: Իսկապես փոքր հայրենիք է և բոլորն են հիշում, թե ինչ վարքագիծ էին դրսևորում Ասլանյանը և նրա շեֆ Կոստանյանը 2015 թվականի հունվարին, երբ Գյումրիում գնդակահարվեց Ավետիսյանների ընտանիքը: Այո, վեթթինգ է հարկավոր, որպեսզի պարզվի՝ Ասլանյանը ՀՀ քաղաքացի՞ է, թե մի ուրիշ երկրի, քանի որ շատ մոլեռանդորեն էր պաշտպանում Ռուսաստանի շահերը:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   93475 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ