ԱԺԲ խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանի որդին՝ Դավիթ Ավետիսյանը, որը կալանավորվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին վիրավորելու և հայհոյելու մեղադրանքով, այսօր դուրս գալով ձերբակալվածների պահման վայրից և պատասխանելով հարցին՝ զղջո՞ւմ է իր արարքի համար, ասել է. «Ես զղջում եմ, որ ավելին չեմ արել, միայն բավարարվել եմ ճշմարտությունով։ Այն, ինչ վիրավորանք կամ հայհոյանք կարող է ինքը համարել, դա այդպես չէ, քանի որ ընդամենը ճշմարտությունն եմ ասել և զղջում եմ, որ ավելին չեմ ասել»:
«ՉԻ». Ահա և առիթը եկավ Նիկոլ Փաշինյանին հիշեցնելու, թե ինչ էր նա անում և ասում, երբ 2016-ին «Սասնա ծռերը» գրավել էին ՊՊԾ գունդը:
Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը, որը «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավարն էր, գնաց ՊՊԾ գունդ, հանդիպեց «Սասնա ծռերի» անդամների հետ, հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ սխալ է իրավիճակը գնահատել քրեական օրենսգրքով։
«Եթե մենք այս իրավիճակը պետք է գնահատենք քրեական օրենսգիրքը բացելով և ցիտելով, սա նշանակում է, որ մենք ճիշտ չենք հասկանում տեղի ունեցողի դրդապատճառները։ Ինձ համար անընդունելի են նաև այն ձևակերպումները, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներին փորձ է արվում ներկայացնել ուղղակի ահաբեկիչ»:
Ըհը, հիմա ինչ-որ քաղաքացիներ մոտենում են Նիկոլ Փաշինյանին և հայհոյում, վիրավորում: Ու դրա համար նրանց դատում են, կալանավորում են: Ու առաջին մարդը, որը դա չպետք է թույլ տար, հենց Նիկոլ Փաշինյանն է: Ինքը պետք է ասեր՝ գիտե՞ք ինչ, եթե ինձ կամ այլ պաշտոնյաների վիրավորելու, հայհոյելու այս իրավիճակը գնահատենք քրեական օրենսգիրքը բացելով և ցիտելով, սա նշանակում է, որ մենք ճիշտ չենք հասկանում տեղի ունեցողի դրդապատճառները:
Ի՞նչ է եղել. 2016-ին մտել են ՊՊԾ գունդ, զինված գործողության արդյունքում ոստիկաններ են սպանվել, ու Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ սխալ է նրանց հանդեպ կիրառել քրեական օրենսգիրքը, պետք է հասկանալ դրդապատճառները:
Բա հիմա մարդ չեն սպանում, ընդամենը հայհոյում են, մինչև նրանց հանդեպ քրեական օրենսգիրք կիրառելը գուցե հասկանա՞ք տեղի ունեցողի դրդապատճառները: Էս մենք չենք ասում, էս ձեր խոսքերն ենք կրկնում: